Չորեքշաբթի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ «այցը կդառնա հագեցած հայ-ռուսական երկխոսության տրամաբանական շարունակությունը՝ ուղղված քաղաքական, առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում սերտ համագործակցության հետագա զարգացմանը»:
Կքննարկվեն նաև միջազգային թատերաբեմում համագործակցությանը վերաբերող հարցեր: Ռուսաստանի ԱԳՆ-ից նշել են, որ Մոսկվայի ու Երևանի դիրքորոշումները համընկնում են միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերում :
Ակնկալվում է, որ հանդիպման կարևոր թեմաներից մեկը կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Կարդացեք նաև
Նախատեսվում է, որ Ռուսաստան է այցելելու նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ այդ այցի նախապատրաստման հարցը քննարկվել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի միջև:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ