Մենք այսօր «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանին հիշեցրինք, որ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ինստիտուցիոնալ ընդդիմության մասին՝ ԱԺ-ի իր հայտնի ելույթում ասում էր, որ չի եղել որեւէ ընդդիմություն, որ ՀՀ բոլոր 1988 ընտրատեղամասերում ունենա գոնե մեկական վստահված անձ. «Սա է եղել պատճառը, որ մենք ամեն անգամ ժողովրդի ձայնը ստացել ենք, չենք կարողացել տեր կանգնել: Հիմա ասում են՝ իշխանությունը բիրտ է, չի թողնում: Բայց եթե մի ընդդիմություն չի կարողանում մի տեղամասում 3 վստահված անձ ապահովի, ո՞նց է իշխանություն կազմելու, սուտ է ասում: Այս 20 տարի ասում են՝ իշխանությունը բիրտ է»: Հիմա 1997 ընտրատեղամաս կա, գոնե 3 վստահված անձով ամեն ընտրատարածքն ապահովե՞լ եք:
Նա պատասխանեց. «Ձգտում ենք ամբողջը ծածկել: Ես հիմա կոնկրետ զբաղված եմ 4-րդ իմ ընտրատարածքը ծածկելով»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի խոսքերին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը նաեւ ասում էր, որ մարդկանց կասի՝ գիտեք ինչ, այսինչ տեղում մենք կարողացել ենք փակել, այսինչ տեղում՝ չենք կարողացել: Ասածից որեւիցե բա՞ն է փոխվել»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, դրանից չի՞ բխում, որ դուք պարտադիր պետք է 3 վստահված անձ ունենաք ամեն ընտրատեղամասում, հակառակ դեպքում ո՞նց եք իշխանություն կազմելու՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դրանից բխում է, որ մենք ունենանք, որտեղ չունենանք՝ ձեզ կասենք: Կասենք՝ գիտեք ինչ, այսինչ տեղում չունենք, կամ կդիմենք ենթադրենք գործընկեր կուսակցության կամ ինչ-որ կազմակերպության, որ այս մասը չենք կարողացել լրացնել, դուք լրացրեք: Ճիշտ է ասում պարոն Փաշինյանը, ընդդիմությունը, որը հավակնում է երկիր ղեկավարելու, պետք է կարողանա 2000 մարդ կազմակերպելու, որ այդ մարդիկ 2000 ընտրատեղամասերում գոնե մեկական ներկայացված լինել: Եթե 3 մլն-անոց երկիր ես ուզում ղեկավարես, 2000 հոգի չես կարողանում ապահովել, ո՞նց ես գնում այդ քայլի: Պարզ է, որ այսօր ամեն ինչ անում են, որ ընդդիմությունն այդ հնարավորությունը չունենա: Մենք պարոն Փաշինյանի այդ ասածից հետո այն տեղերում, որտեղ մասնակցել ենք՝ Գյումրի, Վանաձոր, Նոր կյանք, մենք ամբողջը փակել ենք, այդպիսի ընտրատեղամաս չի եղել Գյումրիում կամ Վանաձորում, որ մենք վստահված անձ չունենանք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ