Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանը մամուլի՞ց է իմացել

Փետրվար 23,2017 11:36
Aram Sargsyan

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը որոշ մանրամասներ է բացահայտում

– Պարոն Սարգսյան, երբ հայտարարեցիք, որ դադարեցնում եք համագործակցությունը Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի հետ նախապես հայտարարված ձեւաչափում, տպավորություն ստեղծվեց, որ խնդիրը ընտրական ցուցակում տեղեր զբաղեցնելու հետ էր կապված: Եթե հետահայաց անդրադառնանք` այլ խնդիրներ եւս կայի՞ն:

– Ցուցակը շատ կարեւոր նշանակություն ունի, բայց գլխավոր հարցն այն էր, որ «դաշինք» հասկացությունը չկայացավ, խորհուրդ չստեղծվեց, եւ որոշումները միասնաբար չքննարկվեցին: Մենք երեք կուսակցությունների ղեկավարներով Սեյրան Օհանյանի հետ չենք հավաքվել, որպեսզի քննարկենք եւ որոշումներ կայացնենք: Որոշումները քննարկվել են առանձին-առանձին հանդիպումների ժամանակ, կամ քննարկումներ են եղել, որոնց արդյունքում ընդունված որոշումներն անընդհատ փոփոխվել են: Մեզ համար գլխավոր խնդիրը խորհրդարանում մեկ-երկու ներկայացուցիչ ունենալը չէր, այլ հասկանալը, թե ի՞նչ ծրագրեր ենք ուզում իրականացնել` հաղթելու կամ խորհրդարանում մեծ ներկայացվածությունն ունենալու պարագայում: Սա էլ չորոշվեց: Եվ, իհարկե, երբ խնդիր առաջ եկավ, թե ո՞ւմ քմահաճույքին, ինչպիսի՞ որոշում կայացվի` մենք նման ձեւաչափերում չկանք: Բացառվում է, որ որեւէ մեկը մեզ իր կամքը թելադրի: Ես երբեք չեմ կարող համակերպվել, որ որեւէ մեկն ինձ ասի` ես որոշել եմ, եւ ես էլ դրա հետ համաձայնվեմ կամ չհամաձայնվեմ: Որոշումները բոլորի կողմից պետք է կայացվեին, բայց չեղան:

– Արդյոք Ռոբերտ Քոչարյանի որոշումնե՞րն էին թելադրվում:

– Չեմ կարծում: Համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանի շվաքը այնտեղ չեմ տեսել, բայց Սամվել Բաբայանինը տեսել եմ: Թե ով, ում հետ եւ ինչ` չեմ կարող ասել, բայց նման կապերը կամ ականջները ինձ երբեք չեն հետաքրքրում, ես նման հարցեր չեմ քննարկում: Ես քննարկում եմ այն, ինչ վերաբերում է սկզբունքներին եւ պատկերացումներին, այլապես որեւէ ձեւաչափում անելիք չունեմ:

Եթե չեմ սխալվում, անգամ Վարդան Օսկանյանը մամուլից է իմացել, որ մենք հայտարարություն ենք արել դուրս գալու վերաբերյալ: Այդ դեպքում դե պատկերացրեք` եղե՞լ է այդպիսի դաշինք, թե՞ չի եղել: Կամ՝ որեւէ մեկը որոշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գալիս է դաշինքին մասնակցելու, վերջին րոպեին հասնում է տեղ, եւ որոշվում է, որ նրանց ավելի շատ հնարավորություններ պետք է տալ: Որպեսզի որոշների բերանները փակեմ, շատ կարեւոր եմ համարում խոսել հայտարարությունների մասին, որ իբր ՀԴԿ-ն քիչ մարդկային ռեսուրսներ ունի: Մենք բոլորին հրավիրել էինք համագումարին, որպեսզի տեսնեին կուսակցության ռեսուրսը: Մենք երբեւէ չենք հայտարարել, որ հարյուր հազարներ ենք, տասնյակ հազարներ ենք. մենք մեր հստակ էլեկտորատն ունենք, եւ վստահ կարող եմ ասել, որ այդ դաշինքի կուսակցություններից ոչ մեկը դա չունի: ՀԴԿ-ն բազմաթիվ տարածքային կառույց ունի, եւ ՕՐՕ դաշինքը դիմում է այս կառույցներին համագործակցելու համար, բայց ՀԴԿ կառույցները հրաժարվում են, քանի որ ենթարկվում են կուսակցության որոշմանը:

– «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կայացած փաստ է: Ձեր գնահատականներով՝ ի՞նչ հնարավորություններ ունի դաշինքը:

– Այդ դաշինքը ձեւավորելիս, կարծում եմ, էլի ինչ-որ սկզբունք խախտվել է` կուսակցությունների ղեկավարների համահավասարության մասով: Ի՞նչ հնարավորություններ ունի` դժվարանում եմ ասել, որովհետեւ քարոզարշավը դեռ չի սկսվել: Բայց ես չեմ էլ պատկերացնում, թե իրենք ի՞նչ էլեկտորատ կամ ի՞նչ մարդկային ռեսուրս ունեն: Ժամանակը կգա` կտեսնենք: Մենք բոլորին էլ հաջողություն ենք ցանկանում: Կարծում եմ, որ ՀԴԿ-ի եւ «Երրորդ հանրապետության» դուրս գալը չկայացած դաշինքից, իհարկե, մեծ ազդեցություն թողել է: Համենայնդեպս, այս օրերին, հանդիպումների եւ հեռախոսային խոսակցությունների ժամանակ շատ ափսոսանքի խոսքեր եմ լսել՝ մեր դուրս գալու հետ կապված: Կարծում եմ՝ դա ազդեցություն է ունենալու նորաստեղծ դաշինքի վրա:

– «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը իսկապե՞ս ընդդիմադիր է: Դուք հավատո՞ւմ եք դաշինքի առաջնորդների ընդդիմադիր կեցվածքին:

– Բոլոր ճառերը, ելույթները եւ փաստաթղթերը, համենայնդեպս, դա են վկայում: Գրեթե չեմ կասկածում, որ ընդդիմադիր են: Դժվարանում եմ ավելի որոշակի ասել, որովհետեւ դառը փորձը թույլ չի տալիս: Վստահաբար, գնում էինք պայմանավորվածություններով, որոնք հանկարծ խախտվեցին:

– Ձեր ղեկավարած կուսակցությունը հայտարարեց, որ ընտրական գործընթացները վերահսկելու է: Որեւէ կուսակցության կամ դաշինքի սատարելո՞ւ եք, ձեր ընտրազանգվածին որեւէ ուղղությամբ ուղղորդելո՞ւ եք:

– Դեռ ոչ մի նման ցանկություն չունենք, քանի որ ոչ մի քաղաքական ուժ կամ դաշինք մեր դիրքորոշումը չի բարձրաձայնում: Այն է` համակարգը չի կարող թույլ տալ երկիրն իրական զարգացման դուրս բերել: Պետք է քայլ առ քայլ կազմաքանդել այս համակարգը, զուգահեռ նոր հասարակական հարաբերություններ ձեւավորել, որպեսզի իրական համերաշխության պայմաններում լուրջ ծրագրեր իրականացնենք, քանզի մարտահրավերներն են շատ լուրջ: Մենք կարծում էինք, որ այս փուլում պետք է համախմբվեն հենց այն ուժերը, որոնք համակարգի փոփոխման կողմնակից են, բայց, ինչպես տեսնում ենք, ընտրական գործընթացին մասնակցում են այնպիսի ուժեր, որոնք այս համակարգի ստեղծման ակունքներում են եղել կամ համակարգի բարիքներից օգտվողներն են: Մենք 20 կետ էինք ներկայացրել ու դրանք իրականացնելու ճանապարհներն էինք մատնանշել: Հիմա որոշ տեղերից,լսում ենք դրանց կրկնությունը: Եթե կիրականացնեն` դեմ չենք: Մենք կառավարությանն էլ էինք այդ առաջարկները ներկայացրել: Փաստահավաք խմբեր կստեղծենք, որպեսզի դիտարկենք ընտրությունների ընթացքը: Հետո մեր գնահատականն ու եզրակացությունը կհրապարակենք:

– ՀՀԿ-ի՞ց են այդ կետերը հնչում, թե՞ «Ծառուկյան» դաշինքի 15 կետերը նկատի ունեք:

– Նրանք էլ, նրանք էլ… բոլորն ասում են` նույն խնդիրներն են: Իհարկե, նույնն են, բայց նայած թե ով եւ ինչ է առաջարկում այդ խնդիրների լուծման համար: Գլխավոր հարցն է` արդյոք բոլորն ընդունո՞ւմ են, որ այս համակարգն արատավոր է: Իշխանական թեւը հասկանալի է` նրանց խնդիրը վերարտադրվելն է, իսկ ընդդիմադիրնե՞րը: Արդեն պոպուլիստական բաներ են ասում` 25 հազարով կավելացնենք թոշակը եւ 80 հազար կդարձնենք նվազագույն աշխատավարձը: Արդյոք հասկանո՞ւմ են, որ այդ դեպքում բոլորը ստվերից պետք է դուրս գան, կամ էլ մեծահարուստները իրենց ունեցած տասնյակ միլիոնները պետք է բերեն բյուջե, որովհետեւ այլ տեղից այս պահին գումարներ վերցնել հնարավոր չէ: Խնդիրը սա է` ո՞վ է ասում եւ ի՞նչ է ասում:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

23,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728