«Եթե հիշում եք, մենք քննադատում էիք ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ Տեր-Պետրոսյանի՝ բուրժուադեմոկրատական երեւույթի անհեթեթ մոտեցումը»,- «Հենարան» մամուլի ակումբում Aravot.am-ի հարցին պատասխանելով`ասաց առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքով Երեւանի կենտրոն համայնքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Պարոն Զուրաբյանին հիշեցրել էինք, որ ոչ վաղ անցյալում, երբ ՀՀԿ-ի դաշնակից ՀԱԿ-ը համագործակցում էր Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ի հետ`Լեւոն Տեր-Պետրոսյանի հռչակած բուրժուադեմոկրատական հեղափոխության շրջանակներում, իրենք խիստ քննադատում էին ՀԱԿ-ին:
Արարատ Զուրաբյանը կարծում է, որ նոր սահմանադրությամբ երկրում այլ իրողություն է ստեղծվել եւ, եթե քաղաքականությամբ ես զբաղվում` պետք է հաշվի առնես այդ իրողությունը: Բազմաթիվ ուժերի հետ ՀՀՇ-ն բանակցել է, այդ թվում նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ ու տեսել են, որ մոտեցումներում որոշակի ընդհանրություններ ունեն: Նաեւ` ոչ վաղ անցյալում տեղի ունեցած լուրջ գործընթացից հետո, իրենք դրական են գնահատել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու որոշումը:
Արարատ Զուրաբյանի կարծիքով, ՀՀ օրենքներն այսօր թույլ են տալիս քաղաքական ուժերին ձեւավորել միավորում եւ գալ իշխանության. «Սա դրական առաջընթաց է, և ինչու չէ` հնարավորություն տեսնում եմ այս գործընթացը հաջողությամբ պսակել այս ճանապարհով»:
ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը հայտարարել էր, որ ամենավատ երազում անգամ չէր պատկերացնի ՀՀՇ-ին`Գագիկ Ծառուկյանի գրկում: Aravot.am-ի այդ հարցին ի պատասխան էլ Արարատ Զուրաբյանը հիշեցրեց, որ Կարապետ Ռուբինյանը ՀՀՇ վարչությունից դուրս է եկել մի քանի տարի առաջ, երբ բնակության էր մեկնում Լիբանան: Նա չցանկացավ հակադարձել Կարապետ Ռուբինյանի այդ արտահայտությանը:
Կարդացեք նաև
Իսկ վարչության անդամների տարատեսակ մոտեցումների մասին էլ ասաց. «ՀՀՇ վարչությունը նիստ է գումարել, 11 անդամներ են եղել նիստին, բացակայել է Ալեքսանդր Արզումանյանը հայտնի պատճառով (մայրն էր մահացել- Ն. Գ.) մնացածը կողմ են արտահայտվել աջակցելու «Ծառուկյան» դաշինքին եւ աջակցելու իմ թեկնածությունը»:
Aravot.am-ի դիտարկմանն էլ, որ Ալեքսանդր Արզումանյանը ձեւավորվող նախընտրական դաշինքները համարել էր ոչ գաղափարական, Արարատ Զուրաբյանը հիշեցրեց, որ Ալեքսանդր Արզումանյանը շատ ավելի վաղ էր հայտարարել, որ դադարեցնելու է իր կուսակցական եւ քաղաքական գործունեությունը:
Միաժամանակ, նա ընդգծում է, որ գաղափարական միավորումներ իրենք այլ դաշինքներում էլ չեն տեսնում: «Ալեքսանդր Արզումանյանը եղել է եւ շարունակում է մնալ իմ ընկերը»,- ասաց Արարատ Զուրաբյանը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Արարատ Զուրաբյանն ասում է, որ Գագիկ Ծառուկյանի հետ լավ, ընկերական հարաբերություններ ունի եւ կարծում է, որ իրենց քաղաքական համագործակցությունն էլ դրական պտուղներ կտա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ