«Խաչատուր Քոքոբելյանն Ազգային ժողովի միակ պատգամավորն էր, որը ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին օրինագիծ է ներկայացրել: Մեր ընտրացուցակում լիբերալ գաղափարներ ունեցող մարդիկ են, նրանք Հայաստանի զարգացման եվրոպական տեսլական ունեն: Եթե մարդիկ ուզում են այլընտրանքային քաղաքականություն տեսնել, կարող են ընտրել մեր թիմին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ նրա, առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը երեք խմբի են բաժանվում. «Առաջին խումբը, որը բավականին մեծաքանակ է՝ սկսած իշխանությունից, վերջացրած նրանցով, որոնք տարբեր տարիներին իշխանության մաս են կազմել եւ չեն կարող որեւէ կերպ իշխանության գծից տարբերվող քաղաքական գիծ առաջարկել, առանձնապես բան չունեն հանրությանն առաջարկելու:
Երկրորդ խմբում են այնպիսի ուժեր, որոնք ընդհանրապես ոչինչ չեն կարող առաջարկել, որովհետեւ շատ հակասող հայացքներով ու մոտեցումներով ուժեր են. Խոսքը՝ Սեյրան Օհանյան-Օսկանյան եւ Ծառուկյան դաշինքներին է վերաբերում, որովհետեւ նրանք արտաքին ու ներքին շատ լուրջ տարաձայնություններ են անցյալում ունեցել: Եթե այժմ որեւէ մեկը նրանցից մի կողմ կդնի իրենց մոտեցումներն ու կհամաձայնի մյուսի մոտեցումների հետ, դա ուրիշ բան, բայց, այնուհանդերձ, լուրջ այլընտրանքային ծրագիր չի կարող ներկայացնել, բացի այն, որ ասեն՝ ինչ արել ու անում է իշխանությունը, մենք կգանք ու ավելի լավ կանենք»:
Երրորդ խմբում «Ազատ դեմոկրատներն» են, ըստ պարոն Սաֆարյանի, որը այլընտրանքային ծրագիր է առաջարկում ընտրողին. «Այստեղ հանդես եկող անձինք որեւէ ծրագրային լուրջ տարաձայնություն չեն ունեցել, չունեն՝ ոչ ազատական արժեքների, ոչ երկրի արտաքին կուրսի եւ արտաքին քաղաքականության գերակայությունների առումով, ոչ էլ ներքին քաղաքականության մեջ՝ իրավունքի երկիր դարձնելու քայլերի առումով: Վստահ եմ, որ «Ազատ դեմոկրատները» երրորդ խմբի առաջատարն են»:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր ուժերի հնարավոր համախմբման հարցին ի պատասխան պարոն Սաֆարյանն ասաց՝ հնարավոր կլինի պատասխանել, երբ քաղաքական ուժերը հրապարակեն իրենց քաղաքական ծրագրերը. «Մինչեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեսականորեն կարող ենք ասել՝ ինչ հնարավոր դաշինքներ կարող են լինել ծրագրային հենքերի վրա, իսկ ընտրություններից հետո, երբ պարզ կլինի՝ ովքեր են խորհրդարանում, այդ պարագայում կարող ենք քննարկել՝ ովքեր կարող են միմյանց հետ համագործակցել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ