Լրահոս
Օրվա լրահոսը

Դենիս Դվորնիկով. «Հանրաքվեն Արցախի ժողովրդի համար մանիֆեստ էր» (Տեսանյութ)

Փետրվար 23,2017 13:52

«Հանրաքվեն անցավ շատ բարձր մակարդակով`թե կազմակերպական իմաստով, թե նմանօրինակ միջոցառումների իրականացման համար սահմանված միջազգային նորմերի տառին համապատասխան լինելու իմաստով: Այն ցույց տվեց, որ բոլոր ժողովրդավարական ինստիտուտներն այդ պետությունում, բնականոն աշխատում են»,- «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում Արցախում կայացած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին այսօր կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Դենիս Դվորնիկովը: Վերջինս դիտորդական առաքելություն է իրականացրել`ԼՂՀ խորհրդարանի ղեկավարության հրավերով:

Հանրաքվեի արդյունքը`արցախցիների մասնակցության իմաստով, քաղաքագետը տպավորիչ է համարում: Հանրաքվեին մասնակցել է բնակչության 76 տոկոսը: Քաղաքագետի դիտարկումներով, մարդիկ սիրով գնում էին պետական կառավարման մեքենայի գործունեության համար ուղղումներ եւ շտկումներ մտցնելու առաջարկի մասին կարծիք հայտնելու`որեւէ մեկին ստիպողաբար չէին բերել, որեւէ նմանօրինակ ստվերող գործընթաց չի եղել:

«Այսօր մենք ունենք պետություն`նորացված Սահմանադրությամբ եւ դա արդեն Արցախի Հանրապետության ժողովրդի ընտրությունն է»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ մասնակցության բարձր տոկոսը շատերի համար տարօրինակ էր, քանի որ ՌԴ-ում ընդունված է կարծել, թե ընտրողին ընտրատեղամասեր պետք է «քշել» կամ այլ մեթոդներ կիրառել: Մինչդեռ, Արցախի ժողովրդի համար նմանօրինակ միջոցառումները յուրօրինակ մանիֆեստ են, որոնց օգնությամբ այդ մարդիկ ցանկանում են հայտարարել իրենց մասին. «Հայտարարել, որ իրենք լիարժեք պետության քաղաքացիներ են, որ Արցախը լիարժեք եւ կայացած պետություն է»:

Հիշեցնենք, կայացած սահմանադրական փոփոխություններով Արցախի Հանրապետությունն այլեւս ուժեղ նախագահական համակարգով կառավարվող պետություն է:

Ռուս քաղաքագետը կարծում է, որ այս հանրաքվեի ժամանակ նաեւ ընդդիմադիր ուժերը կարողացան իրենց լիարժեք դրսեւորել. «Մոտ 7 հազար մարդ «դեմ» քվեարկեց եւ սա նույնպես ժողովրդավարական գործընթացի առողջ դրսեւորում է»:

Ռուս քաղաքագետին այդքան էլ դուր չէր եկել այն, որ հայ լրագրողները 30 երկրներից, 100-ից ավելի դիտորդների հետ իրենց հարցազրույցներում շեշտադրումներ էին անում այս գործընթացին Ադրբեջանի վերաբերմունքի վրա եւ նրա, որ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնողները կարող են հայտնվել Ադրբեջանի «սեւ ցուցակներում»: Ռուս քաղաքագետը սա կոռեկտ եւ ոչ ճիշտ է համարում. «Կարծում եմ, ավելի շատ հարգանք պետք է դրսեւորել Արցախի նկատմամբ, իբրեւ կայացած պետության: Արցախի անկախությունը պետք է քո մեջ նախ ընդունես, ոչ թե խոսես հարեւանների վերաբերմունքից: Այդ վերաբերմունքը, «սեւ ցուցակները», իհարկե բավական ակնհայտ են, դրանք պետք քննարկվեն: Բայց հաճախ միայն այդ հարցերն էին տրվում»:

Քաղաքագետը կարծում է նաեւ, որ շատ լավ կլինի, որ այս գեղեցիկ Սահմանադրությունը չմնա թղթի վրա: Կարծում է, որ այս փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ այդ օրենքն իսկապես կիրառվող գործիք է:

Քաղաքագետն անդրադարձավ նաեւ ռուսաստանցի քաղաքական գործիչների եւ փորձագետների այն քննադատություններին, որ հանրաքվե անցկացնելը վաղ էր, պետք է մի փոքր համբերել: Դրանք, Դենիս Դվորնիկովը ոչ համարժեք եւ մակերեսային գնահատականներ է համարում: Ինքը Արցախում կայացած սահմանադրական հանրաքվեն համեմատում է դպրոցի նորոգման հետ. «Դա անհրաժեշտ էր պետության նորմալ գործունեություն համար, հատկապես Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո: Այդ շրջանում ակնհայտ դարձան կառավարման համակարգի բացերը: Դա տեխնիկական գործընթաց էր: Ժամանակին պետք է պետական մեքենան նորոգվեր»:

Ռուս քաղաքագետն անդրադարձավ նաեւ այն հանգամանքին, որ ՌԴ-ի դիտորդական առաքելության մեջ ընդգրկված չէին պատգամավորներ: Նա կարծում է, ՌԴ Դումայի բյուրոկրատացված խմբակցություններում չկարողացան ճիշտ գնահատել իրավիճակը, հասկանալ, թե որքան կարեւոր է Արցախն ու տարածաշրջանը ՌԴ-ի համար`անգամ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունից հետո, որ որեւէ տարածք այցելությունների արգելքն անընդունելի է: Միաժամանակ, ռուս քաղաքագետն ընդգծում է նաեւ ՌԴ-ում Հայաստանի դեսպանության անգործությունը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728