Վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Տարեսկիզբը խոստումնալից է, հատկապես տարեվերջի ոչ բարձր ակտիվությունից հետո։
Հիշեցնենք, որ 2016թ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը եղել է ընդամենը 0,5 տոկոս՝ պայմանավորված առանձին ամիսներին գրանցված ցածր աճով, ինչպես նաեւ անկմամբ։
Ի տարբերություն տարեվերջի, 2017թ. սկիզբը մեկնարկում է նախորդ մի քանի ամիսների համար բարձր տնտեսական ցուցանիշներով։ Հունվարին, որ ընդունված է համարել տարվա ամենապասիվ ամիսը, Հայաստանում արձանագրվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն։
Դատելով վիճակագրական ծառայության հրապարակած օպերատիվ տվյալներից՝ բարձր աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում (գերազանցել է 12 տոկոսը)։
Արդյունաբերության ոլորտի այս դրսեւորումների հարցում կարեւոր դեր են կատարել արտաքին շուկաներում կատարված փոփոխությունները։ Պատահական չէ, որ դա ուղեկցվել է արտաքին առեւտրի կտրուկ ակտիվացմամբ (հունվարին ավելացել է 45,5 տոկոսով)։ Ընդ որում՝ դա տեղի է ունեցել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման հաշվին։
Կարդացեք նաև
Շարունակել է ակտիվորեն ավելանալ հայաստանյան ապրանքների մատակարարումը արտաքին շուկաներ։ Տարեսկզբին ներքին տնտեսական միջավայրից առաքվել է 121,5 մլն դոլարի ապրանք, 2016թ. նույն ժամանակահատվածի 89 միլիոնի դիմաց։ Աճը գերազանցել է 35 տոկոսը, ինչը աննախադեպ բարձր ցուցանիշ է։
Դրանում հավանաբար կարեւոր դեր են խաղացել մի շարք ապրանքային շուկաներում վերջին շրջանում արձանագրված դրական դրսեւորումները։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին հանքահումքային ապրանքների, մասնավորապես պղնձի գնի բարձրացմանը։ Նորություն չէ, որ այդ ոլորտի ազդեցությունը մեծ է ինչպես ճյուղի արտադրության, այնպես էլ արտահանման ցուցանիշների վրա։
Տարեսկզբից պղնձի միջազգային գները տատանվում են 5,5¬6 հազար դոլարի սահմաններում։ Մի պահ այն գերազանցեց նույնիսկ 6,1 հազարի սահմանագիծը։
Այժմ միջազգային հարթակում պղնձի տոննայի արժեքը 6 հազար դոլարից մի փոքր ավելին է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2017թ. հունվարին պղինձը գրեթե 1,5 հազարով թանկ է։ Մի բան, որ չէր կարող դրական ազդեցություն չունենալ արտահանման ցուցանիշների վրա։
Ընթացիկ տարեսկզբին հայկական արտահանման համար բարվոք միջավայր է ստեղծվել նաեւ գործընկեր հիմնական երկրներից մեկի՝ Ռուսաստանի շուկայում։ Դա արտահայտվել է հատկապես ազգային արժույթի կայունացման եւ ամրապնդման տեսքով։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մեկնարկը ռուբլին սկսեց կտրուկ արժեզրկմամբ։ Դոլարի գինը գերազանցեց 70 ռուբլու սահմանը։ Հակառակ դրան, այս տարեսկզբին ռուբլին ամրապնդվել է։ Ամերիկյան արժույթի փոխարժեքը ռուսական շուկայում հունվարին եղել է հիմնականում 60 ռուբլուց ներքեւ։ Այն դրական գործոն է արտահանվող ապրանքների մրցունակության բարձրացման համար։ Նամանավանդ հայկական արտահանումն աստիճանաբար սկսել է հարմարվել ռուսական շուկայի նոր պայմաններին։
Արտահանման աճին զուգընթաց այս տարի կտրուկ փոփոխություն է կատարվել ներմուծման ոլորտում, որը մինչեւ վերջերս գտնվում էր անկումային իրավիճակում։ Վիճծառայության տվյալների համաձայն, հունվարին 51 տոկոսով ավելի շատ ապրանք է ներմուծվել Հայաստան, քան անցած տարվա նույն ամսին։ Այն կազմել է 237 մլն դոլար։
Թե ինչի հաշվին է տեղի ունեցել ներմուծման նման կտրուկ փոփոխությունը, դժվար է ասել։ Ամեն դեպքում, վիճծառայությունը դրական դինամիկա է արձանագրել ներքին առեւտրի շրջանառության ոլորտում։ Թե ներմուծման ավելացումը որքանով է կապված դրա հետ, հնարավոր կլինի ասել ավելի ուշ։
Ն. Սարգսյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում