Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանագոտում ցանված ցորենը բերք չի տվել, վարկը պետք է մարի

Փետրվար 22,2017 12:51

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի 48-ամյա բնակիչ Գառնիկ Աբրահամյանը ցորեն ցանելու նպատակով 2015թ. «ԱԿԲԱ- կրեդիտ ագրիկոլ» բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղից 2 տարի ժամկետով 1000 ԱՄՆ դոլար գյուղատնտեսական վարկ է վերցրել, տարեկան 14 տոկոսադրույքով:

Վարկի գումարով սերմացու է գնել, Կոթիում իրեն եւ իր հարազատներին պատկանող 3.5 հեկտար տարածքում ցորեն ցանել: Երաշտի պատճառով 3.5 հեկտար տարածքից ստացել է շատ քիչ, մոտ 400 կգ ցորեն: Նա վարկի գումարը եւ տոկոսադրույքները կանոնավոր կերպով վճարել է, բանկին պարտք է մնացել 160 հազար դրամ:

Գ. Աբրահամյանը հայտնեց, որ 2017թ. փետրվարի 16-ին լրացել է վարկային պայմանագրի ժամկետը, դիմել է բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրինություն,որպեսզի վարկի մնացած մասը մարելու համար ժամկետ տրվի: Բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղի աշխատակիցն ասել է, որ իրենք նման լիազորություն չունեն, այդ բանը կարող է անել Երեւանի իրենց վերադասը:

Գ. Աբրահամյանը հայտնեց, որ ինքը զանգահարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի «թեժ գծին», այնտեղից խորհուրդ են տվել վարչապետին դիմում գրել:

Փետրվարի 22-ին Կոթիի բնակիչը նամակ է գրել Կ. Կարապետյանին, հայտնելով, որ բնակվում է սահմանամերձ, հեռավոր Կոթիում, հիմնական աշխատանք չունի, ապրում է պատահական վաստակով: Նա խնդրել է վարչապետի միջնորդությունը ՀՀ կենտրոնական բանկին, որն էլ իր հերթին դիմի «ԱԿԲԱ» բանկին, որպեսզի վարկային պայմանագրի ժամկետը երկարացվի, ինքը կարողանա մուծել վարկի մնացած գումարը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728