«Երբ սփյուռքահայն ապրիլյան դեպքերից հետո աջակցում է բանակին, կամ առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցում է որպես դիտորդ, տարբերություն չկա: Այդ քայլը պետք է ողջունելի լինի»,-«Հայք» տեղեկատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ղեկավար, սփյուռքահայ Վարդան Մարաշլյանը, որն առաջիկա ԱԺ ընտրությունների ընթացքում դիտորդ է լինելու:
«Ընտրակաշառքի հարցը վերաբերում է թե տվողին, թե վերցնողին: Մեր խնդիրն է՝ ինչպե՞ս անել, որ ճիշտ ընտրություն կատարեն մարդիկ եւ կաշառք չվերցնեն: Բացի այդ, քաղաքական դաշտը մրցունակ չէ, ուժերը զարգացվածության տարբեր մակարդակում են գտնվում: Մյուս հարցը՝ ինչպե՞ս վերադարձնել Սփյուռքում գտնվող ՀՀ քաղաքացիներին իրենց քվեարկելու իրավունքը: 90 ավելի երկրներ իրենց քաղաքացիներին թույլ են տալիս քվեարկել էլեկտրոնային տարբերակով, եթե նրանք երկրում չեն»,-նշեց Մարաշլյանը:
Նա նաեւ նկատեց՝ կան թաղային հեղինակություններ, 888 համարներով մեքենաներ ունեցողներ. «Բայց երբ դիտորդը ցույց է տալիս, որ նման անձինք ընտրատեղամասերում ազդեցություն չունեն, քաղաքացին վստահում եւ հավատում է իր ընտրությանը»:
Մարաշլյանի փոխանցմամբ՝ առաջիկայում Մոսկվայում կազմակերպվելու է երիտասարդական համաժողով, որի նպատակն է՝ ՌԴ հայ համայնքի երիտասարդներին իրազեկել ՀՀ-ում ապրիլի 2-ին դիտորդական առաքելություն կատարելու հնարավորության մասին:
Կարդացեք նաև
Մանրամասն ՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ