Երաժիշտ Էլթոն Ջոնի The Elton John AIDS Foundation (EJAF) հիմնադրամը իր 25-րդ ամենամյա Academy Awards Viewing Party-ին փետրվարի 26-ին կներկայացվի ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը՝ Օսկար Այզակի, Քրիստիան Բեյլի և Շարլոտ Լե Բոնի մասնակցությամբ, հաղորդում է Deadline-ը:
«Բավական է միայն տեսնել 1990-ականների կեսերին Ռուանդայի ցեղասպանությանը հաջորդած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի սարսափելի բռնկումը՝ հասկանալու համար ուղղակի կապը մարդու իրավունքների դեմ բռնությունների և այնպիսի առողջական ճգնաժամերի միջև, ինչպիսին ՄԻԱՎ-ի բռնկումն է,- ասել է EJAF-ի հիմնադիր Էլթոն Ջոնը: -Մանուկյան ընտանիքի և Կալիֆորնիայի համալսարանից պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանի հետ մեր ընկերության միջոցով ես և Դեյվիդը անձնապես ավելի մոտիկից ծանոթացանք Հայոց ցեղասպանությանը: Ֆիլմի գլխավոր թեման՝ #KeepThePromise, կարող է մեկնաբանվել որպես պահել խոստումը՝ հիշելու անցյալի վայրագությունները և դասեր քաղելու դրանցից, ինչպես նաև պահել խոստումը՝ վերջ տալու ՄԻԱՎ-ին: EJAF-ում մենք հավատարիմ ենք #KeepThePromise-ին՝ բարձրացնելու իրազեկվածությունը այս հզոր ֆիլմի մասին, որը դասական պատմություն է պատմում՝ մարդկանց ոգեշնչելով գործողությունների դիմել: Մեզ համար պատիվ է մեր Օսկարի գիշերվա միջոցառմանը մարդկանց ներկայացնելու «Խոստում» ֆիլմը»:
Ֆիլմի անձնակազմն իր հերթին որոշել է դրա ցուցադրությունից ստացված ողջ հասույթը նվիրաբերել ոչ առևտրային կազմակերպություններին, այդ թվում EJAF-ին և մարդու իրավունքների պաշտպանությամբ ու հումանիտար խնդիրներով զբաղվող այլ խմբերի:
Էլթոն Ջոնի Academy Awards Viewing Party միջոցառումը համաշխարհային աստղերի մասնակցությամբ անցկացվում է արդեն 25-րդ անգամ: Այն, որպես կանոն տեղի է ունենում Օսկարի մրցանակաբաշխության գիշերը՝ ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդում է աճուրդ: Աճուրդից ստացված գումարը փոխանցվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ