«Հարգելի մեղադրյալ, դատական քարտուղարին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ունե՞ք»,-այսօր Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դիմելով «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանին, հարցրեց դատավոր Աննա Մաթեւոսյանը:
«Միակ մարդը, ում պիտի ինքնաբացարկ չհայտնեմ, քարտուղարն է: Այդ խեղճն ի՞նչ է արել որ բացարկ հայտնեմ»,-դատավորին պատասխանեց Արայիկ Խանդոյանը: Սա դատարանում ծիծաղ ու ծափեր առաջացրեց:
Այսօր դատարանը լսեց Արայիկ Խանդոյանի պաշտպաններ Արա Ղարագյոզյանի եւ Արայիկ Պապիկյանի բողոքը, որով պաշտպանները պահանջում էին չեղյալ համարել քննիչի որոշումը, որով արգելվում է հարազատներին տեսակցելու եւ նրանց հետ հեռախոսով շփվել:
Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Վերադառնալուց հետո դատավոր Մաթեւոսյանն ասաց, որ Արայիկ Խանդոյանի պաշտպանների բողոքը մերժում է, եւ որ քննիչի որոշումը մնում է ուժի մեջ:
Կարդացեք նաև
Դատավորի մեկնաբանությունները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ քննչական մարմինն իր այդ որոշումը պատճառաբանել էր նախաքննության շահերից ելնելով:
Aravot.am-ի հետ զրույցում Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն ասաց, որ մեկ ամիս առաջ, երբ նույն միջնորդությունն են ներկայացրել, քննչական մարմինը նույն պատճառաբանությունը բերել է: Սակայն, ըստ պաշտպանի, հարազատները՝ կինը, մայրը, երեխաները, որեւէ քրեական գործով չեն անցնում, հետեւաբար որեւէ նախաքննությանը տվյալներ հաղորդելու, խոչընդոտելու խնդիր չկա. «Սասնա ծռերի» գործով անցնող բոլորի վրա մեկ հիմնավորում է դրված՝ նախաքննության շահերից ելնելով ու վերջ»,-ասաց պարոն Ղարագյոզյանը:
Դատարանում Արայիկ Խանդոյանին անհամբեր սպասում էին նաեւ նրա երեխաները: Փոքրիկները, որոնց գրկել էին հորը, գոնե մեկ րոպեով տեսնելու, արտասվում էին: Դատական նիստին նրանք մասնակից չեղան եւ մորը, տատիկին՝ Արայիկ Խանդոյանի մորը դրսում սպասեցին:
Արայիկ Խանդոյանի՝ դատարանի դահլիճ մտնելը ընդունվեց ծափերով, ողջուններով ու «Ա-րա-յիկ» վանկարկումներով:
Ի պատասխան Արայիկ Խանդոյանն էլ ողջունեց ու ասաց, որ իր համար չանհանգստանան, ապա դիմելով մորն ասաց՝ «Աստղս» իմ մասին չմտածես:
Մայրն էլ որդուն էր հորդորում հաց ուտել, հացադուլը դադարեցնել:
Դատավորը երկար ժամանակ չէր կարողանում Արայիկ Խանդոյանի համակիրներին հանգստացնել:
Մանրամասները` տեսանյութում:
Երբ դատավորը Արայիկ Խանդոյանին հարցրեց, թե միջնորդություն ունի՞ դատավորին ինքնաբացարկ հայտնելու, պատասխանեց՝ եթե ես ոչինչ իմ առաջ չեմ տեսնում, ինչպե՞ս կարող եմ ինքնաբացարկ հայտնել, ապա ավելացրեց. «Դուք ստրկության մեջ եք, դուք չեք կարողանում ձեզ ստրկությունից հանել, որ երբ մարդը ձեզ փողոցում տեսնի կարողանա սրտանց բարեւել»:
Արայիկ Խանդոյանը դատավորի հարցերին, ըստ էության, չէր պատասխանում: Դատավորին հիշեցնելով 1915 թվականի ցեղասպանությունը, երբ ոճիր գործած թուրքերի սերունդները ներողություն են խնդրում հայ ժողովրդից, ասաց, նրա թոռներն էլ են գալու իր եւ «Սասնա ծռերի» մյուս անդամների շիրիմներին ներողություն խնդրելու:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
իրենց գործած արյունահեղ հիմարությունից ի վեր, ինչ որ ուզես, ասացին, հայտարարեցին, ամէն առիթով
սակայն այսքան ամիսներէ ետք, տակաւին ոչ մի անգամ, ոչ մի կերպով ոչ մի խօսք իսկ չասացին, որպէս ցաւակցական տարրական արտահայտություն՝ այն երեխաներին, որոնց հայրերը սպանեցին
դուք, վաղ թէ ուշ, հանդիպելու էք դարձեալ ձեր ընտանիքի անդամներին.
այդ սպանվածներն ու իրենց ծնողները, կիները, երեխաները, բարեկամները մէյ մըն ալ երբեք զիրար չեն տեսնելու – այս աշխարհում
եւ դեռ այսպէս հանրային միմոսություններ էք անում
երեւի սպասելու ենք որ, թերեւս, ձեր թոռնիկները մի օր երթան սպանված ոստիկանների թոռնիկներից ներողություն խնդրեն
մէյ մը որ դատավարությունները սկսվեն, ամէն բան կանոնաւորապէս բացահայտվի, շատեր որոնք տակաւին ծափահարում են այս մոլորյալներին, ամաչելու են որ այսքան տղայական եւ մակերեսային կերպով են մօտենում այս նյութին