Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը տեղյա՞կ է՝ պետգույքի վարչությունում ինչպես են ավտոմեքենաները աճուրդով օտարվում

Փետրվար 23,2017 15:00

Արդեն շուրջ 1 տարի է, ինչ ՀՀ կառավարությունը իբր թե իրականացնում է պետական ավտոմեքենաների օտարման «ակտիվ» գործընթացը: Ու թեեւ թերթերը անդրադարձել են այդ խնդրին՝ նշելով, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ ավտոմեքենաները ցածր գներով վաճառվել են հիմնականում Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի մերձավորներին, այնուամենայնիվ՝ նշված գործընթացը փաստացի տնօրինող Պետգույքի կառավարման վարչությունը բազմիցս նշել է, որ իբր գործընթացը իրականացվում է լիովին թափանցիկ: Եվ ահա այդ գործընթացի այն թաքստոցները, որտեղ ձեւավորվում է կոռուպցիայի մի ամբողջ որջ:

Նախ՝ պետական ավտոմեքենաների աճուրդների համար սահմանված է մասնակցության բավականին բարձր վճար՝ յուրաքանչյուր աճուրդի համար 20.000 դրամ, որն անկախ աճուրդի արդյունքներից՝ չի վերադարձվում, այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե մասնակիցը աճուրդի արդյունքում հաղթո՞ղ է ճանաչվում, թե՞ ոչ:

Թեեւ նախորդ տարի ու այս տարի կատարվել են մասնակցության վճարի չափի որոշ տարանջատումներ՝ կախված գույքի գնից, այնուամենայնիվ՝ ավտոմեքենաների աճուրդների մեծ մասի դեպքում այն եղել է 20.000 դրամ, քանի որ օտարվող ավտոմեքենաների մեծ մասի արժեքը մեծ է եղել 100.000 դրամից: Պարզից էլ պարզ է, որ նման պայմաններով որեւէ մեկը ուղղակի (առանց ծանոթի կամ միջնորդի) չի դիմի այդ աճուրդներին, քանի որ շատ մեծ է հավանականությունը, որ չի շահի եւ կկորցնի իր 20.000 դրամը: Հավանական է, որ անձը կդիմի աճուրդին միայն այն դեպքում, երբ ծանոթի միջոցով կարողանա ճշտել, որ միայն ինքն է աճուրդին դիմել, եւ այդ դեպքում թեեւ կկորցնի 20.000 դրամը, սակայն ինքնաբերաբար կդառնա աճուրդի հաղթող, այն էլ՝ ավտոմեքենան գնելով աճուրդի համար սահմանված նախնական գնով:
Իսկ ինչի՞ հիման վրա է Պետգույքի կառավարման վարչությունը սահմանել վերոնշյալ մասնակցության վճարը:

ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 882-Ն որոշմամբ հաստատված «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող եւ դրանց ամրացված գույքի օտարման» կարգի 18-րդ կետի բ ենթակետի համաձայն՝ 18. Աճուրդին (մրցույթին) մասնակցելու համար մասնակցի կողմից վճարվում է`

ա) նախավճար` մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 5%-ի չափով, որը հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս եւ չի վերադարձվում, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, իսկ չհաղթող մասնակցին վերադարձվում է վերջինիս դիմելուց հետո եռօրյա ժամկետում

բ) մասնակցության վճար, որը գույքի գնի մեջ չի ներառվում, անկախ աճուրդի (մրցույթի) արդյունքներից` չի վերադարձվում եւ օգտագործվում է աճուրդի (մրցույթի) կազմակերպման նպատակով»:

Այստեղից կարելի է եզրակացնել, որ թեեւ թույլատրվում է սահմանել նմանատիպ մասնակցության վճար, սակայն այն պետք է օգտագործվի բացառապես աճուրդի (մրցույթի) կազմակերպման նպատակով, եւ հետեւաբար մեկ աճուրդի մասնակցության չափը չի կարող գերազանցել մեկ աճուրդի կազմակերպման ծախսերի հանրագումարը:
Իսկ որքա՞ն կարող են կազմել մեկ աճուրդի կազմակերպման ծախսերը, եւ ինչե՞րն են մտնում այդ ծախսերի մեջ: Ըստ էության, այդ ծախսերը ներառում են թղթերը, թանաքը եւ այլ գրենական պիտույքների արժեքը, որոնք օգտագործվում են աճուրդի կազմակերպման համար, որոնց հանրագումարը կկազմի հավանաբար ընդամենը մի քանի հարյուր դրամ՝ յուրաքանչյուր աճուրդի համար: Աճուրդի կազմակերպման ծախսերի մեջ կարելի էր ներառել նաեւ, օրինակ, օգտագործվող գույքի՝ հիմնական միջոցների մաշվածությունը, սակայն դրա մասին խոսք լինել անգամ չի կարող, քանի որ աճուրդները անցկացվում են Պետգույքի կառավարման վարչությանը կից Աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ում, որի ե՛ւ շենքը, ե՛ւ պայմանները գտնվում են չափազանց անմխիթար վիճակում, իսկ ՊՈԱԿ-ի գույքը այն աստիճան հին է, որ վաղուց այլեւս չի կարող ունենալ մաշվածություն (հիմնական միջոցները ունենում են օգտագործման ժամկետ, որի ավարտից հետո այլեւս մաշվածություն չի հաշվարկվում): Մյուս կողմից՝ աճուրդի կազմակերպման ծախսերը չեն կարող ներառել օրինակ` ավտոմեքենաների պահառության վայր տեղափոխելու եւ այնտեղ պահելու հետ կապված ծախսերը, քանի որ դրանք ծածկվում են այլ կերպ՝ համաձայն ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգի 2.1 կետի, կամ օրինակ` գույքի գնահատման ծախսերը, որոնք առանձին են հաշվարկվում:
Կարելի է եզրահանգել, որ ցանկացած աճուրդի կազմակերպման ծախսը մեծ հաշվով միեւնույնն է եւ կազմում է ընդամենը մի քանի հարյուր դրամ:

Սակայն այդ դեպքում էլ 2-րդ հարցն է նաեւ առաջանում, թե ինչի հիման վրա է Պետգույքի կառավարման վարչությունը տարանջատել մասնակցության վճարի չափերը՝ կախված օտարվող գույքի գնից: Վարչության կայքէջում՝ www.spm.am, նշվում է, որ ս.թ. փետրվարի 15-ից հետո աճուրդի մասնակցության վճարի չափը սահմանված է` գույքի գնահատված արժեքը մինչեւ 50.000 դրամը ներառյալ կազմելու դեպքում 1000 (հազար) դրամ, գույքի գնահատված արժեքը 50.000-ից բարձր մինչեւ 100.000 դրամը ներառյալ կազմելու դեպքում՝ 5000 (հինգ հազար) դրամ, գույքի գնահատված արժեքը 100.000-ից բարձր մինչեւ 500.000 դրամը ներառյալ կազմելու դեպքում՝ 15.000 (տասնհինգ հազար) դրամ, գույքի գնահատված արժեքը 500.000 դրամը գերազանցելու դեպքում՝ 20.000 (քսան հազար) դրամ (մինչ այդ՝ գույքի գնահատված արժեքը 100.000 դրամը չգերազանցելու դեպքում մասնակցության վճարը 5000 դրամ էր, իսկ 100.000-ից բարձրի դեպքում՝ 20.000 դրամ, իսկ մինչ 2016թ. օգոստոս ամիսը՝ բոլոր դեպքերում 20.000 դրամ):
Եթե ցանկացած աճուրդի կազմակերպման համար ծախսվում է միեւնույն գումարը, ապա որքանո՞վ է օրինական գույքի գնից կախված սահմանել տարբեր չափի մասնակցության վճարներ:

Մի կողմ դնելով աճուրդների մասնակցության վճարների հետ կապված խնդիրները՝ տեսնենք, թե որքանով է թափանցիկ գործընթացի մնացած մասը, եւ ինչ է կատարվում մեքենաների պահառության վայրում՝ Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում: Այստեղ ավտոմեքենաների մեծ մասի վրա չկան պետհամարանիշներ կամ այլ տվյալներ, ուստի նույն մակնիշի միանման երկու ավտոմեքենան հնարավոր չէ տարբերակել՝ www.spm.am կայքում տեղադրված օտարման ենթակա համապատասխան ավտոմեքենաների տվյալների հետ համադրելու նպատակով: Պահառության վայրում ավտոմեքենաները հնարավոր է զննել միայն արտաքնապես, հետեւաբար արտաքին զննությամբ՝ ուղղակի նայելով, տեխնիկական վիճակի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չես կարող ստանալ:

Բացի այդ, ավտոմեքենաների պահառության վայրում մշտապես առկա են լինում ավտոմեքենաներ, որոնց աճուրդները դեռեւս հայտարարված չեն լինում, ուստի հնարավոր է, որ այդ ավտոմեքենաների վաճառքի վերաբերյալ պայմանավորվածությունները իրականանում են նախօրոք, որից հետո միայն հայտարարվում է դրանց աճուրդների վերաբերյալ տեղեկատվությունը:

Անդրադառնանք www.spm.am կայքի աճուրդի հայտարարություններին: Օտարվող ավտոմեքենաների աճուրդների հայտարարություններում մանրամասն չի նշվում, թե ինչ տեխնիկական վիճակում է գտնվում ավտոմեքենան, չկան մեքենաների նկարները եւ այլն: Մի շարք հայտարարությունների դեպքում ընդհանրապես որեւէ տեղեկատվություն չկա ավտոմեքենաների տեխնիկական վիճակի վերաբերյալ, իսկ մի մասի դեպքում էլ ընդամենը նշվում է՝ օրինակ, ենթակա է մասնակի նորոգման կամ ենթակա է կապիտալ նորոգման: Բացի այդ, www.spm.am կայքում ավտոմեքենաների վաճառված լինել/չլինելու վերաբերյալ թարմացումները իրականացվում են ավտոմեքենայի աճուրդի կայանալուց հետո տասներորդ օրը, այն մեկնաբանությամբ, որ աճուրդին հաղթած մասնակիցը տասնօրյա ժամկետում պետք է վճարի գույքի գնի եւ կանխավճարի տարբերություն կազմող մնացած մասը: Սակայն իրականում դա նույնպես կոռուպցիայի գործիքներից մեկն է:

Դիտարկենք այսպիսի մի օրինակ. աճուրդի հայտարարություններում դեռեւս չներառված ավտոմեքենան, գտնվելով պահառության վայրում, նախօրոք գտել է իր գնորդին: Ենթադրենք, ավտոմեքենայի շուկայական գինը 2 մլն դրամ է: Պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ մեքենայի գինը գնահատվի 1 մլն դրամ, իսկ 500.000 դրամ գնորդի կողմից կաշառքի տեսքով վճարվի համապատասխան անձանց: Սակայն սա դեռ պայմանավորվածության ամբողջ մասը չէ. 1-ին աճուրդի ժամանակ հավանաբար ոչ ոք չի դիմի, քանի որ գնորդից բացի՝ որեւէ այլ անձ չի ունենա տեղեկատվություն ավտոմեքենայի տեխնիկական վիճակի մասին: Առաջին աճուրդի չկայանալու պատճառով մեքենայի գինը երկրորդ աճուրդի համար կնվազի 20%-ի չափով: Եթե առաջին աճուրդի օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում ինչ-որ մեկը ցանկանա դիմել ավտոմեքենայի երկրորդ աճուրդին, ապա այդ անձին հնարավոր է տեղեկացվի, որ ավտոմեքենան արդեն իսկ վաճառվել է առաջին աճուրդի ժամանակ, եւ հետին ամսաթվով վաճառքը կարող է ձեւակերպվել: Հակառակ դեպքում՝ եթե ավտոմեքենայի երկրորդ աճուրդին էլ դիմող չլինի, ապա ավտոմեքենայի աճուրդը կրկին չի կայանա, իսկ գինը կրկին 20%-ով կիջնի, եւ այդպես շարունակ: Ահա այս է հավանաբար հիմնական պատճառը այն բանի, որ կայքում ավտոմեքենաների վաճառված լինելու վերաբերյալ թարմացումները իրականացվում են ավտոմեքենայի աճուրդի կայանալուց հետո 10-րդ օրը, այլապես թարմացումը կիրականացվեր աճուրդի անմիջապես նույն օրը, իսկ վաճառքի գնի եւ կանխավճարի տարբերությունը տասնօրյա ժամկետում չվճարվելու պարագայում կրկին թարմացում կիրականացվեր:

Համադրելով նշված կետերը՝ կարելի է նկատել, որ Պետական գույքի կառավարման վարչության «բացթողումներն» ամենեւին էլ պատահական չեն. բարձր մասնակցության վճարները եւ ավտոմեքենաների տեխնիկական վիճակի մասին մանրամասն տեղեկատվություն չհրապարակելը այն գործիքներն են, որոնցով էապես նվազեցվում են «պատահական» մարդկանց կողմից աճուրդներին դիմելու հնարավորությունները, իսկ ավտոմեքենաների՝ աճուրդում վաճառված լինելու վերաբերյալ տեղեկատվության թարմացման տասնօրյա միջակայքը «գործընթացը» սահուն իրականացնելու կարեւորագույն գործիքներից է:

Ստացվում է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները ոչ միայն մեր հաշվին (բյուջեից) գնում եւ օգտագործում են ծառայողական թանկարժեք մեքենաներ, այլեւ մի հատ էլ այդ ավտոմեքենաները օտարելիս յուրացնում են դրանք, փայ մտնում կամ վաճառում իրենց մերձավորներին: Այս ամենի արդյունքում ակամա հարց է առաջանում, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղյա՞կ է արդյոք պետական գույքի օտարման գործընթացում նմանօրինակ «մանր գողությունների» հնարավորությունների մասին:
Պատրաստ ենք լսել նաեւ Պետգույքի կառավարման վարչության տեսակետը:

 

«Առավոտ»

22,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728