Այսօր «Դեբատ» ակումբում «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ Դուք ձեր ֆեյսբուքյան էջում գրառում էիք արել Զարուհի Փոստանջյանի մասին՝ հույս հայտնելով, որ նա եթե ոչ այս փուլում, ապա հետագայում կմիանա ձեզ, ինչ-որ բանակցություննե՞ր եք վարել իր հետ, ինքը հույս տվե՞լ է, որ մի օր կմիանա «Ելք» դաշինքին:
Նա պատասխանեց, որ ինքն իր անունից է այդ գրառումն արել, ոչ թե «Ելքի». «Վստահ եմ, որ տիկին Փոստանջյանի հետ ունենալով ընդհանուր մոտեցում, մի օր մի քաղաքական տանիքի տակ ենք հայտնվելու: Պետք է դրա հետ կապված ամեն ինչ անել, որովհետեւ նման քաղաքական գործիչ մեր քաղաքական դաշտին պետք է: Ցավում եմ, որ նա չի մասնակցում այս ընտրություններին»:
Թե ինչու Անահիտ Բախշյանը որոշեց հենց «Ազատ դեմոկրատների» ցուցակում լինել՝ նա ասաց, որ երկար ժամանակ մտածել է, ծանրութեթեւ արել, հետո, հիշել է, թե ոնց էր պատգամավորների գլուխները հաշվում ԱԺ-ում. «Այդ գործունեությունը ես սիրեցի: Փորձ ունեմ, ուզեցի շարունակել: Եթե մեր հասարակությունը կգնահատի իմ արածը եւ ձայն կտա «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, որովհետեւ մենք համախոհներ ենք, ընտրվելու դեպքում զինված գնում եմ աշխատելու»:
Կարդացեք նաև
Հարցին՝ «Ազատ դեմոկրատներից» հեռացավ իրենց առանցքային դեմքերից մեկը՝ Անուշ Սեդրակյանը, ի՞նչ էր պատահել, որ հեռացավ՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Չգիտեմ, ես «Ազատ դեմոկրատներ» մի քանի օր առաջ եմ մտել, ես ի՞նչ իմանամ»:
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ իշխանությունները ընտրությունները կեղծելու են, որեւէ մեկը թող հույս չունենա, որ չեն կեղծելու: Անահիտ Բախշյանը հիասթափվեց. «Ալեն, բա ես էլ հույս ունեմ»:
«Շատ իզուր»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքերով՝ եթե կուսակցությունները ներկայացուցիչներ ունենան ընտրատեղամասերում, իրենց մարդիկ ունենան, իսկ «Ելքը» ունի իր մարդկանց, կեղծիքները հնարավոր է կանխել. «Երբ իշխանությունը գնում է զիջման, դա հենց այնպես չի արվում, ոչ մեկը սկուտեղի վրա իշխանությունը չի հանձնում, առավել եւս՝ մեր իշխանությունը, որը ստիպված եղավ կրակել մարդկանց վրա»:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ հանրությանը սուտ տեղեկատվություն են մատուցել, թե բոյկոտը ճիշտ է. «Այն մարդիկ, որոնք կբոյկոտեն ընտրությունները, ուղղակի ծառայություն կմատուցեն այս իշխանությանը: Նա կոչ արեց՝ մի՛ փոշիացրեք մարդկանց ձայները, բոյկոտի յուրաքանչյուր կոչ փոշիացնում է ընդդիմության ձայները:
Հարցին՝ ի՞նչ պիտի անեք, որ ընտրողն ընտրակաշառք չվերցնի՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Իրեն պիտի ասենք, որ քո ձայնն անգին է, այնքան պետք է գնահատի, որ ոչ մեկը չկարողանա տալ, ասենք՝ 1 մլն դոլար: Մարդը պիտի հավատա, որ ինքը կարող է փոխել, իր ձայնը կարեւոր է»:
Ալեն Սիմոնյանը համոզված է, որ սխալ է մարդկանց կոչ անել, որ ընտրակաշառք չվերցնեն. «Մարդիկ պետք է փողը վերցնեն եւ քվեարկեն ում ուզում են»:
Անահիտ Բախշյանը վիճեց՝ «Ոչ, դա անազնվություն է»:
Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ «Եթե նույնիսկ ձեւ ենք անում, թե սուրբ ենք, մեկ է, մարդիկ վերցնում են ընտրակաշառք, ուրեմն մեզ չպետք է խաբենք: Ո՛չ, թող վերցնեն ու գնան քվեարկեն իրենց խղճի մտոք, ոչ մի վերահսկողության ձեւ չկա, ոչ անձնագրերը, ոչ գրիչները: Իրենց խաբում են տարիներ շարունակ, թող իրենք էլ իրենց խաբեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ