Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հայկանուշ Միքայելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց կաթի փոշու գողության թեմայով նախնական դատական նիստը։ Հիշեցնենք, որ հայցվոր կողմը «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ, Գյումրու ՏԻՄ ընտրություններում այս նույն կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Մարգարյանն է։
Նա դատի է տվել «Գյումրեցու ոգի» կուսակցությանը քարոզարշավի վերջին ժամերին Գյումրու երեք հեռուստաընկերություններով՝ «Շանթով», «Ցայգով» ու «Շիրակով» իրեն կաթի փոշու գողության մեջ մեղադրելու համար։
«Գյումրեցու ոգի» կուսակցությունը, օգտվելով նախընտրական քարոզարշավի իր իրավունքից, պատվիրել է եթեր հեռարձակել «Ճանաչի՛ր» վերնագիրը կրող տեսանյութը, որտեղ խոսվում է այն մասին, որ Հովհաննես Մարգարյանը, երկրաշարժի տարիներին լինելով Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկայի տնօրեն, յուրացրել է աղետի գոտուն օգնություն ուղարկած 8 տոննա կաթի փոշին:
Կարդացեք նաև
Պատգամավորն էլ իրեն զրպարտելու, վիրավորելու, պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու համար «Գյումրեցու ոգի» կուսակցությունից պահանջում է ներողություն խնդրել, հերքումով հանդես գալ, զրպարտելու համար հատուցել աշխատավարձի երկու հազարապատիկի չափով, իսկ վիրավորանքի համար՝ հազարապատիկի չափով: Այսինքն` խոսքը երեք միլիոն դրամի մասին է, 1 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար, 2 միլիոն դրամ՝ զրպարտանքի։
Այսօրվա դատական նիստին դատավոր Հայկանուշ Միքայելյանը Հովհաննես Մարգարյանի շահերը պաշտպանող փաստաբաններից պահանջեց տարանջատել տեսանյութում տեղ գտած վիրավորական բառերը զրպարտությունից, որպեսզի հետագայում կարողանա ճիշտ իրավական գնահատականներ տալ դրանց։
Հովհաննես Մարգարյանի փաստաբաններից Օհան Գևորգյանը նշեց, որ «գողանալ, թալանել, հարստանալ» բառերը վիրավորական արտահայտություններ են։ Իսկ տեսանյութում տեղ գտած արտահայտությունները, թե «Հովհաննես Մարգարյանը, 1994 թվականին լինելով Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկայի տնօրեն, կաթի փոշու գողության համար հայտնվեց ճաղերի հետևում», «և այս մարդը Գյումրու շահերն է պաշտպանում ԱԺ-ում, ով գողացել է սոված մարդկանցից», կամ «սոված մարդկանցից սնունդ գողացողը ուզում է քաղաքապետ դառնալ» զրպարտություններ են, քանի, որը, ըստ Հովհաննես Մարգարյանի փաստաբանի, իր պաշտպանյալը երբեք դատված չի եղել, կան վկայող փաստաթղթեր՝վերցված դատախազությունից ու ոստիկանությունից, որոնք իրենք կներկայացնեն դատարանին։
Ըստ փաստաբանի, խախտվել է մարդու անմեղության կանխավարկածը։ «Գյումրեցու ոգի» կուսակցության փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գագիկ Թովմասյանն էլ խնդրեց, որ Հովհաննես Մարգարյանի փաստաբանները մատնանշեն վիրավորական արտահայտությունները։ Դատավորի զարմանքին, թե հենց նոր թվարկեցին, վերջինս նշեց․ «Ինձ համար պարզ չէ, թե որն է զրպարտությունը, որը՝ վիրավորանքը։ Օրինակ՝ գողանալ բառը ինձ համար վիրավորանք չէ»։
Հովհաննես Մարգարյանի փաստաբան Ալբերտ Դերձակյանը շշպռեց «Գյումրեցու ոգի» կուսակցության փաստաբանին՝ ասելով․«Ցանկացած ողջամիտ մարդու, եթե ասեք գող ես, թալանչի ես, կվիրավորվի, եթե անգամ գողության ու թալանի մեղադրանքով 50 անգամ դատված մարդուն ասես գող ու թալանչի ես, կվիրավորվի։ Վերցրեք Էդուարդ Աղայանի բացատրական բառարանը, որտեղ հստակ տալիս է բացատրությունը։ Ես չեմ պատրաստվում առարկություններ ներկայացնել ձեր՝ ոչ ողջամիտ հարցին»։
Դատավորը հետաքրքրվեց, թե տեղի հեռուստաընկերություններին ո՞վ է տվել պատվերը, ո՞վ է տարել տեսանյութը ու հանձնել նրանց։ Հովհաննես Մարգարյանի փաստաբաններն ասացին, որ հարցում են կատարել հեռուստաընկերություններ, որտեղից և իրենց գրավոր պատասխանել են, թե կա փաստաթուղթ, որ «Գյումրեցու ոգի» կուսակցության նախագահ Սահակ Սահրադյանն է տրամադրել տեսանյութը։ Դատարանը որոշեց որպես վկա ներգրավել հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին։
Դատը հետաձգվեց՝ նշանակվելով մարտի 16-ին, ժամը 14․00-ին։
Նշենք, որ «Գյումրեցու ոգի» կուսակցության ներկայացուցիչն առարկեց դատական նիստի նկարահանումը, դատավորն էլ բավարարեց նրա պահանջը՝ այսպիսով` խոչընդոտելով լրագրողների աշխատանքը։ Դատավորի հարցին՝ ինչո՞ւ եք առարկում, «Գյումրեցու ոգի» կուսակցության փաստաբանը ոչ մի տրամաբանական հիմնավորում չներկայացրեց՝ ասելով՝ դա մեր իրավունքն է։
Մենք Հովհաննես Մարգարյանի փաստաբան Ալբերտ Դերձակյանից հետաքրքրվեցինք, թե ըստ իրեն՝ ի՞նչ մտավախություն ունի այս կուսակցության ներկայացուցիչը, որ դեմ է կանգնում հասարակական հնչեղություն ունեցող դատական նիստերի նկարահանմանը։ «Ասելու ոչ մի բան չունեն, կաշկանդված են՝ իմ կարծիքով», -ասաց Հովհաննես Մարգարյանի փաստաբանը։
«Գյումրեցու ոգի» կուսակցության ներկայացուցիչը լրագրողների այս հարցին, թե ինչո՞ւ եք դեմ նկարահանմանը, չպատասխանեց։ Հաջորդ հարցին, թե ըստ ձեզ՝ գողանալ, թալանել բառերը վիրավորական չե՞ն, նա ասաց, որ իրենց դիրքորոշումը կներկայացնեն դատաքննության ընթացքում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ