Լրահոս
Օրվա լրահոսը

Բեմադրիչ-դրամատուրգ համախոհությունը՝ Ֆեյսբուքով

Փետրվար 23,2017 13:30

Կայացավ «Արծվաբույն» ներկայացման պրեմիերան

Օրերս Դավիթ Հարությունյանի բեմադրությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացած Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույն» դրամայի ներկայացման պրեմիերան անուղղակիորեն հավաստեց, որ հետեւողական որոնումներով կարելի է բեմադրիչ-դրամատուրգ արդյունավետ համախոհություն գտնել մինչեւ անգամ ֆեյսբուքյան ծանոթությամբ: Ասվածը վերաբերում է Հրաչ Բեգլարյանին եւ Դավիթ Հարությունյանին: Այս «կապի» մասին դեռեւս մինչ «Արծվաբույնի» պրեմիերան «Առավոտին» փոխանցել էր թատերագետ Նվարդ Ասատրյանը, որից էլ խնդրեցինք մասնագիտական վերլուծություն պրեմիերայի առիթով: «Լավատեղյակ լինելով բեմադրական 5 տարբերակներից «Արծվաբույն 1991»-ին, վստահեցնում եմ, որ Հրաչ Բեգլարյանի դրաման խոշոր կտավի հերոսապատում բեմավորելու հավատընծա հիմքեր է տալիս:

Սեւանցի բանաստեղծի, հրապարակախոսի, պատմաբանի եւ երիտասարդ բեմադրիչ, սցենարիստ Դավիթ Հարությունյանի լիակատար համախոհությամբ բեմի պահանջներին համարժեք լրամշակվել էին մեկտեղված կենսական փաստերը, կոնկրետացվել հերոսների կերպարները: Եվ ի սկզբանե արցախյան գոյամարտի մեկօրյա կյանքն արտացոլող դրամայի ընդգրկման շրջանակն էապես ընդլայնվել էր: Ուստի առանձնակի սրված հետաքրքրությամբ էի սպասում դրամատուրգ-բեմադրիչ երկամյա այս համագործակցության բեմելին»,- հայտնեց թատերագետը: Ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանին, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ բեմադրիչի ստեղծագործական տարեգրության ձեւավորմանը հետեւել է Վահե Քաչայի

Տեսարաններ «Արծվաբույն»-ից:

«Գիշատիչների խնջույքը» դիպլոմային աշխատանքի առաջին բեմելից ի վեր: «Բեմադրիչին մշտապես հուզող թեմայի բեմական կերպավորումն ու միջավայրը գտնելու համար պարարտ հող էին ապահովել ճանաչված երաժիշտ Արման Էլբերտը եւ «Արտավազդ»-ակիր բեմանկարիչ Սեդրակ Վելիկոդնին: Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է նշեմ, թե կասկած չունեի, որ «Արծվաբույնի» քաջորդիների հավաքական կերպարներին միս ու արյուն տալուն կոչված երիտասարդ սունդուկյանցիները, միջին ու ավագ սերնդի մի քանի արվեստակիցների համադաշնությամբ, իրենց հոգեհարազատ այս դրամայի գլխավոր ասելիքի համազգային կարեւորության թատերայնացման ավարտուն ամբողջացմանը լծվելու են դերից դեր բազմերանգացող կերպապնակի հնարավոր բոլոր նրբերանգներով»,- ասաց տիկին Ասատրյանը:

Մեր զրուցակիցը հատուկ շեշտեց, որ «Արծվաբույնը» ինքը մտադիր էր ներգրավել Հայաստանի Երրորդ հանրապետության քառորդդարյա հոբելյանին նվիրված 23-րդ «Թատերական Լոռու» խաղացանկում: Մինչդեռ Սունդուկյան թատրոնի տեխնիկական վերազինմամբ պայմանավորված, ձգձգվում էր Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անկախության 25-ամյա հոբելյաններին ձոնված «Արծվաբույնի» հանդիսատեսային քննությունը Երեւանում:

Անդրադառնալով պրեմիերային, թատերագետը փաստեց, որ թատրոնի ճեմասրահում զինվորական փողային նվագախմբի կատարումները հանդիսատեսին ուղեկցեցին դահլիճ: «Ավելին, ժպտալով Մայրաքաղաքային գնդի զինվորներին, ապա պատվո պահակների ընկերակցությամբ փողփողացող Եռագույնին, նախադեպը չունեցող թատերական հրավառությամբ տպավորված, հանդիսատեսը «դիրքեր զբաղեցրեց» «Արծվաբույնի» բեմական մատույցներում: Իսկ բեմում Արցախի սիրտը տանող դարպասի ավերակված քարակապի անառիկությունը մահու-կենաց պայքարով պաշտպանող ջոկատի ռազմական կենցաղը աշխույժ տեմպոռիթմով կենդանացնող առաջին իսկ տեսարաններից տանկով հուսալիորեն զրահավորված արծիվների բնօրրանում ծավալվելիք գործողությունների վրա արագ կենտրոնացավ լեփ-լեցուն հանդիսասրահը»,- հավաստիացրեց տիկին Ասատրյանը:

Հետո էլ հավելեց. «Իր վարակիչ անկեղծությամբ առաջին իսկ մուտքով բեմը կյանքով լցրեց գյուղի միակ սգակիր բնակչուհու՝ 80-ամյա Ամայի դերակատարուհի Ջուլիետ Ստեփանյանը: Պարզ ու անմիջական բեմական վարքագծով նա աննկատ օգնեց երիտասարդ խաղընկերներին եւ ինքն էլ շուտով միաձուլվեց մարմնավորած հերոսուհու կերպարին: Բնիկ արցախցի այս հայ մերիկը դարձավ թատերախաղի կենտրոնաձիգ ուժը: Կրակվեցին ներկայացման գլխավոր ասելիքը զինվորների ու մայր հողի պահապան հրեշտակ Ամայ-Ստեփանյանի ընկերությամբ ձեւավորող բոլոր խաղընկերները: Ներկայացման համատեքստում անհատական գույներով այս կամ այն չափով կարեւորվեցին աննահանջ պատերազմի ջահակիր հրամանատար Սիմոնը (Լեւոն Ավետիսյան), կենսախինդ մարտիկ Լոպազ Դավիթը (Արթուր Հարությունյան), բանաստեղծ Արսենը (Մեսրոպ Աբտոյան), գնդացրով ու երգով թշնամուն լռեցնող Մարգարը (Լեռնիկ Հարությունյան)…»: Թատերագետը հավելեց նաեւ, որ հատկապես պատերազմի թեժ գծում ամուսնուն փնտրող ռադիոլրագրող Սոնային (Մարիամ Դավթյան) եւ հոսպիտալացվելուց համառորեն հրաժարվող կոնտուզիահար զինվոր Կամոյին (Անդրանիկ Զաքարյան), սյուժետային հստակ գիծ չունեցող պիեսի, հայ գենի կենսունակության հզոր ուժի նորահաստատման առաքելությունն էր վերապահված: Իսկ ներկայացման համեմվածությունը հումորով, երգուպարով, մելոդրամատիկ հնչերանգների առկայծումներն ակնհայտորեն հաճո էին հանդիսատեսին:

Նվարդ Ասատրյանը հատուկ նշեց, որ «Արծվաբույնը» բեմադրելիս բացառվել է հայրենասիրության փքուն քարոզը, բայց կասկած չէր հարուցում կյանքի գնով հայրենիքի ազատությունը պաշտպանելու բեմական կամավորականների պատրաստակամությունը:
Իմիջիայլոց, այս ներկայացումը մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում կներկայացվի նաեւ մարզերում:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ»

22,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արմինե says:

    Հայրենասիրական թեմա էր, բայց բավականին տաղտկալի ներկայացում էր, թույլ դրամատուրգիական հիմքով: Բազմաթիվ մարդիկ առաջին ամսից հետո դուրս եկան ցուրտ դահլիճից: Ջուլիետը լավն էր, բայց կենցաղային էր, ինչպես միշտ: Ափսոս, որ մշակութային լրագրող Նվարդը այդքան ճոռոմ խոսքեր է շռայլել՝ չգիտակցելով, որ այդպես անհավասարակշիռ վերլուծություն չեն անում: Միթե թերությունններ չկային? Այն էլ ինչքան: Մարիամի խաղը շատ թույլ էր, ինչու չնշեցիր? Ինչևէ, հոգնել ենք նման թեմաներից:

  2. Ասպրամ says:

    Ավաղ միջակ ներկայացում էր:

  3. Տիգրան says:

    Ամենաեղկելի երևույթը կեղծ հայրենասիրությունն է…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728