Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2012-ին Գագիկ Ծառուկյանին ծանրակշիռ առաջարկ է եղել (Տեսանյութ)

Փետրվար 22,2017 14:55

«Անհնարին է, որ ՀՀԿ-ն առաջին փուլում կայուն մեծամասնության տոկոսներ խփի»,- «Հենարան» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասաց «Ծառուկյան» դաշինքի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Նա անդրադարձ կատարելով հայաստանյան ընտրական գործընթացներին` նշեց, որ իշխող ուժը միշտ 51-52 տոկոս է հավաքել: Այդպես էր նաեւ վերջին նախագահական ընտրություններում: Այսինքն, այժմ ՀՀ-ում կա ՀՀԿ-ից դժգոհ 48 տոկոս: Հաշվի առնելով նաեւ, թե ընտրություններն ինչպե՞ս են կայացել ՀՀ-ում, Արարատ Զուրաբյանը եզրակացնում է, որ հանրության մեծամասնությունը ընդդիմադիրների կողմնակից է: «Եթե մեզ հաջողվի նորմալի մոտ ընտրություններ անցկացնել, ապա ՀՀԿ-ն ոչ թե մեծամասնություն կստանա, այլ կստանա ավելի քիչ ձայն, քան մեկ-երկու այլ ուժեր»:

Լրագրողներից մեկն էլ հարցրեց`հնարավո՞ր է ընտրություններից հետո «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կազմի իշխող ուժի հետ, ինչի ականատեսը եղել ենք մի քանի անգամ: «2012-ին Գագիկ Ծառուկյանին շատ ծանրակշիռ առաջարկ է եղել կոալիցիա կազմելու, բայց ինքը հրաժարվել է եւ նրա հետագա գործունեությունն էլ ցույց է տալիս, որ ինքը փորձում է գնալ այն ճանապարհով, որ ՀՀԿ-ն չվերարտադրվի եւ մեր իրականության մեջ փոփոխություններ լինեն»,- ասաց Արարատ Զուրաբյանը:

Aravot.am-ի հարցին`հետընտրական համագործակցությունների ի՞նչ ձեւաչափեր է տեսնում, Արարատ Զուրաբյանն ասաց, որ ընտրություններում ստացած արդյունքներն են իրավիճակ ձեւավորելու, հետեւաբար, դեռ վաղ է դրա մասին խոսելը. «Ես չեմ բացառում, որ քաղաքական դաշտի ընդդիմադիր ուժերը համագործակցեն այս կամ այն գործընթացների շուրջ, բայց այդ ամենին կարելի է անդրադառնալ միայն արդյունքներից կախված: Չեմ բացառում համագործակցությունը որեւէ ուժի հետ, բայց ես կողմնակիցն եմ ընդդիմադիրների հետ համագործակցությունների»:

Պատասխանելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքականություն մտնելու հարցին էլ, բանախոսն ասաց, որ Սեյրան Օհանյանը ՀՀ քաղաքացի է եւ ՀՀ մյուս քաղաքացիների նման իրավունք ունի մասնակցել քաղաքական գործընթացներին: «Ցավում եմ, որ նա լինելով փառապանծ ճանապարհ անցած զինվորական, երբեւէ չի զբաղվել քաղաքականությամբ, դա իր համար օտար գործառույթ է եղել»,- ասաց նա`հավելելով, որ դրա մեջ համոզվել է նաեւ Սեյրան Օհանյանի հետ զրույցներից: Նման մի քանի առիթ իր կյանքում եղել է: «Բայց սա առաջին փորձն է, Սեյրան Օհանյան անունը ընտրողին ինչ-որ բան ասելու է: Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը մեծ փորձ ունեն… Իմ գնահատմամբ՝ շատ մեծ արդյունքներ չեն արձանագրելու, բայց հաջողություն եմ մաղթում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728