Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյան. «Փետրվարի 20-ին Սահմանադրության հանրաքվեով մենք վերահաստատեցինք 1988թ. փետրվարյան օրերի ազատագրական պայքարի մեր գլխավոր բանաձեւումը »

Փետրվար 23,2017 15:21

Փետրվարի 23-ի Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը գումարել է 5-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը:

Մուտքի խոսքում, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է 2017թ. հունվար-փետրվար ամիսներին խորհրդարանի կատարած աշխատանքները և անդրադառնալով Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին` շնորհավորել է բոլորին Սահմանադրական բարեփոխումների գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու և այն իր տրամաբանական ավարտին հասցնելու կապակցությամբ:

«Փետրվարի 20-ին Սահմանադրության հանրաքվեով մենք վերահաստատեցինք 1988թ. փետրվարյան օրերի ազատագրական պայքարի մեր գլխավոր բանաձեւումը՝ իր պատմական հայրենիքում ազատ ու ինքնիշխան ապրելու մեր ժողովրդի վճռականությունը»,- նշել է ԱԺ նախագահը:

ԱԺ 5-րդ նստաշրջանի առաջին նիստում հաստատվել են փետրվարի 20-ի լրացուցիչ ընտրություններով  թիվ 5 ընտրատարածքից ընտրված Վիլեն Սաֆարի Սաֆարյանի պատգամավորական լիազորությունները:

Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագրով Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը նախորդ տարի նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ինչի արդյունքում, ԱԺ Կանոնակարգի համաձայն, դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները:

Անցնելով օրակարգային մյուս հարցին՝ խորհրդարանը որոշում է ընդունել ԱԺ հինգերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Քվեարկության արդյունքներով հաշվիչ հանձնաժողովի կազմում վերընտրվել են Ռամելա Դադայանը, Լյուդմիլա Բարսեղյանը և Գագիկ Բաղունցը:

2016 թվականի գործունեության մասին հաղորդումներ են ներկայացրել ԼՂՀ Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը և ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը:

Պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին և ստացել համապատասխան պարզաբանումներ:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Հայկ Խանումյանը, Ռամելա Դադայանը, Արսեն Առստամյանը և Վարդգես Բաղրյանը:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է, և, համաձայն ԱԺ Կանոնակարգ օրենքի, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728