«Այո՛, ՀՀԿ-ն գնում է ինքնամաքրման ճանապարհով. դա նույնիսկ կույրը կտեսնի»,- այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ՀՀԿ-ի ինքնամաքրման մասին գնահատականներին՝ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Պարոն Բաբուխանյանի խոսքով, ՀՀԿ-ի նախընտրական ցուցակն էլ ուղերձներ ունի. «Առաջինն այն է, որ ՀՀԿ-ն՝ նախագահի գլխավորությամբ, գնում է դեպի պրոֆեսիոնալ խորհրդարան, որը կարող է լինել մեր պետական իշխանության դեմքը: Երբ չինացիները մեկին անիծում են, ասում են՝ թող լինի այնպես, որ ապրես հեղափոխությունների շրջանում: Այդպիսի բաներ եղել են 90-ականներին: Իսկ մենք գնում ենք էվոլյուցիայի, զարգացման ճանապարհով: Մենք տեսնում ենք, որ ՀՀԿ-ն չի ուզում կարծրանալ: Մեր կուսակցությունը տեղ է տալիս նաև երիտասարդ կադրերին: Դա կարելի է տեսնել նաև մեր ընտրացուցակում»:
Ինչ վերաբերում է տարբեր կարծիքներին, թե ՀՀԿ-ում ներքին պայքար կա, պարոն Բաբուխանյանը իր ձեւով մեկնաբանեց. «Ասում են՝ ՀՀԿ-ականները միմյանց դեմ են պայքարում, ես դրա հետ, բնականաբար, համաձայն չեմ: Պարզապես վարկանիշային ցուցակը թույլ է տալիս ավելի մանրակրկիտ ձևով ընտրություն կատարել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ