Ըստ «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի ադրբեջանական բաժնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանի՝ փետրվարի 20-ին Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի սպառազինության գնումների մասին զեկույցն ամբողջությամբ արժանահավատ չէ, քանի որ նման ինստիտուտները թերի են ուսումնասիրում իրենց համար ոչ այնքան լուրջ նշանակության տարածաշրջանները, ինչպիսին Կովկասյանն է:
«Ամբողջությամբ չի կարելի հենվել նրանց տվյալների վրա, զեկույցում բացեր կան: Ներկրված զենքերի ցուցակում Ադրբեջանի պարագայում նշված էր զինատեսակ, որի շուրջ Ադրբեջանը հայտարարել է, որ բանակցում է, ոչ թե ձեռք է բերել: Խոսքը «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համալիրի մասին է, որը զեկույցում «գնված» է նշված»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր ասաց Տարոն Հովհաննիսյանը:
Նա փաստեց, որ ըստ զեկույցի՝ վերջին տարիներին Ադրբեջանն իսկապես մեծացրել է զենքի ներկրումների ծավալը:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ին, այստեղ եւս բացեր կան. «Որպես ձեռքբերում նշված են «Իսկանդերները», բայց զորահանդեսում ցուցադրվել էին նաեւ «Սմերչեր» եւ այլ զինտեխնիկա…ուստի պետք չէ զեկույցի տվյալները որպես ի գիտություն ընդունել: Մեր գնած զինտեխնիկայի մի մասը չի երեւում այդ զեկույցում»:
Կարդացեք նաև
Փորձագետի բնորոշմամբ՝ Ադրբեջանն ավելի շատ զենք է գնում, բայց դա այն հարաբերակցությամբ չէ, ինչպիսին ներկայացվում է զեկույցում. «Ադրբեջանը տարբեր արտադրության նույն զինտեխնիկան ունի. դա ոչ թե ռազմավարական, այլ քարոզչական նշանակություն ունի: Նա գնում է հարձակողական զինտեխնիկա, ինչն ավելի թանկ է: Հայաստանն էլ շարժվում է խելացի սպառազինման՝ ըստ նշանակության պաշտպանական զինտեխնիկա գնելու ճանապարհով»:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ