Լրահոս
Օրվա լրահոսը

Կհանվի տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը   

Փետրվար 23,2017 14:34

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գործադիրը հավանություն է տվել  Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին և հաստատել դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Հայեցակարգը, մասնավորապես, անդրադառնում է Ճանապարհային ոստիկանության համակարգում առկա իրավիճակին և խնդիրներին,տվյալ  խնդիրների լուծման հիմնական ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին և ակնկալվող արդյունքներին:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է համակարգի բարեփոխումներին ուղղված 24 միջոցառում, ինչը  կնպաստի  բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի, ճանապարհային պատահարների թվի և հետևանքների նվազեցմանը, վարչական բեռի թեթևացմանը: Այն մշակվել է 2016թ. նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով: Մասնավորապես՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացման, որոշումների կայացման և վարչական տույժերի կատարման ոլորտում առաջարկվող լուծումները նախատեսվում է իրականացնել 3 ուղղություններով՝ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարույթի իրականացման համակարգ, տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտ, վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու և որոշումներ կայացնելու գրավոր (ձեռագիր) եղանակ: Մասնավորապես՝ առաջարկվում է  հանել (դադարեցնել) տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը:

Արդյունքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվարկման և գանձման առավել պարզ և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել արդյունավետ համակարգ, ինչը հնարավորություն կտա ճշգրիտ կիրառել վճարային կազմակերպությունների կողմից տուգանքի վճարումն ընդունելու՝ Ճանապարհային ոստիկանությունից տվյալներն առցանց ստանալու և դրա հիման վրա վճարումն ընդունելու համակարգը, որը կբացառի տուգանքների կրկնակի վճարման պահանջ ներկայացնելը կամ վճարված լինելու դեպքում տուգանքը հարկադիր կատարման ներկայացնելը: Առաջարկվում է նաև մշակել և պիլոտային եղանակով 10 պարեկային ավտոմոբիլներում ներդնել էլեկտրոնային եղանակով վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համակարգ, և հետագայում, կախված պիլոտային ծրագրի իրականացման արդյունքներից, շարունակել կամ դադարեցնել ծրագրի իրականացումը: Ճանապարհային երթևեկության կազմակերպման ոլորտում առկա խնդիրների լուծման աշխատանքները կիրականացվեն հետևյալ 4 ուղղությամբ՝ Երևան քաղաքում տեղադրված լուսացույցների (հատկապես՝ լրացուցիչ սեկցիա ունեցող) տեսանելիության ապահովում, Երևան քաղաքում չկարգավորվող հետիոտնային անցումների անվտանգության մակարդակի բարձրացում,  քաղաքային համայնքների (հատկապես՝ Երևան քաղաքի) և ավտոմոբիլային ճանապարհների ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաների կազմում և հաստատում,  Երևան քաղաքի խաչմերուկներում մուտքային և ելքային հոսքերի ուղիների քանակի հավասարության, ինչպես նաև ձախ շրջադարձն առանձնացված երթևեկելի գոտուց կատարելու միջոցով խցանումների և խաչմերուկներում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում:  Կարեն Կարապետյանը հանձնարարել է նախատեսվող  փոփոխությունների վերաբերյալ հնարավորինս իրազեկել  քաղաքացիներին:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարության որոշումներով  բավարարվել են  «Պրոֆպանել» և «Էսկո-ֆարմ» Որոշման նպատակն է թույլատրել «Արմենիա վայն գործարան» ՍՊԸ-ների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Դրանք չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությունների անհրաժեշտ տեխնիկական չափանիշները։ «Պրոֆպանել»  ներմուծվող հումքերն ու նյութերն օգտագործվելու է արևային մարտկոցների արտադրության համար։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կազմելու են՝ 4 մլրդ 500 մլն ՀՀ դրամ։ Ներդրումները կկազմեն 250 մլն ՀՀ դրամ։ Իսկ «Էսկո-ֆարմ» ՍՊԸ ներմուծվող հումքը և նյութերն օգտագործելու է դեղագործության ոլորտում։ Ընկերությունը կանխատեսում է իրականացնել մոտ 247 մլն 120 հազար ՀՀ դրամի ներդրում։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Կառավարությունն ընդունել է նաև ներդրումային ծրագրի շրջանակում «Ռոյալ Ռուս»,  «Ավալանժ»,  «ԱՆԴ» «Վիսավտ» ՍՊԸ-ների կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին որոշումներ: «Ռոյալ Ռուս» ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում զբաղվել ծխախոտի արտադրությամբ։ Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 0,5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 205 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ: «Ավալանժ» ընկերությունը նախատեսում է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում զբաղվել ջերմոցային տնտեսությամբ՝ բարձրակարգ վարդեր աճեցնելու նպատակով։ Ընկերությունը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 160 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 47,5 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 20 աշխատատեղ: «ԱՆԴ» ընկերությունը նախատեսում է զբաղվել այգեգործությամբ (խնձորի այգիներ) և մեղվաբուծությամբ: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 37,9 մլն ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 28,3 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 36 աշխատատեղ: «Վիսավտ» ընկերության նպատակն է ԼՂՀ, Շահումյանի շրջանի Թարթառ գետի վերին հատվածում կառուցել 1,2 ՄգՎտ փոքր հիդրոէներգոկասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրաէներգիա: Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 4,6 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 1 մլրդ ՀՀ դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 20 աշխատատեղ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ «Ֆիկուս պակս Սի Այ Էս» ՍՊԸ-ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՈ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ նորարական տեխնոլոգիաներով փաթեթավորման նյութերի արտադրության իրականացման համար: Նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ արտադրությունը կազմակերպելիս մաքսիմալ կնվազեցվի բնությանը հասցվող վնասները՝ կրճատելով անցանկալի անտառհատումները և թունավոր արտանետումների ծավալը։ Նախատեսվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալը կկազմի մոտ 1,3 մլն ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում`  շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են` ԱՄԷ, Հնդկաստան, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ։ Ծրագրի շրջանակում (5 տարում) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար։ Առաջին տարում կստեղծվի 5 նոր աշխատատեղ` 200 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով, իսկ 5-րդ տարում՝ ավելի քան 20 նոր աշխատատեղ։

Առողջ զինվոր` առանց ծխախոտի

«Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից, ինչպես նաև ՀՀ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից ելնելով՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներներում:  Փոփոխությունների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: Նման որոշում ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև վերջին տարիներին ՀՀ զինված ուժերում ծխելու դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումներով, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարությունում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրով: Անդրադառնալով հարցի վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է. «Խոսքը վերաբերում է տվյալ դեպքում պայմանագրային զինծառայողներին, քանի որ  ժամկետային զինծառայողների ծխախոտի խնդիրը փոխհատուցվել է գումարով դեռ տարիներ առաջ, և նրանք ծխախոտ չեն ստացել: Պայմանագրային զինծառայողներին հաշվարկվել է օրական մեկ տուփ ծխախոտ մարտական դիրքերում գտնվելու ընթացքում, որը, մեր գնահատմամբ, չի տեղավորվել և´  ընդհանուր քաղաքականության, և´ տրամաբանության մեջ: Մենք առաջարկեցինք, որ այդ նույն գումարը, որը ծախսվել է այդ ծխախոտը ձեռք բերելու համար, ավելացնել դրանց կողմից ստացվող հավելավճարի մեջ, որպեսզի նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու, իսկ նրանք, ովքեր ծխում են, կարողանան ընտրել իրենց նախընտրած  ծխախոտը  կամ այդ գումարն օգտագործել իրենց հայեցողությամբ որևէ այլ նպատակով»:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728