Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ քննարկել է Երևանի զարգացման քառամյա ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները:
Քննարկումը ծավալվել է Երևանի զարգացման ծրագրերի, քաղաքի բյուջեի կանխատեսելիության, հարկերի հավաքման և եկամուտների ձևավորման հարցերի, հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխման, ներդրումային ու գործարար միջավայրի բարելավման, զբոսաշրջության զարգացման, բնակֆոնդի արդիականացման, մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնման և մի շարք այլ ուղղություններով ծրագրերի շուրջ:
Վարչապետը նախ և առաջ ողջունել է Երևանի քաղաքապետարանի՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությունը խորացնելու և մի շարք ոլորտներ մասնավորի կառավարմանը հանձնելու ուղղությամբ տարվող քաղաքականությունը: Կառավարության ղեկավարն առաջարկել է համատեղ քննարկել, գնահատել բեռը, ձևավորել բյուջեն և ըստ այդմ՝ որոշել հետագա քայլերը: «Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեր փողը քիչ է, բայց եկեք ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքն ու, ըստ այդմ, շարժվենք առաջ: Մեզ պետք է ուղղակի 10, 15 տարվա հորիզոն ունենալ, երկարատև փող բերել և կարևոր խնդիրները ֆունդամենտալ լուծել», – ասել է Կարեն Կարապետյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ ընդհանուր առմամբ Երևանի զարգացման քառամյա ծրագիրը հաջող ավարտին է հասցվում, և արդեն տեսանելի են այն խնդիրները, որոնք պետք է դրվեն 2017 թ. ներկայացվելիք Երևանի զարգացման հնգամյա ծրագրի հիմքում: Քաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ հիմնականում ձեռքբերումներ են արձանագրվել ճանապարհաշինության, քաղաքաշինության, կոմունալ տնտեսության, բնակֆոնդի պահպանման, ենթակառուցվածքների բարելավման, բնապահպանության ոլորտներում, արդյունավետ համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվել են մի շարք ներդրումային ծրագրեր: Տարեկան կտրվածքով քաղաքացիների շրջանում անցկացվող սոցիալական հարցումների միջոցով վեր են հանվել հանրությանը հուզող մի շարք խնդիրներ՝ հասարակական տրանսպորտ, վերելակային տնտեսություն, կանաչ տարածքների պահպանում ու ընդլայնում և այլն: Հաշվի առնելով մասնավոր ընկերության կողմից աղբահանության ոլորտի կառավարման հաջող փորձը՝ մշակվել են փաթեթներ նաև կանաչապատման, ջրամատակարարման, քաղաքային լուսավորության բնագավառներում ևս մասնավոր կառավարիչներ ներգրավելու վերաբերյալ: Քննարկվում են նաև միջազգային կառույցների հետ համագործակցությամբ նշված և այլ ուղղություններով պիլոտային ծրագրերի հնարավորությունները: Նախատեսվում է այդ խնդիրներին լուծում տալ համայնք-մասնավոր հատված-պետություն համագործակցության շրջանակում:
Կարդացեք նաև
Այնուհետև քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է բնապահպանության, կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, քաղաքային միջավայրի և ենթակառուցվածքների զարգացման, գործարար միջավայրի բարելավման համաչափ զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև այդ ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններն ու նախատեսվող քայլերը:
Կամո Արեյանը նշել է, որ էական հաջողություն է արձանագրվել գործարար միջավայրի բարելավման առումով. արդյունավետ գործում է «մեկ պատուհան» ծառայությունը, նվազել են շինարարական թույլտվությունների համար սահմանված տուրքերը, կրճատվել է շինարարական փաստաթղթերի տրամադրման ժամկետը, գործարկվել է էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգը:
Առաջընթաց է արձանագրվել նաև արտաքին լուսավորության ոլորտում. 10 փողոցում տեղադրվել է 2086 նոր լուսատուների LED համակարգ, որը 60 տոկոս էլեկտրաէներգիայի տնտեսում է տալիս: Կանաչապատման աշխատանքների արդյունքում վերջին 4 տարում Երևանում էապես ավելացել է կանաչ տարածքների ծավալը: Չնայած դրան՝ անհրաժեշտ է ստեղծել բուֆերային անտառային գոտի, և այդ նպատակով արդեն բանակցություններ են տարվում որոշ ընկերությունների հետ: Նախատեսվում է ձևավորել մոտ 200 հա անտառային գոտի՝ մոտ 10-11 մլրդ ՀՀ դրամին համարժեք ներդրումով:
Անդրադառնալով վերելակային տնտեսության խնդիրներին՝ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս ոլորտի վերազինումը, կառավարումը և տեխնիկական սպասարկումը պետք է իրականացվի մեկ օպերատորի կողմից: Աշխատանք է տարվում վերելակային տնտեսության բարեփոխման ուղղությամբ: Իսկ բնակֆոնդի պահպանման աշխատանքների առումով նշվել է, որ բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը պահպանման խնդիր ունի, և յուրաքանչյուր տարի լուրջ ներդրումներ են հատկացվում այդ նպատակով:
Ներկայացնելով Երևանի բյուջեի եկամուտների դինամիկան՝ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ 2013-2016 թթ. քաղաքի սեփական եկամուտներն աճել են 16.4 տոկոսով կամ շուրջ 3 մլրդ ՀՀ դրամով։ Երևանի սեփական եկամուտների տեսակարար կշիռը ՀՀ համայնքների սեփական եկամուտների կազմում 56.7 տոկոս է, իսկ մեկ շնչին բաժին ընկնող սեփական եկամուտները կազմում են 18 հազ. ՀՀ դրամ։ 2017թ. սեփական եկամուտները ծրագրվել են նույն տրամաբանությամբ: 2016 թ. Երևանում իրականացվել են շուրջ 125 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրումներ, որից 77 տոկոսը՝ մասնավոր ներդրումների, 17.8 տոկոսը՝ պետական բյուջեի, իսկ 5.2 տոկոսը՝ համայնքային բյուջեի հաշվին և համայնք-մասնավոր համագործակցության այլ ծրագրերի հաշվին: 2017 թ. կանխատեսվում են շուրջ 171 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրումներ:
Բացի այդ, ներդրումային միջավայրի աշխուժացման նպատակով քաղաքապետարանը հրապարակել է 45 ներդրումային առաջարկ, որոնք վերաբերում են քաղաքաշինության, քաղաքային ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տրանսպորտի և այլ ոլորտներին. գնահատված ներդրումային ծավալը կազմում է շուրջ 600 մլն ԱՄՆ դոլար:
Վահե Նիկոյանի խոսքով՝ գործող օրենսդրական բազայի պայմաններում սեփական եկամուտներն օբյեկտիվորեն այլևս աճելու հնարավորություն չունեն, ինչպես նաև առկա է ինքնուրույն որոշումների կայացման և երկարաժամկետ ծրագրերի մշակման սահմանափակ հնարավորություն։ Հաշվի առնելով այս խնդիրները՝ Երևանի բյուջետային գործընթացի կանխատեսելիությունն ապահովելու նպատակով նախապատրաստվել և 2016 թ. տարեվերջին ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել օրենսդրական փոփոխությունների նախագիծ։ Վարչապետի հարցին՝ արդյոք ֆինանսական հոսքերի կանխատեսելիությունը հնարավորություն կտա՞ քաղաքում էական բարեփոխումներ իրականացնելու բեռը վերցնել, Վահե Նիկոյանը պատասխանել է, որ, օրինակ, հանրային տրանսպորտի և վերելակային տնտեսության բարեփոխման ծրագրերը մոտավոր գնահատմամբ արժենալու են շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար, և համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում վարկունակության ռեզերվը կմեծանա, հնարավոր կլինի այդ բեռը վերցնել:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ անդրադարձել է մշակույթի և կրթության ոլորտներին՝ ներկայացնելով ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը: Կարեն Կարապետյանին տեղեկատվություն է ներկայացվել նաև մայրաքաղաքում զբոսաշրջության խթանման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ:
Կարեն Կարապետյանը համակարծիք է եղել Երևան քաղաքում ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման ծրագրերում մասնավոր կառավարիչների ներգրավման առաջարկությանը: «Պետք է մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվարկենք. օրինակ, եթե մասնավորի հետ երկարատև պայմանագիր ենք կնքում, եթե ինքը կարողանում է իր տան փողը, բանկի փողը ներդնել LED-ի մեջ ու եթե այդ LED-ի էֆեկտը տարածենք ամբողջ քաղաքում, ինքն էֆեկտիվ է կառավարելու», – ասել է գործադիրի ղեկավարը: Կարևորելով Երևանում շինարարության ակտիվացումը՝ վարչապետն ասել է. «Պետք է փորձենք հնարավորինս աջակցել, որպեսզի քաղաքի շինարարությունն աշխուժացնենք, և քաղաքապետարանի թիմը պետք է մասնակից լինի ներդրողների ներգրավման գործին»:
Խոսելով Երևանը զբոսաշրջային առումով առավել հետաքրքիր դարձնելու մասին՝ վարչապետն առաջարկել է, բացի նախատեսվող միջազգային փառատոններից և մշակութային միջոցառումներից, մշակել նաև այնպիսի ծրագիր, որը կխթանի ներգնա տուրիզմը: «Պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն քանակին, այլև բովանդակությանը, քաղաքացու պահանջարկին և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներին», – նշել է Կարեն Կարապետյանը՝ առաջարկելով ակտիվ համագործակցել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:
Վարչապետը բարձրացրել է նաև Երևանի որոշ փողոցների արտաքին տեսքի պատշաճության և ներկայանալիության ապահովման հարցը՝ կարևորելով այս ուղղությամբ հետևողական աշխատանքը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ