Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանից, կարելի է ասել, մի կերպ «պոկեց» վարչական բեռի թեթեւացմանն առնչվող որոշումը, որով հանվում է տույժ ու տուգանքը խախտումների համար եկած ակտերի վրայից, եթե քաղաքացին ուշացնում է եւ ակտի համար չի վճարում:
Վարդան Եղիազարյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու եւ դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը:
Ըստ այդմ՝ բարեփոխումներին ուղղված 24 միջոցառում է իրականացվելու ոլորտում: Արդյունքում, ըստ փոխոստիկանապետի, բոլոր ջանքերը միտված են լինելու բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ճանապարհային պատահարների թվի եւ հետեւանքների նվազեցմանը, վարչական բեռի թեթեւացմանը:
Վարչապետը հետաքրքրվեց՝ մեր քաղաքացիների համար ի՞նչն է փոխվել: «Պարոն վարչապետ, նախ թեթեւացնում ենք վարչական բեռը: Բավական դյուրինացնում ենք էն բոլոր փողոցային երթեւեկության կանոնները, որտեղ դա հնարավոր է իրականացնել, տրանսպորտային հոսքերն ենք ավելի հստակ վերահսկում»,- մեկ առ մեկ թվարկեց ոստիկանության պաշտոնյան:
Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են, որ վարչական բեռն է թեթեւանալու: «Մասնավորապես, նախկին տուգանքների վրա, երբ 50 տոկոս տույժի ավելացում կար, դա նվազեցվում է երկու անգամ՝ 25 տոկոս է դառնում»,- ասաց պարոն Եղիազարյանը:
Կարդացեք նաև
Վարչապետը համառորեն հարցրեց. «Նվազեցվում ենք, թե՞ հանում ենք», ինչին ի պատասխան` ոստիկանության պաշտոնյան ոչ մի կերպ չէր ուզում նշել, որ հանելու են:
Վարդան Եղիազարյանը կրկնեց, որ նվազեցնում են: «Մեր քաղաքացիներին դա է հետաքրքրում, որ դուք տուգանքների տույժերը հանում եք»,- ասաց վարչապետը: Պարոն Եղիազարյանը կրկին կրկնեց, որ՝ չեն հանում, նվազեցնում են:
«Հիմա նվազեցնում եք, թե՞ հանում եք»,- կրկին հարցրեց Կարեն Կարապետյանը: Վարդան Եղիազարյանը ստիպված ասաց. «Հա, հանում ենք, պարոն վարչապետ»:
«Ոնց որ սրտով չեք հանում, ոնց որ ցանկանալով չեք հանում: Պարոն Եղիազարյան, ոնց որ ընենց զոռով եք էս բանը բերել»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ