Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նորից կապրեի իմ պես. Զուլումի պես՝ պայքարող, անհաշտ, ըմբոստ». Զուլում Գրիգորյան

Փետրվար 22,2017 12:26

Ինչպես սկսել Արվեստի Մարդու՝ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանին նվիրված ակնարկը, որ լինի տպավորիչ , բայց ոչ կաղապարված ու միապաղաղ:

Զուլում Գրիգորյան արվեստագետի կերպարը չունի ավելորդ ճոխության ու ճոռոմության կարիք: Այս ինքնատիպ ու առանձնահատուկ նկարչի մասին գրված յուրաքանչյուր միտք պետք է լինի նրա ապրած կյանքի ու ստեղծած արվեստի պես պարզ ու մաքուր, բայց և խորն ու բովանդակալից:

Դժվար է միանգամից, կարճ ու կոնկրետ նկարագրել, բնութագրել Զուլում Գրիգորյանին: Արտակարգ շնորհով օժտված այս նկարիչն ունի իրեն հատուկ մի աստղ, մի հմայք, որ ձգում ու տանում է իր հետ շփվողներին:

Պատկառելի հասակ ու հարուստ կենսափորձ ունեցող նկարչի մեծության կողքին հասկանում ես, թե որքան փոքր ու աննշան է շարքային մարդու կեցությունը:

Միջավայրի համար գեղեցիկ, լուսավոր ու բարի գոյություն է Զուլում Գրիգորյանը: Նրա ՝ արվեստագետի ու մարդու տեսակն այսօր փնտրված է, ու նրա տեսակի պակասը մենք զգում ենք մեր ամենօրյա գոյության ընթացքում:

Զուլում Գրիգորյանը այսօր ապրում է Թումանյան փողոցի իր արվեստանոց-պատկերասրահում: Երբ այցելեցի Վարպետին, նա վատառողջ էր, բայց նույնիսկ անկողնում պառկած լինելով՝ իր մեծությանը վայել կերպով սիրով ընդունեց ինձ …

Ողջ օրը անվանի ու ճանաչված արվեստագետն անց է կացնում ընթերցելով. երբ ներս մտա Նարեկացի էր կարդում (կողքին դրված էր Լիխտենբերգի գրքերից).

-Գրքերն են ինձ պահում… որտեղ եղել եմ, միշտ գիրք եմ գնել. ինձ թվացել է, թե գիրքն է մարդկության փրկությունը … Մոտ երեք տասնյակ երկրներ եմ այցելել, բայց երբեք խանութներ չեմ գնացել, ինձ համար սիրուն շորեր չեմ առել: Ես գիրք եմ գնել ու քայլել աշխարհի արահետներով, – ասաց Վարպետը:

Զուլում Գրիգորյանը ծնվել է Կրասնոդարում, բայց նրա արմատները գալիս են Արևմտյան Հայաստանից: 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Զուլում Գրիգորյանը նկարել է կոմպոզիցիայի և բնանկարի ժանրերում, նրա ստեղծագործություններում կարևոր տեղ է գրավում Մեծ եղեռնի թեման, առաջին գործերում գերիշխում են հայրենասիրական թեմաները։ Զարմանալի է, բայց սասունցի նկարիչը , որն այցելել է աշխարհի բազմաթիվ երկրներ, չի եղել Արևմտյան Հայաստանում:

-Երբեք չեմ էլ լինելու , – ասաց Վարպետը … – Ես նրանցից չեմ , որ ավտոբուսներով երթամ Վանա լճում երգեմ. ինչու…. Այնտեղ մեր հայրենակիցներն են կոտորվել (մի ակնթարթ լռում է)…

Բայց գիտես արյունը ուրիշ բան է. չպետք է մոռանալ արյան մասին. արյան կանչը զորեղ բան է : Ես բազմիցս արտասահման գնալ – ապրելու հրավերներ եմ ունեցել և այժմ էլ ունեմ , բայց չէ… Իմ տունը Հայաստանում է … – շարունակում է Զուլում Գրիգորյանը :

Ամեն տեսակ շինծու, բռնազբոսիկ երևույթներից զուրկ ժողովրդական նկարիչը առանձնահատուկ վերաբերմունք չունի կոչումների նկատմամբ, ավելին:

-Կոչումները փչացնում են մարդուն . Դրանք ինձ համար մեծ արժեք չունեն , -ասում է նկարիչը:

Կյանքի երկար , ոլորապտույտ քառուղիները պատվով անցած Զուլում Գրիգորյանը այսօր տխրում, վշտանում է մարդկանց պահվածքից .

– Հիասթափվում եմ, երբ նայում եմ մարդկանց ապրելուն . մարդկանց այսօր ոչինչ չի հետաքրքրում: Ժամանակին ես նկարներիս համար օրերով չեմ քնել, առավոտյան ժամը 7-ին վազում էի արվեստանոց, որ նկարեմ , միտքս կիսատ չմնա … Բայց այսօրվա մարդուն դա չի հետաքրքրում …

Ու ես անգամ սկսում եմ իմ արվեստը չսիրել. հիասթափվում եմ … 21-րդ դարում մարդկանց հարգանք է պակասում:

Բայց այս ամենով հանդերձ, նկարիչը գոհանում է իր ապրածով, հարցին, թե եթե նորից կյանքը սկսելու հնարավորություն ունենար, ինչ կփոխեր, ճշմարիտ արվեստագետը պատասխանեց .

-Ոչինչ. ես նորից կապրեի իմ պես. Զուլումի պես՝ պայքարող, անհաշտ , ըմբոստ …

Արփինե ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728