Այս պահին ընթանում է հուլիսի 19-ին Սարի Թաղից և հուլիսի 20-ին Խորենացի փողոցից ձերբակալված քաղաքացիների հարազատների, մտահոգ քաղաքացիների բողոք-երթը՝ «Արդարադատության համակարգը կաղում է» խորագրով: Այն մեկնարկեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտից:
Խնդիրն այն է, որ կալանավորված անձանց հարազատները դժգոհում են, որ տղաներն արդեն ութ ամիս է՝ կալանավորված են, սակայն նրանց դատական գործերը տեղից չեն շարժվում: Սարիթաղցիները դժգոհություն են հայտնում, որ արդարադատության համակարգը կաղում է, և իրենք չեն տեսնում միջազգային կառույցների կողմից ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների արդյունքները:
Սարի թաղի գործով կալանավորված Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը, տեղեկացրեց, որ իրենք հույսները կտրել են ՀՀ-ում գործող օղակներից, այդ պատճառով դիմել են ՀՀ-ում այլ երկրների դեսպանատներին:
Կարդացեք նաև
Սարիթաղցիներն իրենց պատրաստած բողոքի նամակները հանձնեցին դեսպանատան ներկայացուցիչներին՝ խնդրելով օգնել իրենց հարազատներին ազատ արձակելու հարցում: Թորոս Թորոսյանը մանրամասնեց. «Եթե գործի օրենքի տառը, ապա հիմա տղաներից տասն էլ մեզ հետ պիտի լինեն: Հույսներս կորցրել ենք, մոտ 15 նամակ ուղարկել ենք թե՛ դատախազություն, թե՛ նախագահական, բայց բացարձակ ոչ մի արդյունք: Մեր փաստաբանների օգնությամբ կազմել ենք բաց նամակներ, որոնք փոխանցելու ենք դեսպանատներին: Մենք պահանջում ենք, որ օրենքի կետով դատեն մեր տղաներին: Մինչդեռ կոնկրետ հստակեցված չէ տղաների մեղադրանքը, օրինակ՝ դատախազը չի կարողանում պատասխանել, թե Հարություն Թորոսյանն ում գլուխն է ջարդել: Տուժողները բողոք չունեն, տղաների խափանման միջոցը չեն փոխում, ութ ամիս կալանավորված են մեր տղաները, բայց ինչի՞ համար»:
Սարի թաղի գործով կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը, վստահեցրեց, որ իր ամուսինն ունի առողջական խնդիրներ, սակայն պահվում է անազատության մեջ:
Հերքելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի այն հայտարարությունը, թե Էդուարդ Զեյթունցյանը առողջական խնդիրներ չունի, Լալա Բեռնեցյանը նշեց. «Դժգոհ եմ ամուսնուս դատավարությունից, մեր հույսն արդեն դրսի կառույցներն են, հույսներս կտրել ենք տեղի օղակներից: Ամուսինս ունի բազում առողջական խնդիրներ՝ սրտի, ճնշման, ողնաշարի խնդիրներ: Ես շփվում եմ ամուսնուս հետ, տեսնում, որ այնտեղ ոչ նորմալ վիճակ է: Մեղավոր չեն մեր տղաները, բայց պատասխան են տալիս ուրիշի մեղքերի համար»:
Սարի թաղի մեկ այլ բնակիչ էլ ԱՄՆ դեսպանատան առաջ էր եկել «Հաց-3 տարի, գազ-5 տարի, տրանսպորտ-4 տարի, ջուր-6 տարի» պաստառով: Նա պարզաբանեց, որ իր ամուսնուն 10-15 տարվա ազատազրկում է սպառնում ընդամենը այս պահանջների համար, ու ստացվում է, որ նշված տարիների ազատազրկումը, որը նրանց սպառնում է, իր բնական պահանջի համար է:
Սարիթաղցիներն իրենց բողոքի նամակը հանձնեցին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, այնուհետև շարժվեցին դեպի Ֆրանսիայի, ՌԴ դեսպանատներ, ՀՀ դատախազություն: Երթն ավարտվեց ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Ա1+»-ի