Ի՞նչ եք կարծում՝ եթե խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից մեկը հայտարարի, որ իշխանության գալու դեպքում կենսաթոշակը կդարձնի 500 հազար դրամ, ուսուցիչների աշխատավարձը՝ 1 մլն դրամ, կիսով չափ կնվազեցնի սպառողական ապրանքների գները, իսկ հանրային ծառայությունները (գազ, էլեկտրաէներգիա, ջուր) կդարձնի անվճար՝ ի՞նչ տեղի կունենա դրանից հետո։
Փորձենք գուշակել։ Փորձագետները, լրագրողները և քաղաքական մրցակիցները կսկսեն ակտիվ քննադատել այդ խոստումները՝ ապացուցելով, որ դրանք անիրատեսական են և պոպուլիզմի ժանրից։ Կլինեն թեժ բանավեճեր, անգամ բանը կհասնի անձնական վիրավորանքների։
Սոցիալական ցանցերում և հատկապես Ֆեյսբուքում ակտիվ քննարկումներ կընթանան։ Ոմանք լուրջ քննադատական գրառումներ կկատարեն, մյուսները՝ հումորով, երրորդները՝ մեմեր կհորինեն ու կսկսեն «թռոլլինգ» անել։ Խրախճանքին կմիանան նախընտրական շրջանում բազմացած ֆեյքերը (կեղծ օգտատերերը)՝ բոլոր ճամբարներից։ Մի խոսքով՝ Հայաստանը կսկսի քննարկել այդ խոստումները։
Ընդ որում, որքան անիրատեսական լինեն այդ խոստումները, այնքան այդ մասին ավելի շատ ու ավելի բուռն են խոսելու։
Դրանից հետո՞ ինչ է լինելու։ Մարդիկ, ովքեր իրենց համարում են գիտակից, հետևում են մամուլին, ունեն որոշակի գիտելիքներ, տեղեկացված են, հասկանալու են, որ սա դասական պոպուլիզմ է։ Իրենց նաև թվալու է, թե այդ մեծ աղմուկի շնորհիվ՝ բոլորը հասկացան, որ չի կարելի խաբվել։
Հետո այդ գիտակից մասսայից մեկը մի օր հանդիպելու է իր հեռու բարեկամին, որն աշխատող մարդ է, զբաղվում է տների վերանորոգմամբ և սոցիալական ցանցերն օգտագործում է հիմնականում օնլայն նարդի խաղալու համար։ Ո՞ւմ ես ընտրելու, եթե գաղտնիք չէ՝ հարցնելու է մեր գիտակից ու տեղեկացված քաղաքացին։ Իհա՛րկե X-ին։ Ինչո՞ւ՝ զարմացած հարցնելու է գիտակիցը։ Բա էլ ո՞ւմ՝ ոչ պակաս զարմացած պատասխանելու է աշխատավոր բարեկամն ու անպայման շեշտելու է՝ ընտրելու եմ, որովհետև ուզում եմ մի քանի տարի հետո 500 հազար դրամ թոշակ ստանամ։
Գիտակիցը սկսելու է նրան երկար-բարակ բացատրել, որ դա հնարավոր չէ, որ պետությունն այդքան ռեսուրս չունի, որ դա բյուջեի համար լրացուցիչ այսքան բեռ է, և այլն։ «Բյուջեի համար լրացուցիչ բեռ» արտահայտությունն արտասանելու ժամանակ նայելով զրուցակցի դեմքին՝ հասկանալու է՝ զրուցակիցն իրեն չի լսում ու չի էլ ուզում լսել։
Հետո հասկանալու է, որ այդ մարդուն փաստարկները հետաքրքիր չեն, թե՛ այն պատճառով, որ գիտելիքների բավարար պաշար չունի այդ ամենը հասկանալու համար, թե՛ նաև այն պատճառով, որ արդեն ոգևորվել է 500 հազար դրամ թոշակի ու անվճար գազի հեռանկարով և չի ուզում կտրվել իր երազից։
Ու ամենասարսափելին՝ հասկանալու է, որ իր բարեկամի նման մտածողները շատ են, չափազանց շատ։ Մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր անգամ ավելի շատ, քան իր ֆեյսբուքյան գիտակից «շրջապատը»։ Գիտակցելու է, որ պոպուլիստական խոստումների շուրջ առաջացած աղմուկը ոչ թե նպաստել է, որ մարդիկ հասկանան իրականությունը, այլ հակառակը՝ նպաստել է, որ հնարավորինս շատ մարդ լսի այդ 500 հազարի ու մնացած բարիքների մասին։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում