Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյան. «Իսկանդերն» այնպիսի զենք է, որ կարող է սառեցնել ցանկացած տաք գլուխ»

Փետրվար 22,2017 14:32

«Իսկանդեր» հրթիռային համալիրները պատկանում են Հայաստանի զինված ուժերին և կառավարվում են հայկական զինված ուժերի՝ հատուկ պատրաստություն անցած սպաների կողմից: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այն, որ «Իսկանդերները» մատակարարվել են Հայաստան, իմ կարծիքով, բոլորի համար ակնհայտ է, քանի որ դրանք բոլորը տեսել են: Այն, որ դրանք պատկանում են Հայաստանի զինված ուժերին, նույնպես կարող եմ հաստատել 100-տոկոսանոց վստահությամբ: Եվ այստեղ երբեք երկրորդ կարծիք լինել չի կարող: Ինչ վերաբերում է մյուս հարցերին՝ երբ, ինչ գումարներով, վճարման ինչ ժամկետով և այլն, ինչպես դուք հասկանում եք, այդ ամենը ընթանում է «միանգամայն գաղտնի» գրիֆով: Կառավարում ենք մենք, կառավարում են նրանք, ում դրանք պատկանում են»,- ասել է նախարարը:

Ճշգրտող հարցին՝ արդյոք համալիրների կառավարումը գտնվում է Հայաստանի զինված ուժերի սպաների ձեռքում, նախարարը պատասխանել է. «Միանշանակ»:

Վիգեն Սարգսյանը նաև նշել է, որ «Իսկանդերների» օգտագործման վերաբերյալ Հայաստանը որոշում կկայացնի կախված իրավիճակից:

«Ես կարող եմ ձեզ համար բացել ալգորիթմը: Այդ զենքի նշանակությունն ու կիրառությունը թույլ են տալիս անուղղելի հարված հասցնել այն երկրի ենթակառուցվածքներին, որի դեմ այն կարող է կիրառվել: Համապատասխանաբար, «Իսկանդերների» օգտագործման մասին որոշումը սերտորեն կախված է իրավիճակի զարգացումից: Ցանկացած դեպքում, մենք այն դիտում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե նման անհրաժեշտություն լինի: Դա առաջին հերթին զսպող զենք է: Միանգամայն ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների վերանայում, բայց սկզբունքորեն, ըստ իր գաղափարախոսության և հնարավորությունների, սա այնպիսի զենք է, որ կարող է սառեցնել ցանկացած տաք գլուխ»,- ասել է նախարարը:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կշարունակի Ռուսաստանի հետ երկխոսությունը՝ սպառազինություն ձեռք բերելու ուղղությամբ:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի ռազմատեխնիկական ներուժի այն դինամիկան և այն առաջընթացը, որ նկատվում է վերջին տարիներին, խորը հարգանքի տեղիք է տալիս և ցանկություն առաջացնում՝ զարգացնել այդ ծագող համագործակցությունը»:

«Մի շարք կետերով պայմանագրերն իրականացվել են արտահերթ, և դա նույնպես ուրախացնում է: Մենք կշարունակենք երկխոսությունը ռուսական կողմի հետ՝ ռուսական շուկայում սպառազինություն գնելու հնարավորությունների շուրջ: Հաշվի առնելով, որ ՀԱՊԿ շրջանակներում մենք այն ձեռք ենք բերում ռուսական բանակի ներքին գներով, և հաշվի առնելով վարկային արտոնությունների առկայությունը, բնականաբար, նման համագործակցության ներուժն աճում է: Մենք շահագրգռված ենք դրանում»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը շատ գոհ է Ռուսաստանի հետ ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցությունից:

«Ռուսաստանը ռազմավարական դաշնակից է: Այդպես ենք մենք դիտում այն համագործակցությունը, որ ընթանում է Ռուսաստանի հետ՝ և՛ ռազմական կադրերի նախապատրաստման, և՛ ռազմատեխնիկական ոլորտներում, և՛ ռազմաքաղաքական երկխոսության մեջ,- ասել է Վիգեն Սարգսյանը:- Մենք բաց ենք և պատրաստ ենք նման երկխոսության հետագա ակտիվացմանը: Պաշտպանության նախարարների, գլխավոր շտաբերի մակարդակներով խորհրդակցությունները կրում են պարբերական բնույթ»:

Անդրադառնալով Երևանի և ՆԱՏՕ-ի համագործակցությանը՝ Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ դա երբեք չի ուղղվի իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեմ:

«ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները միշտ ընթացել են միանգամայն բաց մեր դաշնակից երկրների, գործընկերների համար: Մենք երբեք այդտեղ գաղտնիքներ չենք ունեցել, և երբեք նման համագործակցությունը չի կարող ուղղված լինել և ուղղված չի լինի Ռուսաստանի հետ մեր ռազմավարական միութենականության շահերի դեմ»,- ասել է նախարարը:

Հարցազրույցում Վիգեն Սարգսյանը խոսել է նաև Հարավային Կովկասում Թուրքիայի վարած քաղաքականությունից՝ այն որակելով որպես «ապակառուցողական»:

«Թուրքիան Հարավային Կովկասում իրեն պահում է շատ ապակառուցողական. նա շարունակում է Հայաստանի շրջափակումը, շարունակում է հերքել ակնհայտը՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը, նա հրաժարվել է իր իսկ ստանձնած միջազգային պարտավորություններից՝ վերականգնելու բնականոն հարաբերությունները Հայաստանի հետ՝ համաձայն Յյուրիխում 2010թ. ստորագրված արձանագրությունների: Լեռնային Ղարաբաղի հարցում իր կանխակալ վերաբերմունքով Թուրքիան շարունակում է արդյունավետորեն մեկուսացնել իրեն տարածաշրջանային գործընթացներից»,- ասել է նախարարը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728