Լրահոս
Օրվա լրահոսը

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Փետրվար 22,2017 15:15

Սարմեն Ղահրամանյան

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրապես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»: 
Հեղինակ
«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»: 
Հաուպտման 
«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:
Սեն Սիմոն
«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:
Հյուգո

Ու հայրը մի անգամ ասել էր, ու տղան հոր ասածը կրկնեց ու ասաց՝ հա՞, պապ… ասում ես… աղջիկը… պոպոքի ծառի վրայի պոպոքն է՞… հերթով փեդ են շպրտում վրան, ով գցեց՝ էն էլ տանում է՞… Հա՞, պապ, էդպես է՞: Ու հայրը՝ սովորեցնելու, խորհուրդ-խրատ տալու, ինքն-իրեն օրինակ բերելու սովորություն չուներ եւ, ասես, իր ապրած ամբո՜ղջ կյանքով, ամբո՜ղջ կյանքով, մի բան էր ասում միայն՝ տե՞ս, թե ես ինչպես եմ ապրում. ափռ-ցփռ խոսակցություններից, սրա-նրա կյանքին խառնվելու, սրա-նրա ոտի տակը քանդելու սովորություններից զերծ, մաքո՜ւր ու մաքրասե՛ր, պի՜նդ-ամո՛ւր-պարկեշտ, եւ՝ հալալ քրտինքով: Հալա՜լ քրտինքո՛վ: Բայց մի անգամ, ինչպես միշտ՝ նույն ժամերին… ընտանիքով հավաքված սեղանի շուրջ-հաց ուտելուց… Տղայի ավագ Գայանե-քրոջ, տղայի կրտսեր Սամվել-եղբոր, տղայի Ղահրաման-հոր եւ տղայի Արեւ-մոր հետ, ինչպես միշտ՝ նույն ժամերին, սեղանի շուրջ-ընտանիքով հավաքված-հաց ուտելուց, եւ հիմնականում՝ մոր կողմից՝ կցկտուր, ստեղից-ընդեղից արված խոակցությունների ընթացքում, հայրը գդալը օդում-կողքի պահել ու հաց ուտելու ընթացքում՝ հպանցիկ, չպատկերավորելու նման, անցողիկ ասել է, ասել է… երեխաների մոր եւ իր կողակից-կնոջ խոսքի վրա ասել է… դե՜…աղջիկը… պոպոքի ծառի վրայի պոպոքն է՛… հերթով փեդ են շպրտում վրան, ով գցեց՝ էն էլ տանում է՛… Ու՝ փլվել են:

Սեղանի վրա փլվել են. տղայի՝ բարի՜-բարի՜, «երեխեքի» համար ան-ընդհատ «վախեցող» ու մի՜շտ վախեցած Արեւ-մայրը, տղայի՝ մի՜շտ մաքուր, մի՜շտ միամիտ, մի՜շտ անկեղծ Գայանե-քույրիկը, տղայի՝ կտրո՛ւկ-սա՛րթ, խոսքը սրտով ընդունող-սրտով հե՛տ տվող, գյուղի սիրելի-դիմահար-«ջիգյարով» կրտսեր-Սամվել-եղբայրը…
Ու հայրը «երեխեքից»՝ հենց կրտսեր-Սամվել-եղբորն է «ամենաշատը սիրում»՝ բոլորը գիտեն ու բոլորը «ի գիտություն են ընդունել», ու Սամվել-կրտսեր-եղբայրը, երբ դեռ շա՜տ փոքր էր՝ հաց ուտելուց՝ հոր ծնկներին նստած էր հաց ուտում, ու հայրն իր բաժակ գինին խմելուց առաջ, ծնկին նստած Սամվել-կրտսեր-եղբոր շրթունքներին գինու բաժակը տանում-հպում էր, ու հայրն ու մայրը միաձայն, համոզելու նման Սամվել-կրտսեր-եղբորը թոթովախոս երեխու լեզվով ասում-հարցնում էին՝ «…կյինի միմի՞ս…»՝ «…գինի խմե՞ս…»… Եւ հետագայում, արդեն «մեծ երեխաներ» ու արդեն մեծ մարդիկ, որպես հիշատակի-մասունքներ նաեւ, եւ որպես երանելի-թախծոտ հիշողություն հարազատ ծնողներից «մնացած», նաեւ դա էին իրար պատմում-հիշում որպես անդառնալի պատմություն… Եւ մեծանալուն զուգընթաց, դեռ դպրոցական, Սամվել-կրտսեր-եղբոր ու հոր միջեւ հավասար-ընկերություն էր սկսվել, եւ հայրն ու կրտսեր-Սամվել-եղբայրը մեկ-մեկ-համարյա որպես հավասար ընկերներ էին իրար հետ շփվում, ու Սամվել-եղբայրը հորն այդպիսի դեպքերում անունով էր դիմում, անունով էր դիմում, ու հիմա էլ… չդիմացավ, ու քա՜հ-քա՛հ ծիծաղի միջից ասաց, ասաց՝ Ղահրամա՛ն, բայց շա՜տ բան գիտես, հա՜… Շա՛տ բան գիտես, ուղղակի, մեկ-մեկ չե՛ս բարձրաձենում, չես բարձրաձենում՝ մե՛նք էլ սովորենք: Ու հայրը, «էդպիսի դեպքերում»՝ դիմահար-աչքերիդ մեջ նայելու եւ դիմահար աչքերիդ մեջ նայելով-մեղավոր ժպտալու սովորություն ուներ, ու հիմա էլ, գդալը օդում-կողքի պահած՝ իր, որպես տան հոր ու որպես տան Մեծի՝ «երկար» խոսելու, դիպուկ ասված բառերի վրա քրքջացող, սեղանի վրա փլված կողակից-կնոջ ու սեղանի վրա փլված «երեխեքին» է դիմահար-մեղավոր-ժպտալով նայում: Ու մայրը, ինչպես միշտ՝ «էդպիսի դեպքերում»՝ ծիծաղ-ժպիտը կտրուկ կտրեց ու բարի դեմքը փոխեց՝ իբր թե խստացավ, ու վրա՛ պրծավ «երեխեքին», վրա՛ պրծավ ինչպես միշտ «էդպիսի դեպքերում», ու ասաց, ասաց՝ դե՛, մի՛ ձեններդ կտրե՞՛ք, մի՛ կտրե՞՛ք ձեններդ՝ ասում եմ: Էս մարդն իրավունք չունի՞ մի բան ասելու: Էս մարդը վախենա՞ մի բան ասի… Չլինեմ-չիմանամ, հա՜. հի՛նգ տարեկանից որբ է մեծացել. առանց՝ մամա-պապայի, սրա-նրա դռներո՜ւմ, մի կտոր հացի կարո՜տ… Ես՝ մեռա՜ծ-սա՛ղ, մեռա՜ծ-սա՛ղ՝ էս մարդուն ձեր գլխներիդ եք պահում, ձեր գլխներիդ եք պահում էս մարդուն՝ ասում եմ: Եւ մայրը «երեխեքին» սաստող-խրատական, հերթով նայելով, հոր՝ մի այլ առիթով արված մի այլ մեջբերում էլ արեց. «Կորեն չընաղան տյուս ա եկալ՝ չընաղեն հավան չի կացալ»՝ «Կրիան պատյանից դուրս եկավ՝ պատյանին չհավանեց»… Ու մայրն էլ… բարի՜… միշտ՝ բարի՜՝ ինքն էլ չդիմացավ-նորից-փռթկաց-սկսեց ծիծաղել, ու ասաց, ասաց՝ հե՛նց ձեր համար է ասել՝ դե, գնացեք… մարդ չեն հավանում՝ սրանց տեսեք… հը՞՛, Ղահրամա՛ն: Ու, ինչպես փոքր երեխուն կասեն սիրալիր-խաթրը առնելու նման-«երեխեքին» աչքով անելով, ու նորից սիրալիր ասաց՝ հը՞, Ղահրաման, եւ հայրը գդալը օդից վայր բերեց ու ափսեի մեջ տարավ ու սկսեց հացն ուտել, ու ինչպես միշտ՝ «էդպիսի դեպքերում»՝ կարճ կապեց ու իր «երեխեքի» մորն ու իր կողակից-կնոջն ասաց՝ շատ ես խոսում: Եւ հետո, մայրը, «երեխեքի» հորն ու իր ամուսնուն ասաց՝ ի՜, խոր-խորանան, է՛, խոր-խորանան հերդ-մերդ, որ էդպես էլ շուտ խոր-խորացան-քեզ որբ թողեցին՝ իբր, էդ ի՞նչ անուն են քեզ դրել՝ «Ղահրաման»: Բա երեխեքը ո՞նց իրենց երեխեքի՝ մեկն ու մեկի վրա, քեզ հիշատակելու համար, քո անունը դնեն: Իմը, էլի հասկացանք՝ «Արե՛ւ». ինձ հիշատակելու համար իրենց երեխեքի մեկն ու մեկի վրա կդնե՞ն… սկզբից «Արեւիկ» կասեն, հետո էլ՝ «Արե՛ւ», ու ինձ կհիշեն: Բա քե՞զ ի՛նչ անեն: Ու Սամվել-կրտսեր-եղբայրը հոր փոխարեն «տակից» դուրս եկավ, եւ հավասար-ընկեր որպես, ձեռքը տարավ-դրեց հոր ուսին-փարվեց ու ընկերավարի ասաց՝ գրքերից մեկում կարդացել եմ՝ «Ղահրամանը» պարսկերենից-հայերեն թարգմանած, նշանակում է՝ «Հերոս», ես իմ տղա-երեխու անունը հե՛նց Հերոս կդնեմ: Ու հայրը՝ էդքան չոր, բայց հոր-մոր անունը լսելուց՝ ծնողին շուտ կորցրած որբի կարոտով աչքերը լցնում է մեկեն… Ու մայրը վեր թռավ եւ ջրակալած աչքերով իր ամուսնուն ու «երեխեքի» հորը փարվեց ու «երեխեքին» դիմելով, ասաց՝ դուք չեք տեսել, է՜, դուք չեք տեսել, թե էս տունը երկուսով… Երկուսո՜վ… Ի՜նչ տանջանքով ենք սարքել: Ի՜նչ տանջանքով՝ որբի մերը չմեռնի՛. ձեր հորը լա՛վ կնայեք, լա՛վ կնայեք՝ ասում եմ: Ու մայրն էլ լացակումեց ու ասաց, «երեխեքի» հորը՝ կողքը նստած կողակից-ամուսնուն ցույց տվեց ու ասաց՝ ինքը չկար, ինքը՝ որբ, դեռ մի մատ երեխա, մի կտոր հացի համար գյուղից դուրս, է՜, չոլերն ընկած, տրակտորիստի «պրիսեպչիկ» էր աշխատում, ու սրա մեծ եղբայրը՝ Ջիվանը՝ կնոջ հետ, եկել էր մեր տուն՝ ինձ ուզելու սրա համար, ու Ջիվանի կինը՝ Արփենիկը՝ Հոգին լուսավորվի-փառավորվի… մատից մատանին հանեց ու դրեց մատիս, ու ասաց՝ դու արդեն մեր հարսն ես, ու մատանին նորից մատիցս հանեց ու դրեց իր մատին, ու ասաց՝ որ կամուսնանաք ու Ղահրամանը փող կաշխատի՝ քեզ համար մատանի կառնի՝ լա՞վ: Ասացի՝ բա ո՞ւր է Ղահրամանը՝ տեսած չկամ էլ… ու փախա-մտա տան պուճախը՝ կռավատի տակ, ու՝ լացում ե՜մ, լացում ե՜մ… Ու մեծը ես էի, եւ ութ քույրերս՝ դեռ փոքր, բանից անտեղյա՜կ, եկել-ինձ հետ մտել էին կռավատի տակ-ինձ փաթաթվել, ու ինձ հետ լացում էի՜ն, լացում էի՜ն… Ու մի քանի շաբաթից ընկերուհիներս վազելով-շնչակտուր եկան-տուն մտան, թե՝ նշանածդ եկել է, գյուղի տակն է մնացած տրակտորիստների հետ, ու մնացած տրակտորիստների հետ գյուղի տակից՝ գյուղ է բարձրանում ոտքով՝ գնանք, համ էլ կտեսնես քո նշանածին: Ու ընկերուհիներիս ձեռքից բռնած, խառը մտքերով, շփոթված-ամաչելով, գյուղից իջա ու շնչակտուր ու թանչիս տալով իջնում եմ այգիների միջով գյուղից իջնող միակ ճանապարհով, ու մտածում եմ՝ տեսնես՝ սիրո՞ւն է, թե՝ գեշ է, բոյո՞վ է, թե՝ կարճահասակ է, թո՞ւխ է, թե՝ սպիտակ է… Էս մտքերիս հետ իջնում եմ ընկերուհիներիս հետ, ու մեկ էլ ընկերուհիներս մի կողմ քաշվեցին, չափարի տակ անցան-սսկվեցին եւ գլուխները կախ-սկսեցին ցած իջնել իծաշարուկ, ու մեկ էլ տեսնեմ՝ ճանապարհի ոլորանից մի ութ-տաս տղամարդ դուրս եկան՝ ուրիշ տեղ աշխատող մեր գյուղի տրակտորիստները, եւ իրենք էլ ընկերուհիներիս նման, իրեն՝ Ղահրա-մանին, իրենց շարքից առանձնացրին-դեմս կանգնեցրին անխոս, եւ անխոս-իծաշարուկ-չափարի տակն անցան-բարձրանում են՝ մեզ դեմ-դիմաց թողնելով, եւ մեզ-երկուսիս՝ աչքների տակով-բարյացակամ տնտղելով: Ու, երեւի, իրեն էլ էին ասել, որ իրեն նշանել են, եւ ե՛ս եմ նշանածը: Ու… ամաչկոտ էր. ինձ տեսնելուց՝ ամաչեց-կուչ եկավ-կարմրատակեց, ու ամաչկոտ-կարմրատակած, ինձնից մի քանի քայլ ներքեւ՝ կանգնել էր ճանապարհի մեջտեղը, ու հետո, սկսեց իրեն մենակ թողած-տրակտորիստների հետեւից կամաց-կամաց բարձրանալ ինձ կողքանց նայելով փախչելու նման: Եւ մայրը շուռ եկավ ու սեղանի շուրջը նստած, «մոր-հոր պատմությունը» լսող-հաց ուտող «երեխեքին» ժպտալով աչքով արեց, ու «պատմությունը» հաստատելու-հավաստի դարձնելո՞ւ, թե լուռ հաց ուտող-քչախոս ամուսնուն խոսակցության մեջ ներքաշելու համար, հարցրեց, սիրալիր ասաց՝ ամաչկոտ էիր, չէ՞, Ղահրամա՛ն: Ու «երեխեքի» հայրը, սեղանի գլխին նստած-լուռ հաց ուտելով, կարճ կապեց ու ասաց՝ շատ ես խոսում, ու հաց ուտելով ասաց՝ չես հոգնո՞ւմ՝ քանի՞ անգամ ես պատմել: Եւ մայրը շարունակեց ու ասաց՝ սիրուն-տղա էր՝ ամաչկոտ, սեւ աչք-ունքով-կեռ ունքերով, աշխատանքից հոգնած-փոշոտված, շալվարը ինչպես միշտ տեսնում եք՝ մաքուր, բայց փողքը ճղված… որբի մերը չմեռնի. եւ… սիրտս փուլ եկավ: Սիրտս փուլ եկավ: Ու ես էլ ամաչեցի-կարմրատակեցի, եւ ընկերուհիներիս թողած, ես էլ, ինձնից անկախ, սկսեցի կողքանց նրան նայելով՝ ներքեւ քայլել-իջնել… Ու, որ եկանք-իրար հավասարվեցինք, ձենս կտրվել էր, ու առաջինը ես խոսեցի ու, որ չխոսեի, ինքը չէր էլ խոսելու, ու կոկորդս մաքրեցի ու ասացի՝ բարե՛ւ, եւ ինքն էլ կողքանց անցնելով-կոկորդը մաքրեց ու գլուխը կախ-ամաչկոտ ասաց՝ բարե՛ւ… ու էդ առաջին անգամը իրար բարեւ տալով-իրար կողքով անցանք-գնացինք իրարից ամաչելով… Ու մեր առաջին հանդիպումն էդպես էր…

 

/շարունակելի/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728