Շատերն են արդեն նկատում, որ առաջիկա ընտրություններով պայմանավորված՝ նախընտրական պայքարը մի տեսակ գաղափարական, չասենք՝ երաշտի, բայց սակավաջրության պայմաններում է ծավալվում: Այդ մասին խոսում են քաղաքական գործընթացներին հետեւող մեկնաբանները, այդ մասին խոսում են անգամ ընտրապայքարի մեջ ներգրավված գործիչներ, հասարակական, մտավորական շրջանակների ներկայացուցիչներ:
Նախօրեին էլ ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանն էր խոսել ծրագրերի ու գաղափարների սակավության մասին, բնականաբար առանձնացնելով իրենց ներկայացրածը: Վստահաբար, առաջիկայում նման դիտարկումներ էլի ու էլի կլինեն:
Ասվածի մեջ, իհարկե, ճշմարտություն կա: Այս անգամ գաղափարական, ծրագրային որոշակի բաց կա: Բայց, մյուս կողմից, կարծում ենք, որ չարժե շտապել՝ այդ թեմայով կտրուկ բնորոշումներ եւ գնահատականներ հնչեցնելու հարցում:
Համենայն դեպս մարտի 5-ից հետո, այսինքն՝ երբ մեկնարկի բուն քարոզարշավը, շատ ավելի հստակ կարելի է կողմնորոշվել այս գաղափարածրագրային հարցում: Կարծում ենք, որ պաշտոնական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի մեծ մասը հանրությանը կներկայացնի իր ծրագրային մոտեցումներն ու գաղափարները:
Կարդացեք նաև
Նկատի չունենք միայն «նախընտրական ծրագիրը», որ ավելի շատ ու ավելի շուտ խոստումների շարք է՝ ծրագրային որոշ երանգներով: Խոսքը ծրագրային մոտեցումների ամբողջության մասին է, այն մոտեցումների, որոնք թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել, թե այս կամ այն ուժը, դաշինքը ինչպես է պատրաստվում լուծել գոյություն ունեցող պրոբլեմները, պետական, քաղաքական, հասարակական, տնտեսական կյանքը կազմակերպելու ինչպիսի սկզբունքների է դավանում: Կամ, ասենք, ազատակա՞ն մոտեցումների կողմնակից է, թե՞ սոցիալիստական, եւ այդպես շարունակ:
Այնուամենայնիվ ուզում ենք հուսալ, որ բուն քարոզարշավի ընթացքում «ռինգ մտած» ուժերի միջեւ կծավալվի գաղափարաքաղաքական բանավեճ, ծրագրերի, հայեցակարգային մոտեցումների մրցակցություն կլինի կամ, եթե կուզեք՝ բախում:
Համենայն դեպս մեր հասարակության ներկայացուցիչներից շատերն էլ կցանկանային երեկոյան, բազմոցին հարմարավետ տեղավորված, հեռուստատեսությամբ հետեւեին, թե ինչպես են երկու-երեք, կամ գուցե չորս-հինգ կուսակցության եւ դաշինքի ներկայացուցիչ բանավիճում նման հարցերի շուրջ, այլ ոչ թե իրար «աչք հանում», «մազերը փիտրում» եւ, առհասարակ, վիճաբանում:
Մյուս կողմից՝ արժե դիտարկել նաեւ այն հարցը, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել գաղափարաքաղաքական բացը: Խնդիրն այն է նաեւ, թե ընտրողների մի նկատելի մասն ինչ ակնկալիքներ ունի: Ի՞նչ են սպասում մարդիկ առաջիկա ընտրություններից:
Ա. Հակոբյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում