Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը եւ Սամվել Ֆարմանյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության անդամների հետ, ովքեր փետրվարի 21-24-ը դիտարկելու են ՀՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլը: Հանդիպման առանցքում եղել են Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները եւ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի բարեփոխումը:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարեւորել է դիտորդական առաքելությունների դերակատարությունը հանրապետությունում տեղի ունեցող ընտրությունների եւ հանրաքվեների ընթացքում: Նա նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունն առաջինն է, որն անցկացվելու է ՀՀ նոր Սահմանադրությամբ եւ Ընտրական օրենսգրքով:
Տիկին Նաղդալյանը նշել է, որ ՀՀ իշխանությունների նպատակն է անցկացնել օրինական, արդար եւ ազատ ընտրություններ, ինչի հնարավորությունն ընձեռում են իրականացված բարեփոխումները, եւ որոնց գերակշիռ մասն իրականացվել է իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխհամաձայնությամբ: Այս համատեքստում նա նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը ենթարկվել է արմատական փոփոխությունների, ինչի արդյունքում բացառվելու են կրկնակի քվեարկությունների անցկացումը, տարբեր ընտրակեղծիքներն ու «հաղթողն ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ» սկզբունքը: Ըստ նրա՝ իրականացված լուրջ փոփոխությունները նպաստելու են հանրության շրջանում վստահության պակասի հաղթահարմանը, իսկ քաղաքական ուժերի ընտրապայքարը լինելու է մրցակցային եւ բովանդակալի: Տիկին Նաղդալյանը մանրամասն ներկայացրել է ԸՕ-ում կատարված սկզբունքային փոփոխությունները, խոսել համամասնական ընտրակարգից, խորհրդարանական կառավարմանն անցումից, խորհրդարանական ընդդիմությանը վերապահված իրավունքներից եւ այլն: Ընդգծվել է, որ ներդրվել են ընտրական գործընթացի հսկողության առավել թափանցիկ մեխանիզմներ, խստացվել է ընտրակեղծիքների համար պատասխանատվությունը, ներդրվել են ընտրողների նույնականացման եւ գրանցման թվային համակարգեր: Ընդդիմության պահանջին ընդառաջելով՝ կհրապարակվեն նաեւ ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակները:
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի-Պասքիեն տեղեկացրել է, որ արդեն իսկ ունեցել են մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում դժգոհություններ են հնչել Ընտրական օրենսգրքի որոշ հոդվածների, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ: «Արդյոք արդարացված է այս համակարգի առկայությունը Հայաստանի պես փոքր երկրում»,- հետաքրքրվել են հյուրերը:
Կարդացեք նաև
Այս եւ այլ հարցերի կապակցությամբ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը եւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է մասնավորապես Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին եւ կարեւորել ընտրական գործընթացը տեսանկարահանելու դրույթը եւ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը, սակայն անընդունելի համարել ռեյտինգային ընտրակարգ ներդնելը, ինչը, նրա համոզմամբ, ընտրակեղծարարության համար նպաստավոր է եւ վտանգավոր:
Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ նոր ԸՕ-ը մեկ քայլ առաջ է նախորդից, սակայն կենսագործման արդյունքում ի հայտ են գալու խնդիրներ՝ կապված ցուցակների հրապարակման հետ:
Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է ռեյտինգային ընտրակարգի ներդմանը եւ նշել, որ, իհարկե, այդ համակարգը լավագույնը չէ, սակայն այն հնարավորություն է տալու, որպեսզի մարզերից ընտրվեն բնակչության վստահությունը վայելող թեկնածուները: Նա եւս կարեւորել է դիտորդական առաքելությունների դերակատարությունը եւ ընդգծել է իշխանության դիրքորոշումը՝ անցկացնելու օրինական եւ ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրություններ:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն