«Քվեարկիր հանուն վերածննդի» կարգախոսով առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցող «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 136, տարածքայինում՝ 164 անձ: ՀՎԿ-ն դեռեւս չի հրապարակում ընտրական տարածքներում առաջադրված թեկնածուների ամբողջական ցանկը, հրապարակվել է միայն համամասնական ցուցակի առաջին յոթնյակը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ համամասնական ցուցակը գլխավորելու է ինքը, իսկ ցուցակում երկրորդը Մհեր Շահգելդյանն է, երրորդը` Հեղինե Բիշարյանը, չորրորդը` Հովհաննես Մարգարյանը, հինգերորդը` Իշխան Խաչատրյանը, վեցերորդը` Էդգար Առաքելյանը, յոթերորդը` Մարինե Քոչարյանը:
ՀՎԿ խոսնակ, պատգամավորի թեկնածու Էդգար Առաքելյանը առաջադրված է նաեւ վարկանիշային ցուցակով թիվ 1 ընտրատարածքում: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ ընտրատարածքում իրենից բացի առաջադրված է եւս 12 թեկնածու:
«Ե՛վ համամասնական, ե՛ւ վարկանիշային ցուցակով ներկայացրել ենք առավելագույն թվով թեկնածուներ, օրենքը պահանջում է 300, մենք այդքան էլ ներկայացրել ենք, եթե չեմ սխալվում միակ կուսակցությունն ենք, որ ամբողջական ներկայացրել ենք»,- ասաց Էդգար Առաքելյանը:
Կարդացեք նաև
Թիվ 1 ընտրատարածքում Էդգար Առաքելյանից բացի առաջադրվել են նաեւ սպորտսմեն Կարեն Ասմալյանը, տնտեսագետ Արմեն Ասլանյանը, ՀՎԿ-ի տարածքային կառույցներից մեկի ղեկավար Արտակ Ավետիսյանը, Արսեն Արզանյանը, Աշոտ Բալյանը, 2013-ին ավագանու ընտրություններին ՕԵԿ-ի համամասնական ցուցակով առաջադրված Հուսիկ Գեւորգյանը, 2003 թվականին «Ազգային միաբանություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր Գագիկ Կոստանդյանը, եւ ՀՎԿ-ի տարածքային կառույցների այլ ղեկավարներ, ինչպես նաեւ ՀՎԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ