Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում նախարարությունը նախընտրական շրջանում կրթական համակարգը ընտրական թոհուբոհից հեռու պահելու համար:
«Երբ պաշտոնապես քարոզարշավը սկսվի, կրկին կարիք կլինի շրջաբերական իջեցնել: Ռեյտինգային թեկնածուների թվաքանակի մեծ լինելը կարող է լրացուցիչ ծանրաբեռնվածություն բերել դպրոցների վրա, դրա համար պետք է խնդրենք խնայել դպրոցներին: Ընտրություններն ապրիլ ամսին են, իսկ դա ծանրաբեռնված շրջան է, լավ կլինի, որ թողնենք ուսուցիչներն իրենց մասնագիտական պարտականությունները կատարեն»,-ասաց նախարարը:
Նա նաեւ հերքեց, որ իր՝ նախարար նշանակվելուց հետո դպրոցների տնօրենները սկսել են դաշնակցական դառնալ: «Դաշնակցական տնօրեններ առանձնապես չունենք, նոր անդամագրումներին՝ պաշտոնից ելնելով, ինքս սկզբունքորեն դեմ եմ, որովհետեւ գտնում եմ, որ դա թուլացնում է տվյալ կուսակցությանը, կուսակցություն պետք է գան գաղափարական համոզմունքով եւ ոչ թե կոնյունկտուրային նպատակներով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ