Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեք սերունդ» լուսանկարի երիտասարդ հերոս. «Էդ դիրքերը հաստատ մենք հետ կվերցնեինք». «Հրապարակ»

Փետրվար 22,2017 11:25

Ապրիլյան պատերազմի մասնակից, 23-ամյա ավագ լեյտենանտ Արմեն Գաբրիելյանն արդեն մի քանի օր է՝ պետպատվերի շրջանակներում բուժվում է Զեյթունի սրտաբանական հիվանդանոցում։ Նրան զինվորական հոսպիտալից են ուղեգրել այստեղ։ Եվ դեռ երկար պետք է բուժվի, քանզի խնդիրը բավականին բարդ է՝ հոդերի բորբոքում, որն առաջացել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ՝ «Եղնիկներում» ու Թալիշում դրսում կամ վրանների մեջ, խոնավ ու ցուրտ պայմաններում քնելու հետեւանքով։

Արմենը դասակի հրամանատար է, ապրիլյան պատերազմը հենց սկսվել է, իր ծառայության վայրից՝ «Եղնիկներից», անմիջապես տեղափոխվել է Թալիշ ու մասնակցել մարտական գործողություններին։ Նա, բացի իր մղած հերոսական պայքարից, այդ օրերին ակամա դարձավ մի հիշարժան լուսանկարի հերոս։ Նա «երեք սերունդ» վերնագրված այն հայտնի լուսանկարի երեք սերունդներից մեկն է՝ ամենաերիտասարդ սերունդը, բնականաբար։ Նրա հետ են նաեւ միջին եւ ավելի ավագ սերնդի երկու ծառայակիցներ եւս։ Բայց իրար հետ որեւէ արյունակցական կապ չունեն, պարզապես մի դիրքում են ծառայել, մտերմացել են ու լուսանկարվելու պահին էլ պատահաբար միասին են եղել։

Բուժվելուց հետո Արմենը պատրաստ է նորից անցնել ծառայության, բայց մի մտահոգություն ունի՝ հիվանդությունը կարող է ավելի խորանալ, հիմա պայքարում են, որ դեմն առնեն։ «Ես եղել եմ հակատանկային դասակի հրամանատար, համագործակցել ենք նաեւ հետախուզական վաշտի հետ։ Ինձ տվել են չորս դիրք, որոնք մենք կահավորել ենք հակատանկային ֆագոտի համար, որ հենց տանկ գար, խփեինք»,- պատմեց Արմենը, ում հետ զրուցեցինք այդ օրերից մնացած մի քանի կնճռոտ հարցերի շուրջ։

– Մենք նաեւ 800 հեկտար կորուստ ունեցանք։ Ըստ քեզ՝ հնարավո՞ր էր թույլ չտալ դա կամ գոնե հետո հետ վերցնել կորցրածը։

– Հնարավոր էր, հենց մարտի ընթացքում հնարավոր էր։ Ճիշտ է, շատ զոհեր եղան, բայց, իմ կարծիքով, պետք չէր էլ կանգնեցնել, որովհետեւ, միեւնույն է, Ադրբեջանն էլի սկսելու է, ոնց որ հիմա է սկսել։ Եթե խաղաղեցնող լիներ, ոչ մի մարտական գործողություն չէր իրականացնի դրանից հետո։ Դրա համար ավելի լավ կլիներ՝ հենց էդ ընթացքում, որ սկսել էինք, գնայինք։

Իսկ թե ինչի էդպես եղավ, որ մեզ կանգնեցրին… Էդ դիրքերը հաստատ մենք հետ կվերցնեինք, հաստատ բոլորս էլ պատրաստակամ էինք, իրենցն էլ հետը կարող էինք վերցնել, եթե մեզ թույլ տային։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728