«Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունն առաջիկա ԱԺ ընտրություններին ընդառաջ արդեն 2800 գրանցված դիտորդ ունի, այդ թվում՝ 250 սփյուռքահայեր, որոնցից 150-ը՝ վիրահայեր: Այս մասին այսօր «Հայք» տեղեկատվական կենտրոնում լրագրողներին հայտնեց կազմակերպության ներկայացուցիչ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը:
Նրա գնահատմամբ՝ սփյուռքահայերի նման ներգրավվածությունը կարեւոր դեր է ունենալու ու ամրապնդելու է ՀՀ-Սփյուռք կապը. «Նախատեսվում է, որ մեր դիտորդները ներկա են լինելու 1750 ընտրատեղամասերում, ընդ որում՝ դիտորդների թիվն, ըստ նախատեսվածի, հասնելու է 3500-ի: 2000 ընտրատեղամաս կա, բայց դիտորդների թիվը «փակում» է ընտրողների 98 տոկոսին: Հիմնականում ներկա չենք լինելու փոքր համայնքներում, որտեղ մոտ հարյուր բնակիչ կա, բայց եթե ավելանան դիտորդներ, կփորձենք այդ համայնքներում եւս ներկայություն ապահովել»:
Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ հավաստի ընտրախախտումները ներկայացնելու են հանրությանը, իսկ իրավաբանները համապատասխան դեպքերին ընթացք են տալու դատարաններում: Ի դեպ, Գրիգորյանի փոխանցմամբ, շուտով հանրությանը կներկայացվի կայք, որում ներառված կլինեն ընտրախախտում կատարած անձանց տվյալները: Սա, ըստ փորձագետի, հանրային ճնշման գործիք է:
Բանախոսը նաեւ նշեց, որ սփյուռքի մի շարք գործիչների, այդ թվում՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ քննարկել են սփյուռքահայ դիտորդների մասնակցության հարցը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները ՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ