Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանը լավ կիմանա, թե ստվերում ով ինչ է պայմանավորվում». Արայիկ Հարությունյան

Փետրվար 23,2017 14:14

Քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ բացասական կանխատեսումներ ունեն, որ առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները չեն լինելու ազատ և արդար:

«Մեդիա կենտրոնում» այս թեմայով հրավիրված քննարկմանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ներկայացնող Ստեփան Սաֆարյանը ահազանգեց. «Խնդիրներից մեկը իշխանության քաղաքական կամքն է, որը չկա, արդեն բազմաթիվ ահազանգներ կան ընտրակաշառքների և ընտրողների վրա այլ ճնշումներ գործադրելու վերաբերյալ, այժմ չենք տեսնում, որ իշխանությունը կանխում է այս խուլիգանությունը»:

«Հայ ազգային կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ Արամ Մանուկյանը, անդրադառնալով նոր ընդունված Ընտրական օրենսգրքին՝ մտավախություն հայտնեց, որ այն միանգամյա օգտագործման է և հաջորդ ընտրություններին կիրառելի չի լինի: Նրա համոզմամբ՝ ձախողվելու է հատկապես ընտրությունների՝ հաշվման գործընթացը, քանի որ դա ֆիզիկապես ապահովել հնարավոր չի լինելու. «Արդեն կատակում են, թե ամեն կուսակցության պիտի տան, որ ինքն իր ձայները հաշվի»:

Արամ Մանուկյանի մյուս կանխատեսումն այն է, որ կես միլիոնից պակաս կլինի քվեարկողների թիվը, քանի որ չեն քվեարկի բոլոր այն մարդիկ, որոնք Հայաստանում չեն եղել, բայց նախկինում նրանց փոխարեն քվեարկվել է: Ըստ Արամ Մանուկյանի՝ մարդկանց 60-70 տոկոսը թքած ունի ընտրությունների վրա, և այս ընտրություններում հաղթելու է սոցիալական լարվածությունն ու աղքատությունը. «Խոստումներով ընկել են ժողովրդի ջանին, սա ամենաայլանդակ նախափուլն է, որ երբևէ ունեցել ենք: Միակ լուծումն է այն, որ բոլորին ժողովուրդն ասի «այո», բայց գնա իր ընտրությունն անի»:

«Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, թե ինչ Ընտրական օրենսգիրք էլ իշխանությունների ձեռքում դնես, եթե նրանք կամք չունեն ընտրություններն՝ ըստ օրենքի անցկացնելու, ապա այդ ընտրությունները կկեղծվեն. «Արդեն ազդանշաններ կան, որ ընտրությունները կեղծվելու են: Նիկոլ Փաշինյանը երեկ թվեր էր ստացել 7000 հոգու՝ մի ընտրատարածքից մյուս տեղաշարժի մասին»:

Դառնալով ֆինանսական ռեսուրսներին՝ նա օրինակ բերեց Սամվել Ալեքսանյանին, որ թիվ 3 ընտրատարածքում է առաջադրված և հսկայական գումարներ է ծախսում: Այնուհետև հարց բարձրացրեց. «Եթե ԱԺ պատգամավորի աշխատավարձը տարեկան 6 միլիոն դրամ է, ապա ինչպե՞ս է մեկ շտաբի վրա տասնյակ միլիոններ ծախսում»:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ եթե իշխանությունները ցանկանում էին, որ այս ընտրությունները լինեին մեկ քայլ առաջ, ապա օդիոզ դեմքերին չպետք է առաջադրեին: Նա օրինակ բերեց Առաքել Մովսիսյանին ու շեշտեց, թե նա գեթ մեկ անգամ ամբիոնին չի մոտեցել և իր՝ ոչ միանշանակ վարքագծով է հայտնի, ու հիմա էլ ունեն ահազանգեր, որ նա ահաբեկում է գյուղացիներին:

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձեց, թե այդ օդիոզ դեմքերից կան բոլոր կուսակցություններում: Այնուհետև փորձեց հավաստիացնել, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնողը հենց եղել են իշխանությունները, ինչը հնարավորություն է ստեղծում, որ այս ընտրությունները լինեն մեկ քայլ առաջ. «Ընդդիմությունից էլ չեն ժխտի, որ ընտրատեղամասում բոլոր հնարավորությունները ստեղծվել են ընտրությունները հրապարակային անցկացնելու համար: Այն, ինչ կատարվում է ընտրատեղամասից դուրս, դժվար է ընտրակաշառքի բաժանում անվանելը: Բայց ես, միևնույն է, դրա կողմնակիցը չեմ: Ամեն ինչ կապել իշխանությունների հետ սխալ է, կուսակցության ղեկավարությունը գնում է նրան, որ այս ընտրությունները լինեն շատ հրապարակային և մի լայն քայլ առաջ»:

ՀՅԴ կուսակցության անդամ Արտակ Սարգսյանը հավաստիացրեց. «Մենք, լինելով իշխանության մեջ, երբեք գումար չենք առաջարկել քաղաքացուն և այդպես էլ շարունակելու ենք, մեր ռեսուրսը մեր կուսակցության ցանցն է, մեր համակիրները»:

ՀՅԴ-ականը հորդորեց ազնիվ լինել ու ընդունել, որ եթե մարդն ունի հացի խնդիր, ապա ընտրակաշառք վերցնելու ռիսկայնությունը բարձր է. «Եթե ուզում ենք արմատապես լուծել ընտրակաշառքի խնդիրը, պետք է լուծենք ՀՀ սոցիալական խնդիրները»:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի այն հայտարարություններին, թե միայն ՕՐՕ-ն է, որ իշխանությունների կողմից վերահսկելի չէ, քանի որ մյուս բոլոր ուժերն արդեն տոկոսներ են պայմանավորվել, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Բոլոր քաղաքական ուժերն իրենց դիրքն ընդգծելու համար կարող են նման հայտարարություններ անել: Համաձայն չեմ»:

Արայիկ Հարությունյանն էլ անիմաստ համարեց արձագանքել այն դեպքում, երբ քեզ, ասենք, մեղադրում են կոկորդիլոս լինելու մեջ: Իսկ Սամվել Բաբայանի մասին ասաց, թե նա սիրում է ստվերային գործունեություն ծավալել ու լավ կիմանա՝ ստվերում ով ինչ է պայմանավորվում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728