ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին
Հարգելի պարոն Լավրով,
Շնորհակալություն եմ հայտնում ավանդական ջերմ ընդունելության համար: Կարող է և կրկնվեմ. Դուք արդեն մանրամասն պատմեցիք այսօրվա բանակցությունների մասին: Բայց ես իմ կողմից կցանկանայի կանգ առնել հետևյալ կետերի վրա:
Բանակցությունները բովանդակալից էին, հագեցած և, ինչպես միշտ, անցան փոխըմբռնման մթնոլորտում, ինչը և բնորոշ է դաշնակից երկրների համար:
Կարդացեք նաև
Այցը խորհրդանշական է, քանի որ մենք այսօր տալիս ենք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:
Հայաստանի Նախագահի՝ Ռուսաստան նախատեսված պաշտոնական այցի նախապատրաստումը, մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը մեր հանդիպման հիմնական թեման էր: Քննարկվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ համագործակցությունը քաղաքական, ռազմատեխնիկական, միջխորհրդարանական, միջտարածաշրջանային, հումանիտար, մշակութային ոլորտներում:
Մենք արծարծեցինք արտաքին քաղաքական համադրման հարցեր, փոխգործակցությունը ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում և այլ բազմակողմ միջազգային հարթակներում:
Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր՝ ահաբեկչության դեմ պայքարը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, սիրիական ճգնաժամը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին՝ հայկական մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխելու հարցում ցուցաբերած աջակցության համար: Դա տեղի ունեցավ նաև անցյալ տարի, և երկու անգամ միայն այս ամիս:
Քննարկեցինք մեր տարածաշրջանում անվտանգության հարցեր: Հատուկ ուշադրություն դարձրինք ղարաբաղյան կարգավորմանը, բանակցային գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Պարոն Լավրովի հետ մենք համակարծիք էինք, որ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը բացարձակապես անընդունելի է և վնաս է հասցնում խաղաղ գործընթացին:
Մեր կողմից կրկին ընդգծվեց 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ անժամկետ եռակողմ համաձայնագրերը պահպանելու կարևորությունը: Շեշտվեց նախորդ տարի Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Ցանկանում եմ շեշտել, որ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների ներդրումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործում: Հայաստանը՝ համանախագահների հետ, կշարունակի համատեղ ջանքերն այդ ուղղությամբ:
Հարգելի պարոն Լավրով,
Կրկին շնորհակալություն եմ հայտնում հրավերի և հարցերի լայն շրջանակի վերաբերյալ մտքերի փոխանակման համար:
Սիրելի բարեկամներ,
Ես հրավիրեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար, իմ գործընկեր Սերգեյ Լավրովին պաշտոնական այց կատարել Հայաստան:
ՀՀ ԱԳՆ