ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկեց ու մերժեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ դիմումը, որով կառույցը պահանջում էր ԿԸՀ-ին ներկայացնել պարզաբանում՝ կապված քվեածրարում այլ իր պարունակվելու ռիսկի հետ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը պարզաբանեց. «Եթե, ասենք, քվեաթերթիկի տակ ստորագրեմ կամ ծրարի վրա գրեմ, այն անվավեր կհամարվի, բայց եթե քվեածրարի մեջ դնեմ այցեքարտս, որպեսզի բոլորին ցույց տամ թե ինչպես եմ քվեարկել, կամ թուղթ, որպեսզի ինչ-որ մեկի համար հայտնի լինի, թե ես ինչպես եմ քվեարկել, այս դեպքում քվեարկության գաղտնիության խնդիր ենք ունենում»:
Նա նկատեց, որ անվավեր է ճանաչվում եւ օտար իր պարունակող, եւ վրան գրառում արված քվեաթերթիկը. «Ըստ ԸՕ-ի՝ անվավեր է համարվում ավելորդ գրառում պարունակող ծրարը, բայց այդ ավելորդ գրառումը կարող է լինել ծրարում՝ մեկ այլ թղթիկի վրա»: ԿԸՀ նախագահը հակադարձեց՝ պարզ է, որ հենց ծրարի վրայի գրառման մասին է խոսքը. «Հարցն արդեն իսկ քննարկել են ԿԸՀ-ում: ԸՕ-ով սպառիչ հիմքեր են սահմանվել, իսկ Դուք հիմա առաջարկում եք նոր հիմք սահմանել: Արդյո՞ք ԸՕ-ով ամրագրված սպառիչ հիմքերի պայմաններում ԿԸՀ-ն իրավասու է նոր իրավական հիմքերով լրացնել»:
Դանիել Իոաննիսյանը եւս նշեց, որ դա ոչ թե ԿԸՀ-ի, այլ օրենսդիր մարմնի գործառույթն է, ուստի «Իրազեկ քաղաքացիների միավորումն» առաջիկայում նշյալ խնդրի առնչությամբ նոր դիմում կներկայացնի ԿԸՀ:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ