Հազի առաջացման պատճառները տարբեր են, բուժումը՝ եւս: Ժողովրդական բժշկությունը առաջարկում է սովորական հազի դեմ առավել տարածված բնական դեղամիջոցները.
1. Տեւական կրծքային հազի դեպքում հարկավոր է վերցնել վարսակ, գարի, եղերդ՝ ցիկորի, 2 գրամ մաքրած դառը նուշ: Այս խառնուրդով պատրաստել սուրճ եւ խմել: Այն կարելի է խմել նաեւ տաք կաթով: Հավասարաչափ խառնուրդից 1 թեյի գդալը համարժեք է 1 բաժակ սուրճին:
2. Շաղգամի եռացրած հյութը շաքարով կամ մեղրով օգտակար է մրսածությունից կրծքի ցավերը եւ հազը բուժելու համար:
3. 10 գլուխ սոխը եւ 1 գլուխ սխտորը մանրացնել եւ եռացնել չմանրէազերծված կաթի հետ այնքան, մինչեւ դրանք փափկեն: Վերջում ավելացնել մի փոքր մեղր, խառնել եւ խմել 50-ական գրամ, օրական 3 անգամ:
4. Բողկի կամ գազարի 100 գրամ հյութը խառնել նույնքան կաթի կամ մեղրաջրի հետ, խմել ճաշի գդալով օրական 6 անգամ:
5. 2 ճաշի գդալ չմանրէազերծված թարմ կարագ, 2 թարմ ձվի դեղնուց, 1 թեյի գդալ ցորենի ալյուր եւ 2 թեյի գդալ մաքուր մեղրը խառնել իրար եւ խմել 1-ական թեյի գդալ՝ օրական մի քանի անգամ:
6. Չորացրած սպիտակ թզի 2 հատիկ պտուղը եռացնել 1 բաժակ՝ 200 գրամ թարմ կաթի մեջ: Խմել օրական 2 անգամ տաք վիճակում:
7. 6-8 բողկը կտրատել բարակ շերտերով եւ ամեն մի շերտի վրա լցնել շաքարավազ կամ մեղր: Մոտ 10 ժամ հետո կառաջանա հյութ: Խմել մի ճաշի գդալ՝ ամեն ժամը մեկ: Այս միջոցով հազը կբուժվի ամենակարճ ժամանակամիջոցում:
8. Շաղգամը եռացնել մեղրով կամ շաքարով, քամել եւ հյութը խմել հազի եւ մրսածությունից կրծքի ցավերը բուժելու համար:
9. Սխտորի 2 հատիկ՝ պճեղ, մաքրել, դնել ջրի մեջ եւ եռացնել այնքան ժամանակ, որ սխտորը փափկի: Սխտորը ճզմել, տրորել եւ 1 թեյի գդալ մեղրով լավ խառնել եւ ուտել՝ հազը վերացնելու համար:
10. Վերցնել 100 գրամ գազարի հյութ, խառնել նույնքան կաթի եւ 20 գրամ կարագի հետ եւ խմել օրական 5 անգամ՝ հազը բուժելու համար:
11. Սեւ բողկը հայտնի է բուժիչ հատկություններով: Այն քերիչով քերել եւ քամել հյութը: 1 լիտր հյութին խառնել 400 գրամ հեղուկ մեղր եւ խմել 2 ճաշի գդալ ուտելուց եւ քնելուց առաջ՝ հազը բուժելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
22,02.2017