Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարց լուծողն այսօր Ռուսաստանն է»

Փետրվար 23,2017 16:00

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հորդորում է Պուտինի ոտքերի տակ չընկնել, այլ ակրոբատի պտույտ անել եւ լուծել ԼՂ հարցը

«Ժողովուրդ ջան, մեր պատերազմը այս պահին այնքան թուրքի հետ չի, ինչքան միջազգային կառույցների: Եթե ՌԴ-ն, միջազգային կառույցները որոշել են, որ այս խնդիրը պետք է լուծվի, դու դիվանագիտություն պետք է խաղաս, նրանց կողմն անցնես, որ Ադրբեջանը մենակ մնա… Չհամաձայնելը բերում է հակադարձությունների: Մենք ամբողջ պատերազմի ժամանակ հաջողություն ունեցել ենք, որովհետեւ միջազգային կառույցների հետ համահունչ էինք աշխատում, ՌԴ-ի հետ համահունչ էինք աշխատում՝ ռուսական 4 մլրդ դոլար զենքով էինք աշխատում»,- ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսպես ներկայացրեց իրենց առաջարկած Խաղաղության ծրագիրը:
«Առավոտի» հետ զրույցում խոսելով ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների մասին՝ Արամ Մանուկյանն ասաց. «Քանի որ իրականությունը նա է, որ ինքը՝ ՌԴ-ն, որոշող է, դու պիտի աշխատես մեծերի ոտքի տակ չընկնել, սա է ասածս»:

Մեր դիտարկմանը, որ ձեզ առանց այդ էլ մեղադրում են ռուսամետ լինելու մեջ, օրինակ՝ օրերս Հրանտ Բագրատյանն ասաց, որ երկու խնդիր ունի ՀԱԿ-ի հետ համագործակցելու, որից մեկն էլ այն է, որ պետք է հասկանալ մեր անկախությունն ու ՌԴ-ի հետ հարաբերությունները, որ ստրատեգիական հարաբերություններին չափ գոյություն ունի, Արամ Մանուկյանն արձագանքեց. «Ես անկախություն հռչակողն եմ, դա արվել է ՌԴ-ի դեմ, իմպերիայից դուրս գալու»: Նա հիշեցրեց, թե ինչ օրի են ընկել այն պետությունները՝ Օսեթիան, Ուկրաինան, որոնք ՌԴ-ի դեմ են դուրս եկել. «Դուրս գալով իմպերիայի դեմ, խելոք չպահելով ու իրենց ոչ դիվանագիտական պահելով՝ իրենք միայն տարածք են կորցրել. ՌԴ-ն հաղթող է դուրս եկել, եւ աշխարհում չի եղել որեւէ կառույց, որը դրա դեմը առնի: Հարց լուծողը այսօր, կապ չունի՝ դու ուզում ես, չես ուզում, արդար է, արդար չի, այս տարածաշրջանում Ռուսաստանն է: Նաեւ մենք դրանից օգտվելով ենք Ղարաբաղում հաջողություն ունեցել»:

Մեր դիտարկմանը, որ SIPRI-ի՝ զենքի համաշխարհային վաճառքի մասին զեկույցի համաձայն՝ Ռուսաստանը 20 անգամ ավելի շատ զենք է վաճառում Ադրբեջանին, քան Հայաստանին, ուրեմն ո՞նց կարող ենք ՌԴ-ի հետ այսքանից հետո հարաբերությունները ջերմացնել, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Այո, Տեր-Պետրոսյանն էլ ասում էր՝ կարող է գալ մի պահ, երբ ՌԴ-ի շահերը համընկնեն Ադրբեջանի շահերի հետ, եւ Հայաստանի համար շատ ծանր վիճակ լինի: Ուստիեւ, ելնելով դրանից, հարկավոր է իրավաբանական լուծումներ տալ հենց այն ժամանակ, երբ ՌԴ-ի շահերը ամբողջապես համընկնում էին մեր շահերին: Հիմա էլ Ռուսաստանի շահն այն է, որ ինքն այս ռեգիոնում իր ազդեցությունն ուզում է մեծացնել: Դա իր շահն է, իր իրավունքն է: Դու այդ իրավիճակից ելնելով՝ պետք է գտնես այնպիսի լուծում, որ գնաս նվազ կորուստների ճանապարհով: Սա կոչվում է նվազ կորուստներով լուծում: Եթե ոչ՝ կարող ես ունենալ ավելի շատ կորուստներ: Ամենեւին իրավունք չունես մեղադրելու այլ երկրներին, որ իր շահը ինքն է որոշում, դու քո շահը գտիր դրա մեջ»:

Մեր դիտարկմանը, որ մենք առանց այն էլ Պուտինի ոտքերի տակ ենք, էլ ինչքա՞ն գնանք իրենց ոտքերը ու արդյունքն էլ տեսնում ենք՝ Արամ Մանուկյանն արձագանքեց. «Ես նման բա՞ն ասեցի: Ակրոբատիկայի մեջ այսպիսի հարց կա՝ երբ ակրոբատը պտտվում, բարձրանում է վերեւ, դու պիտի հասցնես այն վիճակի, որ մի մատով ինքն արդեն պտույտն ամփոփի: Պետք չի մտնել տակը, պետք չի կորցնել սեփական արժանապատվությունը, հարկավոր է նրա էներգիան այնպես անել, որ մի մատի շարժումով դու մեծ արդյունք ստանաս: Նայենք՝ ՌԴ-ն ինչ շահեր ունի Հարավային Կովկասում Սիրիայից հետո: Սիրիայի հարցը լուծել է, Թուրքիայի հարցը լուծել է, ռազմաբազաներ ունի այստեղ եւ ուզում է ընդարձակել իր ազդեցությունը: Դա քո ցանկություններից դուրս է, քո հնարավորություններից դուրս է: Դու կարող ես այդ էներգիան այնպես օգտագործել, որ ստանաս առավելագույն բարգավաճում, զարգացում, բարիդրացիություն: Քաղաքականությունը շատ դաժան բան է»:

Ըստ Արամ Մանուկյանի՝ Հայաստանը ոչ թե թույլ է, որ իր հետ հաշվի չեն նստում, այլ անխելք է. «Մենք 93-ին ունեինք 300 մլն դոլարի բյուջե, ունեինք ընդամենը որսորդական զենքեր, որոնք մի հատ կրակում էինք, փողը կախվում էր, բայց կրել ենք, հաղթել ենք, որովհետեւ մեզ ոչ մեկը չէր ասում՝ աչքիդ վերեւը ունք կա, չկար նման բան: Արաբական մուսուլմանական երկրների լիգան, որը ռադիկալ էր, ոչ մեկը երբեք չասաց, որ Ղարաբաղում հայկական զորքերն ինչ են արել: Պարսկաստանում չէ՞ր Տեր-Պետրոսյանը, որ Շուշին գրավեցին, պարսիկ շահը թող ձայն հաներ, մի բառ ասե՞լ է: Սա այլ հեքիաթի ժանրից է՝ լինել մուսուլմանական երկրում, մնացած մուսուլմանական երկրի տարածքներն ազատագրել: Խելք է պետք: Փոքր ազգերը եթե զենք չունեն, խելքը պիտի օգտագործեն»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

22,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728