Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բաց նամակ տիկին Անահիտ Բախշյանին

Փետրվար 23,2017 16:52

Հարգելի տիկին Բախշյան

Ֆեյսբուքյան Ձեր անձնական էջին փետրվարի 20-ին կատարած գրառման մեջ, ինչպես նաև առանձին լրատվամիջոցների հետ զրույցներում Դուք ակնկալում եք, որ «Քաղծառայության վարչության պետ» Մանվել Բադալյանը բացատրություն տա ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից Սեդրակ Սեդրակյանի ազատման կապակցությամբ: Դուք նշում եք, որ վերջինս 2002թ.-ից զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն՝ զուգահեռ հանդիսանալով «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրեն և այնտեղից ստանալով աշխատավարձ, ինչից եզրակացրել եք, որ դրանով խախտվել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը:

Նախ՝ քանի որ հանդես եք եկել Ձեր անձնական տարածքում և որպես քաղաքացի, թույլ տվեք Ձեզ դիմել ըստ այդմ: Ամենայն հարգանքով հանդերձ ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ «Քաղծառայության վարչության պետի» պաշտոն չկա: Թերևս նկատի եք ունեցել ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին:

Երկրորդ՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետն ի սկզբանե ոչ թե քաղաքացիական ծառայության, այլ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն է: Իսկ վերջինիս հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքով: Ի դեպ, այդ օրենքը գործում է 2007թ.-ից, իսկ մինչ այդ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմում առհասարակ քաղաքացիական հատուկ ծառայության, առավելևս քաղաքացիական ծառայության պաշտոններ չեն եղել: Թյուրիմացությունը, հավանաբար, առաջացել է Ձեր կողմից որպես հղում ներկայացված «Ա1+» համացանցային լրատվամիջոցի «Մարտիկ» հիմնադրամը 2002 թվականից տնօրինել է ՊՆ պաշտոնյան» վերտառությամբ հրապարկման մեջ տեղ գտած այն անճշտության կամ ապատեղեկատվության պատճառով, ըստ որի, ՊՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետը քաղաքացիական ծառայության պաշտոն է, որի վրա տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի «ա» կետով սահմանված սահմանափակումը, ըստ որի  քաղաքացիական ծառայողն իրավունք չունի կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի լիազորությունները «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքի համատեքստում սահմանափակվում են միայն քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը և պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատելով: Այդ ոլորտում Խորհուրդը չի հանդիսանում ղեկավարման և կազմակերպման մարմին, հետևաբար ՊՆ աշխատակազմում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններն զբաղեցնելու, պաշտոններից ազատելու, աշխատակազմում կադրային գործի վարման օրենսդրական պահանջների (ներառյալ նաև քաղաքացիական հատուկ ծառայողներին ներկայացվող սահմանափակումների մասով) պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հետ կապված իրավահարաբերություններում որևէ դերակատարում չունի և չի տիրապետում այդ պաշտոններն զբաղեցնողների տվյալներին, անձնական գործերին:

Այսուհանդերձ, թե՛ որպես ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ և թե՛ որպես քաղաքացի, Մանվել Բադալյանը կիսում է գրառման ենթատեքստում արտահայտած Ձեր մտահոգությունը. անթույլատրելի է առհասարակ ցանկացած ապօրինություն, այդ թվում նաև օրենքի պահանջների խախտմամբ պաշտոն զբաղեցնելը, եթե, իհարկե, ապօրինություն թույլ տալու հանգամանքը հաստատված է:

 

Հարգանքով՝   Գոռ Աբրահամյան

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն Խ Ո Ր Հ ՈՒ ՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի սահմանափակումների համար «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքը օգտագործում է քաղաքացիական ծառայության կարգավորումները (հոդված 25), ինչը նշանակում է, որ տ. Բախշյանի ասածը մնում է ուժի մեջ, այնպես որ տ. Բախշյանը մեծ սխալ չի գործել՝ դիմելով Քաղծառ-ն խորհրդի նախագահին: Իսկ վերջինիս մնում էր «գնալ» նամակի հետքերով՝ դիմելով ՊՆ-ին և ոչ թե «դաս տալ» իր խոսնակի միջոցով:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728