«Մեր երկրում կա քաղաքական հիվանդություն` 25 տարի իշխանությունը չի փոխվում, նույն մարդիկ գալիս են իշխանություն, գնում են ընդդիմություն, հետո էլի գնում են իշխանություն: Մեր հասարակությունն այլևս ներկայացված չէ այս դեմքերի միջոցով»,- այսօր «Հայելի» ակումբում դժգոհեց «Լուսավոր Հայաստան»-ի խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը՝ նկատելով, որ ընտրություններին մասնակից բոլոր ուժերը «հպարտանում են» իրենց ծրագրերով, որոնք հետագայում չեն իրագործվում:
«Հայկական վերածնունդ» կուսակցության վարչության անդամ Կարեն Թումանյանն էլ հպարտ է իրենց առաջնորդով, ըստ նրա, Արթուր Բաղդասարյանը, այն եզակիներից է, որն ունի փորձ Ազգային անվտանգության ոլորտում:
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն էլ հիացած է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամների որակով, ըստ նրա՝ բոլորը կայացած դեմքեր են. «Հիմա դուք կասեք՝ բոլորն են ճռճռան ծրագրեր ներկայացնում, բայց մեր ծրագրում հստակ է ե՛ւ գործընթացի ժամկետը, ե՛ւ կատարողները»:
Կարդացեք նաև
Պարոն Թումանյանն էլ ՀՎԿ-ի ընդդիմադիր լինելու հարցում բոլոր կասկածողներին հավատացրեց՝ իրենք ընդդիմադիր են, խորհրդարանում էլ են հանդես եկել ընդդիմադիր ուժի դիրքերից: Մանե Թանդիլյանն առարկեց. «Եղել է ներկայիս իշխող քաղաքական ուժի մաս, դուրս է եկել, հետո նորից է մտել…»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում են Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած տարիներին իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը, Սերժ Սարգսյանի հետ երկար տարիներ աշխատած Սեյրան Օհանյանը եւ Վովա Գասպարյանի հետ աղոթած Րաֆֆի Հովհաննիսյանը, տիկին Սուսաննան արձագանքեց. «Ժառանգություն»-ը միշտ եղել է ընդդիմադիր քաղաքական ուժ, եթե չասեմ, ամենաընդդիմադիր ուժերից մեկը: Բազմաթիվ քննարկումներից հետո մեր քաղաքական ուժն եկել է այս որոշման, շատ դժվար է եղել մեզ համար այս որոշումը, 2-3 խորհրդի նիստ ենք անցկացրել որոշում կայացնելու համար: Այլ հնարավորություն չկա այս համակարգի դեմ դուրս գալու, կամ չկա այնպիսի ուժ, որի մեջ չկան նախկինում իշխանության եղած մարդիկ, մենք պետք է լուսանցք մարդ բերենք, մաքուր ոտքեր, անբիծ հետագծով, որպեսզի դաշինք կազմենք: Մենք մեր անբիծ «Ժառանգությամբ» գնացել ենք ընտրություններին, բայց տոտալ ընտրակեղծիքների արդյունքում 5-7 մանդատ ենք ունեցել, 7-11 դեմ ձայներով խորհրդարանում բան չի փոխվում»:
Նա վստահեցրեց, որ նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը դուրս է եկել իշխանության հետ համագործակցությունից եւ որոշել է փոխել համակարգի արատավոր երևույթները. «Ո՞վ ենք մենք, որ թույլ չտանք նրան ուղղել իր սխալները: Վարդան Օսկանյանը 9 տարի է` հանդես է գալիս ընդդիմադիրի դիրքերից, երբ նա կանգնած էր Րաֆֆիի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, ոչ մեկը նրա՝ նախկինում իշխանության մաս լինելը չէր հիշում, իսկ հիմա բոլորն են քարկոծում դաշինքը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ