Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է «Ավրորա» գեղարվեստական մրցույթի ժյուրիի կազմը

Փետրվար 23,2017 11:42

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է «Ավրորա» գեղարվեստական մրցույթի ժյուրիի կազմը: Մրցույթը մեկնարկել է 2017թ. հունվարին: Ժյուրիի կազմում ընդգրկված են արվեստագետներ եւ մշակույթի գործիչներ Հայաստանից, որոնք ընտրելու են 7-14 տարեկան երեխաների ներկայացրած աշխատանքները:

«Ավրորա» գեղարվեստական մրցույթի ժյուրին գլխավորում է մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանը:

«Այս մրցույթը լավ հնարավորություն է մարդկանց, հատկապես երեխաներին եւ պատանիներին համախմբելու մարդասիրության գաղափարի շուրջ: Չափազանց կարեւոր է, որ «Ավրորան» մրցույթին հրավիրում է մասնակցելու երեխաներին ողջ աշխարհից: Ես հավատում եմ, որ աշխատանքներն ավելի գունեղ են պատկերելու մարդասիրության թեման, քանի որ մանուկներն ավելի լավ են ընկալում աշխարհը, քան մենք», – ասաց Գայանե Մարտիրոսյանը:

Ժյուրիի մյուս անդամներն են կոմպոզիտոր եւ «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ Մարինե Ալեսը, լրագրող, թատերագետ եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA)» հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավար Էլեոնորա Մալխասյանը, նկարիչներ Տիգրան Մատուլյանը եւ Արեւ Պետրոսյանը, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2017թ. ապրիլին: Լավագույն երեք աշխատանքների հեղինակներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կստանան պարգեւներ, իսկ լավագույն հինգը կունենան բացառիկ հնարավորություն մասնակցելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը 2017թ. մայիսի 28-ին, Երեւանում: Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. մարտի 31-ն է:

Ժյուրիի կազմը

Գայանե Մարտիրոսյան – Գայանե Մարտիրոսյանը մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր է: Նա դասավանդում է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում՝ ղեկավարելով մուլտ-ռեժիսուրայի կուրսը: Գայանե Մարտիրոսյանը մի շարք մուլտֆիլմերի հեղինակ է՝ ներառյալ «Վիշապագորգի գաղտնիքը» շարքը (2008-2016), «Երեք զանգակ» (2002), «Պատերազմը մեր փողոցում» (1989) եւ այլն: Նա բազմաթիվ տեղական եւ միջազգային մրցանակների դափնեկիր է:

Մարինե Ալես – Մարինե Ալեսը հայտնի կոմպոզիտոր է եւ թատերագետ: Նա ավելի քան 300 հայերեն եւ ռուսերեն երգերի հեղինակ է: Նրա երգերը հրապարակվել են 5 ալբոմներում՝  «Կհեռանամ ինձանից» (1999), «Իմ բարդիներ» (2001), «Մտորումներ» (2003), «Քո կողքին և առանց քեզ» (2007), «Ոտաբոբիկ` երկնքով» (2010): Նա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ է: Մարինե Ալեսը «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիրն է: 2010 թվականին հրապարակել է «Բեկորներ» բանաստեղծությունների ժողովածուն: Մարինե Ալեսն «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ է:

Էլեոնորա Մալխասյան – Էլեոնորա Մալխասյանը լրագրող է եւ թատերագետ: Նա «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA)» հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավարն է: Էլեոնորա Մալխասյանն աշխատել է մի շարք մշակութային պարբերականների համար, այդ թվում՝ Լոս Անջելեսում լույս տեսնող «Մուսա» պարբերականը: Նա Հայաստանի մի շարք արվեստի բուհերում դասավանդել է Արվեստի եւ թատրոնի ընդհանուր պատմություն: 2002թ. լույս տեսած «Հայաստանի թանգարաններ» գրքի համահեղինակն է:

Տիգրան Մատուլյան – Տիգրան Մատուլյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նրա աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ անհատական եւ խմբակային ցուցահանդեսներում աշխարհի տարբեր երկրներում: Մատուլյանի գեղանկարներն ընդգրկված են Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանի, «Արամե» պատկերասրահի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Խրիմյան» թանգարանի, Երեւանի պատմության թանգարանի հավաքածուների եւ մշտական ցուցադրությունների մեջ: Նա Հայաստանի վաստակավոր նկարիչ է:

Արեւ Պետրոսյան – Արեւ Պետրոսյանը «Արեւ» պատկերասրահի հիմնադիրն է: Նա ԵԽԽՎ լիագումար նիստերի դահլիճում տեղադրված «Միասնության ուժը» ապակեպատ ստեղծագործության հեղինակն է: Արեւի աշխատանքները ներկայացվել են մի շարք տեղական եւ միջազգային ցուցահանդեսներում եւ պատկերասրահների հավաքածուներում: Նա ձեւավորել է տարբեր հեռուստատեսությունների նկարահանման տաղավարներ: Նկարիչը նաեւ հայտնի է իր բարեգործական եւ հանրային գործունեությամբ, որն ուղղված է կարիքավոր, ծնողազուրկ երեխաների, տարեցների, կանանց առողջապահական եւ այլ խնդիրների լուծմանը:

Հրանտ Վարդանյան – Հրանտ Վարդանյանը ռեժիսոր է: Նա 1995թ. ստեղծել է իր առաջին «Լռություն» կարճամետրաժ ֆիլմը: Հրանտ Վարդանյանը մի շարք կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմերի հեղինակ է: Նա ստեղծել է բազմաթիվ երաժշտական հոլովակներ հայազգի հանրահայտ երաժիշտների համար: 2011թ. Հրանտ Վարդանյանը հիմնել է «Արեւ» կինոստուդիան: 2014թ. «Սպիտակ գառան երազը» ֆիլմի համար նա արժանացել է Ազգային կինոյի «Հայակ» մրցանակի:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728