Ընտրական տեղամասում տեղի ունեցող հանցագործությունները հեշտությամբ բացահայտվում են քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության կողմից։ Ընտրական տեղամասում ամենը տեղի է ունենում դիտորդների ու վստահված անձանց աչքի առջեւ։ Սակայն իրավիճակն այլ է տեղամասից դուրս տեղի ունեցող ընտրական հանցագործությունների հարցում, ինչպիսիք են ընտրակաշառքը, ընտրողների կամքի ազատ արտահայտման խոչընդոտումը եւ այլն… Այս հանցագործությունների բացահայտման համար պետք են օրենքով իրավապահներին տրված լիազորություններ։
Մասնավորապես, խոսքը գաղտնալսման, գաղտնի նկարահանման, գործակալների ներդրման, վկաների պաշտպանության եւ այլ մեխանիզմների մասին է։
Իրավապահները, ստանալով ԶԼՄ-ներով տարածվող բոլոր այս ահազանգերը, պետք է քրեական գործեր հարուցեն եւ սկսեն գաղտնալսել թեկնածուների շտաբների աշխատակիցներին, գաղտնի թաքնված լսող եւ տեսագրող սարքեր դնեն շտաբներում, գործակալներ ներդնեն պոտենցիալ ընտրակեղծարարական թիմերում եւ այլն։
Ավելին, ոստիկանությանը, իրականում, ԶԼՄ-ների հրապարակումներն էլ պետք չեն, քանի որ ցանկացած թե թաղային տեսուչ, եւ թե՛, առավել եւս, օպեր-լիազոր ունի ինֆորմացիայի իր աղբյուրները եւ շատ լավ տիրապետում է իրավիճակին (երբ այդպիսի խնդիր է դրվում)։
Կարդացեք նաև
Ընտրակեղծարարների ու կաշառք բաժանողների թիմերը ոչ սիցիլիական մաֆիա են, ոչ էլ հետախուզական դպրոց անցած լրտեսներ։ Բոլորը գործում են համեմատաբար բաց, հանգիստ քննարկում են ամենը հեռախոսով, բոլոր թիմակիցներին ստի դետեկտորով չեն ստուգում եւ ոչ էլ ռադիոալիքների «գլուշիլկաներ» ունեն։
Ընտրակեղծարարները արդյունավետ կերպով պաշտպանված են բացառապես ԶԼՄ-ներից եւ քաղաքացիական հասարակությունից։ Քրեական հետախուզության միջոցներից որեւէ պաշտպանություն չունեն։
Թվարկված միջոցներից յուրաքանչյուրը (գաղտնալսում, գաղտնի նկարահանում/ձայնալսում, գործակալների ներդրում) բավարար է ընտրակաշառք տվողներին ու ստացողներին բացահայտելու համար։
Ավելին, բնականաբար, ընտրակաշառքը վերցնողները ցուցակագրված են, ուր նաեւ նշվում է, թե ով ինչքան է վերցրել։ Հետեւապես, բավականին արդյունավետ կարող է լինել նաեւ շտաբներում խուզարկություն իրականացնելը։
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում