Առաջիկա մեկ-երկու տարիներին Հայաստանում ճանապարհային երթեւեկության մեջ կլինեն որոշակի փոփոխություններ։ Դրանք են «ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգ» անվանումը կրող փաստաթղթում, որը նախապատրաստել է ՀՀ ոստիկանությունը։
Եվ ուրեմն, ինչ փոփոխություններ կլինեն, եթե հայեցակարգը ընդունվի եւ իրագործվի։ Մասնավորապես, նախատեսվում է Երեւանում տեղադրված լրացուցիչ սեկցիա ունեցող լուսացույցների եզրերը կահավորել մշտապես վառված վիճակում գտնվող լույսերով, իսկ անջատված սեկցիայի եզրերը կարմիր գույնի լույսերով։ Օրվա մութ ժամերին խաչմերուկին մոտեցող վարորդները կարող են չնկատել, որ լուսացույցի վրա կա լրացուցիչ սեկցիայով երթեւեկությունը թույլատրող կանաչ լույս։ Դրանից խուսափելու համար էլ նախատեսված է այդ վահանակի եզրագծերի լուսավորումը։
Նախատեսվում է երթեւեկության 3 եւ ավելի գոտի ունեցող խաչմերուկներում լուսացույցերը տեղադրել հենց երթեւեկելի մասի վերեւում։ Խնդիրն այն է, որ եթե մարդատար ավտոմեքենան երթեւեկում է երկրորդ գծով, իսկ նրանից աջ երթեւեկում է ավտոբուս կամ բեռնատար, ապա մարդատարի վարորդը չի կարող տեսնել ճանապարհի աջ կողմում տեղադրված լուսացույցը։
Մինչեւ 2018 թվականի վերջը պետք է ապամոնտաժվեն Երեւանում լայն եւ ինտենսիվ երթեւեկություն ունեցող ճանապարհների վրա առկա չկարգավորվող հետիոտնային անցումները։ Նմանատիպ անցումներ ներկայումս Երեւանում շատ կան եւ դրանց մոտ պարբերաբար վթարներ են լինում, իսկ երբեմն նաեւ վրաերթեր։ Օրինակ, Արշակունյաց պողոտայում այդպիսիք մի քանիսն են, իսկ Իսակովի պողոտայում՝ ոստիկանական ակադեմիային հարող հատվածում, գործող անցումը ուղղակի վտանգավոր է մարդկանց կյանքի համար։
Կարդացեք նաև
Եվս մի կարեւոր փոփոխություն, որ նախատեսվում է այս հայեցակարգով։ Մինչեւ եկող տարվա վերջ նախատեսվում է բացառել ձախ շրջադարձը եւ ուղիղ երթեւեկությունը միեւնույն գոտուց կատարելը։ Այսինքն, եթե փողոցը ունի երեք գոտի եւ այդ փողոցի վրա կա խաչմերուկ, ապա ներկայումս այդպիսի շատ փողոցներում երրորդ գոտուց թույլատրվում է գնալ եւ ուղիղ, եւ ձախ։ Սակայն ձախ շրջադարձ անող վարորդը պարտավոր է զիջել հանդիպակաց ուղղությամբ եկող ավտոմեքենաներին։ Այդ դեպքում ձախ շրջադարձ անող մեքենայի ետեւից եկողը, որը մտադիր է ուղիղ շարունակել ճանապարհը, ստիպված է սպասել, մինչեւ ձախ շրջադարձ անողը թեքվի։ Նշված փոփոխությամբ ձախ եւ ուղիղ գոտիները կտարանջատվեն։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում