Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոբացիայի ծառայության աշխատանքներում կամավորներ կներգրավվեն

Փետրվար 23,2017 14:40

ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը,  սահմանվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը: Ըստ այդմ՝ կարգավորվում են նաև որպես կամավոր ներգրավվելու ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, լիազորությունների դադարեցման և դադարման հիմքերը: Պրոբացիայի ծառայության կամավորների ինստիտուտի շրջանակում վերջիններս կփորձեն սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական ծրագրեր իրականացնելու միջոցով նպաստել հանցանք կատարած անձանց վերասոցիալականացմանը և խթանել հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանը: Արդյունավետ վերասոցիալականացումը կնպաստի նաև կրկնահանցագործության նվազեցմանը: Պրոբացիայի ծառայության գործունեությունում կամավորների ակտիվ ներգրավմամբ հնարավոր կլինի որոշակի չափով լուծել պրոբացիայի ծառայության ոլորտում ֆինանսական միջոցների և կադրերի անբավարարության, ռեսուրսների ճիշտ տեղաբաշխմանն ու տնտեսմանը վերաբերող հարցերը:

Գործադիրը հավանություն է տվել  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու վերաբերյալ քրեաիրավական դրույթները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին: Փոփոխություններով և լրացմամբ առաջարկվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործումը դիտարկել ոչ միայն շահադիտական դրդումներով կատարելու, այլև անձնական այլ շահագրգռվածության և խմբային շահերի հետ: Բացի այդ, առաջարկվում է խնդրո առարկա հանցակազմի գործողությունը տարածել նաև այն դեպքերի վրա, երբ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործվել է ի շահ երրորդ անձանց:

Հաստատվել է «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026թթ. կառավարման պլանը

Կառավարությունը հաստատել է «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026թթ. կառավարման պլանը և կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները:  Կառավարման պլանի գերակա նպատակն է ազգային պարկի գոտիավորումը առավելագույնս համապատասխանեցնել Բնության պահպանության միջազգային միության 2-րդ կատեգորիայի համար սահմանված չափորոշիչներին: Սա նշանակում է, որ ազգային պարկի ընդհանուր տարածքի 75  %-ը պետք է կառավարվի այդ դրույթներին համապատասխան: Ըստ Համաշխարհային բանկի, մոլորակի ամենաշատ, բայց թերի գնահատված բնական ակտիվները թերևս գտնվում են զարգացող երկրների ազգային պարկերում, որոնց ճիշտ գնահատումը և առևտրայնացումը հնարավորություն է տալիս վերանայել դրանց կարևոր տնտեսական արժեքը: Պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կարող է կարևոր դեր խաղալ այս գործում, քանզի այն առաջարկում է քաղաքականության հզոր գործիք՝ բարելավել պարկերի տնտեսական կայունությունը և ծառայությունների որակը, ներգրավել արդյունավետ ներդրումներ և դրա միջոցով նպաստել կենսաբազմազանության պահպանման հիմնական գործառույթի իրագործմանը: Արդյունքում՝ էկոզբոսաշրջության կայուն զարգացումը կնպաստի գյուղական զարգացմանն ուղղված տարբեր միջոցառումների արդյունավետ իրականացմանը և կունենա տնտեսական զարգացման մուլտիպլիկատիվ ազդեցություն: Վերլուծությունների հիման վրա սահմանվել են ազգային պարկի գերակայությունները և զարգացմանն ուղղված միջոցառումները: «Դիլիջան» ազգային պարկի ընթացիկ աշխատանքների և սույն կառավարման պլանի իրականացման համար կառավարության համապատասխան  որոշմամբ նախատեսվում է վեց ծրագիր:

Կիրականացվեն ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված լայնածավալ  ծրագրեր

 Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի էնդ Սայնս դայնամիքս» ընկերության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագրին: Այն կնպաստի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտի մրցունակության զարգացմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:  Պետական-մասնավոր համագործակցության հիման վրա նախատեսվում է իրականացնել լայնածավալ զարգացման ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ժամանակակից տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծմանը, ֆինանսական գործիքների ներդրմանը, ձեռներեցության խթանմանը, կարողությունների զարգացմանն ու արտադրողականության բարձրացմանը, տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանը և օտարերկրյա ներդրումների խթանմանը: Նախատեսվում է նաև օգտագործել և ներգրավել սփյուռքի մարդկային և կառուցվածքային ռեսուրսները: Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացման և խթանման ապահովման նպատակով պետական և մասնավոր հատվածի գործընկերության միջոցով թիրախային շուկաներում կստեղծվեն ներկայացուցչություններ: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 3 մլն ԱՄՆ  դոլարի ներդրում:

Այլ որոշումներ

 ՀՀ Սյունիքի, Արմավիրի և Շիրակի մարզերում նախատեսված առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Ըստ հիմնավորման՝ 2016-2017թթ. ձմռան ամիսներին հանրապետության գետավազաններում կուտակված բավական քանակությամբ ձյան պաշարը գարնան ամիսներին ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ու հորդառատ անձրևների պարագայում՝ գետերի ու հեղեղատարների խոցելի տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ չիրականացնելու դեպքում, սելավների ու հեղեղումների աղետաբեր ներգործությունը կարող է հանգեցնել հսկայական նյութական վնասների:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա  քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանն աջակցելու նպատակով գործադիրի որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին:

Կառավարությունը որոշել է Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին  ամրացված տարածքը նվիրաբերել Երևանի համայնքին՝ Նուբարաշենում նոր մանկապարտեզ հիմնելու  նպատակով:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728