Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում մանկատներում գտնվող երեխաների 90 տոկոսն ունեն առնվազն մեկ ողջ ծնող. HRW

Փետրվար 22,2017 15:57

Հայաստանում հազարավոր երեխաներ աղքատության պատճառով բաժանվում են և տեղափոխվում համապատասխան հաստատություններ: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում: Կառավարությունը պետք է շուտափույթ կերպով ապահովի համայնքային ծառայություններ և որակ, ներառական կրթություն, որպեսզի երեխաները, այդ թվում սահմանափակ կարողություններ ունեցող, կարողանան մեծանալ ընտանիքում:

«Ե՞րբ եմ ես տուն գնալու: Երեխաների դեմ բռնությունն ու խտրականությունը հաստատություններում և որակյալ ներառական կրթության բացակայությունը Հայաստանում» վերտառությամբ 102-էջանոց զեկույցում նկարագրվում է՝ ինչպես են հազարավոր երեխաներ ապրում մանկատներում, սահմանափակ կարողություններ ունեցողների հատուկ դպրոցներում և այլ հաստատություններում: Նման հաստատություններում գտնվող երեխաների 90 տոկոսն ունեն առնվազն մեկ ողջ ծնող: Կազմակերպությունը նաև պարզել է, որ Հայաստանի կառավարության կողմից բավարար քայլեր չեն ձեռնարկվում այդ երեխաների համար ապահովելու որակյալ ներառական կրթություն: Ներառական կրթություն պետք է ապահովվի նաև սահմանափակ կարողություններով երեխաների համար, որպեսզի նրանք կարողանան ուսում ստանալ իրենց համայնքների դպրոցներում:

«Հայաստանի կառավարությունը որոշ համարձակ պարտավորություններ է ստանձնել այս հաստատություններում երեխաների թիվը կրճատելու ուղղությամբ, բայց անհրաժեշտ է համոզվել, որ այդ խոստումները կուղեկցվեն լուրջ և կայուն գործողություններով,- ասել է HRW-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի նախագահ Ջեյն Բուչանանը:- Բոլոր երեխաներն իրավունք ունեն մեծանալու ընտանիքում, և կառավարությունն ու դոնոր ռեսուրսները պետք է աջակցեն ընտանիքներին ու երեխաներին, ոչ թե հաստատություններին»:

Զեկույցում նշվում է, որ ո՛չ աղքատությունը, ո՛չ սահմանափակ կարողությունները չեն կարող արդարացնել այն, որ երեխաները բաժանվում են ծնողներից կամ ուղարկվում նման հաստատություններ:

Այդ հաստատությունները հաճախ գլխավորապես սոցիալական ծառայություններ են մատուցում աղքատ, գործազուրկ, առողջական կամ բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքներին կամ սահմանափակ կարողություններ ունեցողներին: Այդպիսի ծառայություններն ու անձնակազմը հաճախ ավելի շատ կենտրոնացած է հատուկ հաստատություններում, քան սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների կրթական և վերականգնողական համայնքներում: Դա ստիպում է շատ ծնողների իրենց երեխաներին ուղարկել հատուկ հաստատություններ, անգամ եթե նրանք կգերադասեին երեխաներին մեծացնել տանը:

Կառավարությունը նպատակ ունի մինչև 2020թ. երեխաներին հանել առնվազն 22 հաստատություններից և այդ շինությունները վերածել համայնքային ծառայությունների կենտրոնների, նշվում է զեկույցում: Ընդ որում, որոշ հաստատություններ արդեն նման տրանսֆորմացիայի ենթարկվել են: Այնուամենայնիվ, 3 մանկատներ, որոնք բացառապես ապահովում են սահմանափակ կարողություններով երեխաների, կպահպանվեն:

Իրավապաշտպանները նշում են, որ սահմանափակ կարողությունների տեր երեխաներին մյուսներին հավասար ընտանիքի հոգածության տակ չպահելը խտրականություն է, և պետք է անմիջապես վերջ տրվի դրան:

Առաջընթաց չի նկատվում նաև Ընտանեկան օրենսգրքի փոփոխություններում, որոնցով նախատեսվում էր թեթևացնել երեխաների դաստիարակությունը և որդեգրումը, տարբերակ, որը կարևոր է, երբ երեխաները չեն կարող ապահով կերպով վերադառնալ իրենց կենսաբանական ծնողների մոտ: Կառավարության բյուջեով աջակցություն է տրամադրվում միայն 25 որդեգրող ընտանիքների:

Ըստ UNICEF-ի՝ Հայաստանի հատուկ հաստատություններում երեխաներին հատկացվող ֆինանսական օգնությունը կազմում է յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր երեխայի համար 3000-5000 ԱՄՆ դոլար: Այնուամենայնիվ, UNICEF-ի համաձայն՝ այս միջոցները պետք է ուղղվեն՝ օգնելու ընտանիքներին և համայնքային ծառայություններին, ինչը ավելի քիչ ծախսատար է երկարաժամկետ հեռանկարում:

Անգամ բավարար ռեսուրսներ ունեցող մանկատները հաճախ գերծանրաբեռնված են, ինչի արդյունքում երեխաները բաժանված են մեծ խմբերի՝ քիչ թվով դաստիարակներով: Անգամ ամենանրբանկատ անձնակազմը նման պայմաններում չի կարող անհատական մոտեցում ցուցաբերել և նպաստել երեխայի զարգացմանը, ասվում է զեկույցում:

Ինչ վերաբերում է կրթությանը, կառավարության որոշմամբ պետք է մշակվեր ամբողջական ներառական դպրոցական համակարգ մինչև 2020թ.-ը: Բայց մինչ օրս ակադեմիական ձեռքբերումներին անհատական մոտեցման ձախողման, ինչպես նաև դպրոցներում և հասարակության մեջ ֆիզիկական խոչընդոտների առկայության պատճառով սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները Հայաստանում ընդհանրապես կրթություն չեն ստանում: Նրանք, ովքեր ներգրավված են «ներառական» դպրոցներում, դպրոց են հաճախում օրական մի քանի ժամ կամ շաբաթական մի քանի օր:

Սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները հաճախ դպրոց չեն հաճախում մյուս երեխաների հետ, կամ եթե անգամ նրանք դասասենյակում են, չեն ապահովվում անհրաժեշտ ծառայություններով՝ դասերին լիարժեք մասնակցելու համար:

Համայնքային դպրոցները հաճախ չունեն բավարար չափով անձնակազմ, որոնք կարող են ուղղակի աջակցություն ցուցաբերել երեխաներին: Որոշ դեպքերում ծնողը, հաճախ երեխայի մայրը, ստիպված է լինում երեխայի հետ մնալ դասասենյակում՝ նրան օգնելու համար: Սահմանափակ կարողություններով որոշ երեխաներ կրթություն են ստանում տնային պայմաններում, երբ ուսուցիչը տուն է այցելում՝ տարրական գրագիտություն կամ հաշվարկներ սովորեցնելու համար միայն:

 

Պատրաստեց՝Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728