Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողները ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանին հիշեցրեցին Գագիկ Ծառուկյանի հետ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները եւ հետաքրքրվեցին`մտավախություններ չունեն, որ ինչ-որ մի պահի Գագիկ Ծառուկյանը կարող է կրկին լքել քաղաքական դաշտը:
Արարատ Զուրաբյանն ասաց, որ այն ժամանակ տեղի ունեցածը ընտրական տրամաբանությունից դուրս էր. «Դա ընտրական շրջան չէր, գործի էր դրվել ողջ պետական մեքենան: Այդ փուլում Գագիկ Ծառուկյանը ստիպված էր անհատական որոշում կայացնել: Այդ որոշումը ես դատապարտելի չեմ համարում: Շատ բուռն գործընթացներ էին`անկանխատեսելի հետեւանքներով: Այն ժամանակ ընտրական գործընթաց չէր ու հետեւանքները բերելու էին բախման»:
Հիմա ընտրական գործընթաց է ու բանախոսի կարծիքով քվեատուփի մոտ ընտրողն է որոշում կայացնելու`ո՞ր ուժին տա իր ձայնը: Ամեն դեպքում, քվեարկածների ցուցակների հրապարակումը, մատնահետքի եւ նկարահանող սարքերի առկայությունը, Արարատ Զուրաբյանի կարծիքով, որոշակի զսպող ազդեցություն կունենա եւ մի քիչ ավելի թափանցիկ ընտրություն կլինի:
Արարատ Զուրաբյանը գտնում է, որ հիմա քաղաքական ուժերի, մասնավորաբար, Ծառուկյան դաշինքի համար շատ նպաստավոր պայմաններ են`ստանալու մեծամասնությունը. «Բարձր եմ գնահատում «Ծառուկյան» դաշինքի շանսերը: Մի շարք հարցումներ ցույց են տալիս, որ «Ծառուկյան» դաշինքը առաջին տեղում է: Մի բան ակնհայտ է`գործող քաղաքական ուժը չի կարողացել այնպիսի իրականություն ապահովել, որ հասարակությունը գոհ լինի:
Կարդացեք նաև
Մեր ներկայացրած 15 կետերը կարող են իրավիճակը շտկել, հանրության շրջանում էլ դրական վերաբերմունք կա»: Դրանք նա միանգամայն իրատեսական է համարում, մանավանդ, երեք տարով փոքր ու միջին բիզնեսին հարկերից ազատելը, ինչը տնտեսության առողջացման գրավականն է
Այլ մանրամասները`տեսանյութում
Արարատ Զուրաբյանն ասում է, որ Գագիկ Ծառուկյանին հաջողվել է ձեւավորել այլ բեւեռ, կուռ ամուր քաղաքական թիմ, որեւէ այլ գործչի դա չի հաջողվել: «Ծառուկյան դաշինքը այլընտրանք է լինելու ՀՀԿ-ին: Այլ քաղաքական ուժ չեմ տեսնում, որը ՀՀԿ-ին արժանի հակառակորդ լինի: Այն ընդդիմադիր դաշինքն է, որը մրցակցային պայմաններում կարող է հաղթել ՀՀԿ-ին եւ ՀՀ-ում ձեւավորել իշխանություն»,- ասաց նա:
Հարցն`միակ մրցակիցը ՀՀԿ-ի՞ն է համարում, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Առաջին հերթին ՀՀԿ-ին, որը երկար տարիներ Հայաստանում մեծամասնություն է ձեւավորել: Քննադատության թիրախ, «Ծառուկյան» դաշինքը, այլ ուժերի չի դարձնի»:
Լրագրողներից մեկը հարցրեց`Գագիկ Ծառուկյանի շուրջ ինչի՞ համար են համախմբվում`իր գաղափարների, թե՞ փողի:
«Եթե մարդիկ համախմբվեին փողի շուրջ, ապա Հայաստանում ոչ միայն Գագիկ Ծառուկյանն է լուրջ կապիտալի տիրապետում, 20-30 անձ կա: Եթե փողի համար համախմբվեին, կհամախմբվեին ՀՀԿ-ականների շուրջ, որի շատ ներկայացուցիչներ ոչ միայն փող ունեն, այլ իշխանական լծակներ: Գագիկ Ծառուկյանին հաջողվել է քաղաքական թիմ ձեւավորել, ի պատիվ նրա, շատ-շատերին չի հաջողվել:
Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամ հայտարարել է եւ ես գնահատում եմ դա, որ ինքը հավակնություններ չունի: Նրան եղել են ծանրակշիռ առաջարկներ, նա հրաժարվել է: Հավատացեք, իրենց շատ լուրջ եւ ծանրակշիռ համարող քաղաքական գործիչներ, այդ առաջարկներից նվազ առաջարկին վազեվազ կգնային»,- ասաց Արարատ Զուրաբյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ