Ուկրաինան և Թուրքիան հայտարարել են, որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքները:
Մասնավորապես, ինչպես հաղորդում է censor.net-ը, Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիանա Բեցան հայտարարել է, որ «Ուկրաինան չի ճանաչում 2017թ. փետրվարի 20-ին Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածքում անցկացված այսպես կոչված «սահմանադրական հանրաքվեն» և այն համարում է անօրինական»:
Բեցան նշել է, որ հանրաքվեն «Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության և միջազգային իրավունքի խախտում է և իրավական հետևանքներ չունի»:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ուկրաինայի դիրքորոշումը մնում է անփոփոխ և կայանում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության մեջ՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր տարածել նաև Թուրքիայի ԱԳՆ-ն:
«Թուրքիան դատապարտում է այս հանրաքվեն, որը հակասում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Այս հանրաքվեն և դրա արդյունքները մենք համարում ենք անօրինական, և դրանք չեն կարող ճանաչվել Թուրքիայի կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ