Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում երեխաները հաշմանդամության կամ աղքատության պատճառով մեկուսացված, անհարկի բաժանված են ընտանիքներից. «Human rights watch» (Տեսանյութ)

Փետրվար 22,2017 15:35

«Հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն ապրելու հավասար պայմաններում և չպետք է լինեն մեկուսացված»,- այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Երեխաների իրավունքների խախտումները Հայաստանի մանկատներում և այլ հաստատություններում» թեմայով զեկույցի ժամանակ ասաց «Human rights watch»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասով փոխտնօրեն, հետազոտող և զեկույցի հեղինակ Ջեյն Բուխանան:

«Human rights watch»-ը հետազոտել է երեխաների իրավունքների խախտումները Հայաստանում, հետազոտվել են նաև ներառական կրթության ոլորտում առկա խոչընդոտները, որոնց հանդիպում են հաշմանդամություն ունեցող երեխաները:

Ինչպես իր խոսքում ասաց Գիորգի Գոգիան՝ «Human rights watch»-ի Հարավային Կովկասի մասով տնօրենը և զեկույցի հետազոտողը, նրանք զրուցել են մոտ 170 մարդու հետ Հայաստանի 8 քաղաքներից, որոնք են՝ Երևան, Կապան, Գորիս, Վանաձոր, Գյումրի, Արմավիր, Հացիկ և Ճամբարակ: «Զրուցել ենք 47 երեխաների հետ, 63 ընտանիքների, որոնց երեխաները բնակվում են մանկատներում, հաճախում են հատուկ կամ հիմնական դպրոցներ, այցելել ենք 5 մանկատներ և 10 դպրոցներ, որոնցից վեցը հատուկ դպրոցներ են»:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում խնամքի հաստատություններում ապրող երեխաների ավելի քան 90 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող: Կառավարությունը պետք է այնպես անի, որ խնամքի հաստատությունները, որքան հնարավոր է՝ քիչ լինեն, փոխարենը՝ երեխաները ապրեն իրենց ընտանիքներում, և այդ ընտանիքները ապահովեն անհրաժեշտ ռեսուրսներով:

«Բոլոր երեխաներն ունեն ընտանիքում մեծանալու իրավունք, և կառավարության ու դոնորների ռեսուրսները պետք է աջակցեն ընտանիքներին և երեխաներին, այլ ոչ խոշոր հաստատություններին»,- ասաց Ջեյն Բուխանան:

Այս հետազոտությունը Հայաստանում կատարվել է առաջին անգամ և նպատակն է, որ կատարվող փոփոխությունները ճիշտ ուղիով ընթանան: «Կառավարության ջանքերը պետք է խրախուսել, բայց դրանք արդյունավետ չեն լինի, եթե չընթանան ճիշտ ուղիով»:
ՀՀ կառավարությունը նպատակ ունի առնվազն 22 խնամքի հաստատություններից դուրս բերել երեխաներին մինչև 2020 թվականը, և այդ շինությունները վերածել համայնքահեն ծառայություններ տրամադրող կենտրոնների:

Գիորգի Գոգիայի խոսքով՝ պետք է Հայաստանը վերանայի Ընտանեկան օրենսգիրքը և պետք է այնտեղ լուրջ փոփոխություններ արվեն: Եթե հաշմանդամություն ունեցող երեխան չի բնակվում իր ընտանիքի հետ, պետք է լինեն խնամակալ, որդեգրող ընտանիքներ, որոնք կզբաղվեն երեխայի խնամքով: Ըստ Ջեյն Բուխանանի՝ այլ զարգացած երկրներում այս ամենը գործում է, բայց Հայաստանը դեռ այդ մակարդակին չէ:

Ջեյն Բուխանան ավելացրեց, որ հետազոտության ընթացքում հանդիպել են այնպիսի խնդրի, որ հաշմանդամություն ունեցող երեխաները ընդամենը ձեւական կերպով են ներառված դպրոցներում: Նրանք իրականում դպրոց չեն հաճախում, այլ տնային պայմաններում են անցնում հայերենի, ռուսերենի, մաթեմատիկայի դասեր: Շատ դպրոցներում էլ չկան անհրաժեշտ պայմաններ, որպեսզի այդ երեխաները հաճախեն այնտեղ, իսկ եթե անգամ հաճախում են, նրանք ներառված չեն դասընթացի մեջ: Դասի փոխարեն նրանց կարող են հանձնարարել նկարել, կարուձև անել կամ այլ առաջադրանքներ կատարել դասի ընթացքում զբաղվելու համար: «Մինչդեռ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները պետք է ստանան նույն կրթությունը, նույն դասընթացը. Այսինքն՝ համակարգը պետք է լինի ճկուն»:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ Հայաստանի հաստատություններում գտնվող երեխաներին տրվող ֆինանսական աջակցությունը կազմում է մեկ երեխայի համար տարեկան 3.000-5.000 դոլար, և այդ միջոցները կարող են օգտագործվել համայնքահեն ծառայությունների և ընտանիքների համար ուղղակի աջակցության համար: Այդ դեպքում հաշմանդամություն ունեցող երեխաները կվարեն լիարժեք կյանք և կապրեն իրենց կամ խնամակալ և որդեգրող ընտանիքներում: ՀՀ կառավարությունը այժմ աջակցում է ընդամենը 25 խնամատար ընտանիքի ողջ երկրում:

Զեկույցի ժամանակ ցուցադրվեց նաև մեկ տեսանյութ, որը պատմում էր կատարված հետազոտության մասին և տեսանյութի հերոսուհիներից էր 12-ամյա Մարի Մինասյանը, որը հաճախում է Գորիսի ներառական դպրոց: Նա նաև հանդիպմանն էր ներկա և պատմեց, որ իր համար դժվար է դասի գնալը, որովհետև չկան թեքահարթակներ, դպրոցը չունի վերելակ, իսկ դասերը տեղի են ունենում 3-րդ հարկում և իր համար դժվար է բարձրանալ այդ հարկերը:

Տեսանյութի վերջում Մարին հաշմանդամություն ունեցող երեխաներին կոչ արեց չամաչել և ասաց. «Պետք է գնալ սովորական դպրոց, որովհետև բոլորը հավասար են»:


Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728