Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը վստահ է՝ ՀՀԿ-ն մականունավորներին կպահի

Փետրվար 22,2017 18:33

Այս օրերին կարծիքներ են հնչում, որ Սերժ Սարգսյանը ռեյտինգային այս ցուցակների միջոցով ուզում է մաքրել ՀՀԿ-ի մականունավորներին: Օրինակ, վերջերս քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասաց, որ ռեյտինգայինով սկսելու են բոլորն իրար «ուտել» ու հնարավոր է, որ «շմայսների» ժամանակն անցնի. «Եթե Շմայսը Սեյրան Սարոյանի հետ է դրել, ո՞վ է անցնելու: Նովոն էլ է այնտեղ դրել, Հրանտ Գրիգորյանը, ՄԱՊ-ի Ալիկը, հիմա ո՞ր մեկն է անցնելու, հինգն էլ անցնելո՞ւ են, ձեւ չկա»:

Aravot.am-ը «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ռեյտինգայինը կարո՞ղ է իսկապես նպաստել մականունավորներից ազատվելու, որովհետեւ ՀՀԿ-ի ցուցակում էլ նրանք հետին տեղերում են, թե՞ հնարավորություն կա, որ բոլորն էլ նույն ընտրատարածքից ռեյտինգայինով անցնեն: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մականունավորներին մաքրելու մի ձեւ կա. Սերժ Սարգսյանն ասում է՝ դու էլ չես գալիս: Դրա համար ընտրությո՞ւն էր պետք կազմակերպել, բյուջեից փող դուրս գրել, որ իրենց մականունավորներից ազատվե՞ն, մեր հաշվի՞ն է ուզում ազատվի»:

Ըստ Ալեն Սիմոնյանի, պարզապես Սերժ Սարգսյանը մրցույթ է հայտարարել, թե ով իրեն ամենաշատ ձայն կբերի եւ ըստ արժանվույն կստանա. «Մականունավորներից ո՞նց կազատվի, այդ մականունավորների վրա իրենք հենված են: Մարդ ո՞նց կարող է իր աթոռի ոտքերը կտրել: Մի մականունավորին կփոխարինի մեկ այլ մականունավորը, մեկ այլ մականունավորի որդին, մեկ այլ մականունավորի փեսան, աներձագը: Տեսնում ենք, այդ ամեն ինչը աչքներիս առաջ է տեղի ունենում»:

Մեր հարցին՝ Ընտրական օրենսգիրքը տալի՞ս է այդ հնարավորությունը, որ այն 5 մականունավորները, որոնք, օրինակ, Արմավիրում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել են, 5-ն էլ անցնեն՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հինգը չեն անցնի, բացի ԱԺ-ից շատուշատ պաշտոններ կան՝ քաղաքապետ կա, մարզպետ կա: Սերժ Սարգսյանն իր գործունեության ընթացքում ապացուցել է, որ ով իրեն հավատարիմ ծառայում է, ինքը ինչ-որ մի բանով փոխհատուցում է: Ինչ-որ հանձնաժողով է ստեղծում՝ գոյություն չունեցող, ղեկավար է նշանակում, ինքը սիրում է կիսվել: Մեկը քաղաքապետ կդառնա, մեկի եղբոր տղան ԺԵԿ-ի պետ կդառնա, ոչ մեկին չեն նեղացնի, մի անհանգստացեք»:

Մեր դիտարկմանը, որ ասում են՝ ՀՀԿ-ն օդիոզ դեմքերից բավականին ազատվել է, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ Լիսկային է հեռացրել, չե՞ք հավատում, որ ազատվում են նրանցից՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ոչ: Քանի անգամ Սուրիկ Խաչատրյանը հրաժարվեց, եկավ, Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց, գնաց-եկավ, Բեգլարյան Գագիկը հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից, նախարար նշանակվեց: Քանիսն են եղել: Ումի՞ց է ազատվել: Ում հետ անձնական կոնֆլիկտ է ունենում, ասենք, պատժում է: Ես չգիտեմ Հովիկ Աբրահամյանի հետ ինչ կլինի՝ կպատժի, չի պատժի, չթողեց գնա այնտեղ եւ այլն…մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մի անձի հոգեբանական եւ քաղաքական քայլերն ենք քննարկում: Մեր մոտ ամեն ինչ մի մարդ է որոշում եւ երբ ուզենա իր կուսակիցներից նույն մարդուն կնշանակի, կուզենա՝ կհանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728