Մեզանում սկիզբ առած նախընտրական բանավեճի ամենաբարդ գլուխկոտրուկներից մեկը առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման հնարավորության հարցն է։
Ոմանք, չգիտես ինչու, նախապես փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր ընտրություններն անպայման կեղծվելու են, եւ որի առաջն առնելու հնարավորություններ չկան։ Մինչդեռ լրատվամիջոցներում այդ առիթով ծավալվող բանավեճի բովանդակության եւ ընտրությունների համար ստեղծված պայմանների համեմատությունը հանգեցնում է այն եզրակացության, որ ապրիլի 2-ի քվեարկությունը ամենաանկանխատեսելին է լինելու անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում։
Եվ պատճառն այստեղ միայն վարկանիշային քվեարկությունը չէ, այլ դրա առկայության պայմաններում անմիջական ընտրողի խուսանավելու եւ, ի վերջո, ճիշտ ընտրություն կատարելու հնարավորության կտրուկ մեծացումը։ Ավելի պարզ՝ եթե ընտրողը կարող է հակակշռել իր վրա գործադրվող տարբեր ազդեցություններն ու հնարավոր ճնշումները, ապա նա ունի ընտրության հնարավորություն։ Մնացածը կախված է ընտրողի քաղաքացիական գիտակցության մակարդակից, ամեն մեկի կամային հատկանիշներից։
Ընտրական օրենսգրքի բարեփոխման շնորհիվ փաստորեն վերացել են տարաբնույթ հնարքների կազմակերպման հնարավորությունները։ Այժմ յուրաքանչյուր ընտրող կարող է ողջ քարոզարշավի ընթացքում լսել իրեն ներկայացվող առաջարկներն ու խոստումները, անգամ առերեւույթ համաձայնվել դրանց հեղինակների հետ, բայց վերջում անել այն, ինչ ինքն է ուզում։
Կարդացեք նաև
Դիցուք՝ պատկերացնենք, որ իքս ընտրատարածքում միմյանց դեմ պայքարող տարբեր կուսակցություններն ու դաշինքները եւ նրանց ցուցակներում ներկայացված վարկանիշային թեկնածուները, գործադրելով բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի հնարքները, փորձում են ոմն Պողոսի համոզել, որ նա ձայն տա իրենց օգտին, բայց վերջինս այլ կուսակցության համակիրն է։
Հասկանալի է, որ այդ Պողոսը, եթե նա ունի կյանքի փորձ, «շառից-փորձանքից» հեռու մնալու համար բոլորին «այո» է ասում, իսկ հնարավոր է նաեւ՝ ոմանցից կաշառք վերցնում։ Ուրեմն փակ քվեարկության պայմաններում ինչպե՞ս պետք է «կլիենտները» վերջում պարզեն, թե ո՞ւմ է ձայն տվել տվյալ քաղաքացին, եթե կարուսելի մեխանիզմի միջոցով նրան ստուգելու հնարավորություն չունեն։
Դիտորդների, բազմաթիվ վստահված անձանց ներկայության պայմաններում ուղղակի բացառվում են զանգվածային բաց քվեարկությունները, իսկ առանձին թերացումները երբեք էլ չեն կարող որակ կազմել։
Մտնելով ընտրատարածք եւ գրանցվելով՝ ընտրողը քվեախցում մենակ է մնալու տարբեր կուսակցությունների եւ դաշինքների ընտրական թերթիկների եւ իր ստացած ծրարի հետ։ Ցանկության դեպքում նա կարող է անգամ լուսանկարել այն կուսակցությունների օգտին քվեարկված քվեաթերթիկները, որոնց խոստում է տվել ու պատռել-դեն նետել, վերջում էլ ծրարի մեջ թողնել միայն իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը, եւ վերջ։
Այսպիսով՝ ինչքան էլ փորձենք թերություններ գտնել Ընտրական օրենսգրքի մեջ, իսկ վարկանիշային քվեարկությունը համարել մարդորսության եղանակ, չենք կարող հերքել, որ նրանում գոյություն ունեն ընտրությունների արդարության ապահովման անհրաժեշտ պայմաններ։
Մնացածը գերազանցապես կախված է ընտրություններին մասնակցող ուժերից։ Դա վերաբերում է նաեւ ներկայումս ակտիվորեն քննարկվող ընտրական ցուցակներում տեղ գտած «մեռած հոգիներին»։
Վարդան Գրիգորյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում